Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատները մնում են, հարուստները՝ գնում

Հոկտեմբեր 28,2009 00:00

«Հայաստանից վերջին 20 տարվա ընթացքում 1 միլիոն մարդ է արտագաղթել՝ մեր բնակչության 1/3-ը: Միգրանտների 2/3-ը նախընտրել է Ռուսաստանի Դաշնությունը, մոտ 2%-ը՝ ԱՊՀ երկրները, 15%-ը՝ եվրոպական երկրները, իսկ 10 %-ը՝ ԱՄՆ-ն:  Հայաստանին ավելի բնորոշ է էմիգրացիան, այսինքն՝ հայերը սովորաբար տեղափոխվում են այլ պետություններ»,- երեկ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) այս տարվա «Մարդկային զարգացման զեկույցը» ներկայացնելիս՝ ասաց Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ մեր երկրի բնակչությունը հիմա 2 միլիոն է, տիկին Դավթյանը պատասխանեց. «Հաշվարկվել է 3 միլիոն 800 հազար, որից մոտ 1 միլիոնն արդեն լքել է Հայաստանը»:
Անդրադառնալով մյուս երկրներում տեղի ունեցող մարդկային տեղաշարժերին, Ի. Դավթյանը նշեց. «Աշխարհի բոլոր պետությունների քաղաքացիներն էլ փոխում են իրենց բնակության վայրը: Այս տարվա զեկույցի համաձայն, մարդիկ ավելի շատ տեղաշարժվում են, այսինքն՝ փոխում են իրենց բնակության վայրը նույն երկրի ներսում, քան` պետությունից պետություն: Միջազգային տեղաշարժվողների թիվը կազմում է 200 միլիոն, իսկ իրենց երկրների ներսում տեղաշարժվողների թիվը 4 անգամ գերազանցում է միջազգային միգրանտների թվին»:
Նրա խոսքերով, միջազգային միգրանտների մեծ մասը սովորաբար տեղափոխվում է մի զարգացող երկրից մեկ այլ զարգացող երկիր, կամ մեկ զարգացած երկրից՝ մեկ այլ զարգացած երկիր. «Տեղափոխվողների 1/3-ն է միայն զարգացող երկրից տեղափոխվում ավելի զարգացած երկիր: Նրանց մոտ 40%-ը տեղափոխվում է հարեւան երկիր: Միջազգային միգրանտների 48%-ը կանայք են, եւ այս թիվը բավական կայուն կերպով պահպանվել է վերջին հինգ տասնամյակների ընթացքում»: Բացի այդ, տիկին Դավթյանը նշեց, որ չնայած զարգացած երկրների խոչընդոտներին, աշխարհը զգում է միգրացիոն տեղաշարժերի կարիքը. «Զարգացած երկրները խոչընդոտներ են դնում եւ ընդունում են միայն այն մարդկանց, որոնց կարիքը զգում են: Աղքատ երկրների քաղաքացիներն ավելի սահմանափակ են տեղաշարժվում: Բավական է նշել Աֆրիկայի օրինակը, որի բնակչության ընդամենը 1 %-ն է Եվրոպա գնացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել