Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքը շարունակվում է»

Հոկտեմբեր 28,2009 00:00

\"\"Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում հնչած 4 հայտարարություններից 3-ը վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ պատգամավորներին հորդորեց հայտարարություններ չանել. «Հարգելի է պատճառը՝ այսօր բոլորս էլ բավականին մտածումների մեջ ենք, հիշողությունների մեջ ենք, հարգանքի տուրք մատուցելու մեջ ենք»: Սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, դեմ արտահայտվեց առաջարկին. «Ճիշտ հակառակը՝ եթե չասենք այսօրվա խորհրդի հետ կապված ասելիքը, ապա դա՛ կլինի, մեղմ ասած, ոչ հարգանքի տուրք»:
Առաջինը հայտարարություն արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ նախ նշելով. «Հնչած առաջարկի տրամաբանությամբ շարժվելու դեպքում մենք այսօր ընդհանրապես չպիտի նիստ անեինք: Բայց կյանքը, ինչպես եւ աշխատանքը, շարունակվում է»: Եվ հետո սկսեց խոսել Թուրքիայի ԱԳ նախարարի արած հայտարարությունների մասին, որոնց համատեքստում, ըստ Վահան Հովհաննիսյանի՝ «այլեւս հնարավոր չէ փակել աչքերն ու ականջները եւ ասել, որ ստորագրված արձանագրություններում չկա նախապայման»: Նաեւ նշեց. «Այն, որ Հայաստանից պատասխան չի հնչում, հստակ համահունչ է այն հանգամանքին, թե ինչպես Ցյուրիխում մեր ներկայացուցիչը վախեցավ լսել այն, ինչ պատրաստվում էր ասել Դավութօղլուն այնտեղ: Թե ինչու այդ խաղը սկսվեց՝ «առանց հայտարարությունների ստորագրենք», մեզ համար հիմա դառնում է հասկանալի. որովհետեւ թուրքերը պետք է ասեին այն, ինչ ասում են այսօր: Իսկ մենք, ուրեմն, ասելու բան չունեինք. այլապես հնարավորություն կտայինք Դավութօղլուին Ցյուրիխում ասել այն, ինչ ուզում էր, եւ պատասխանել այն, ինչ ուզում էինք»: Նույն՝ «անկախ երկրին ոչ հարիր տրամաբանությամբ» նա բացատրեց նաեւ այն, որ մեր ԱԺ-ն պատրաստվում է արձանագրությունների վավերացմանն անդրադառնալ Թուրքիայից հետո. «Փաստորեն մեր մոտեցումն այս հարցում կախված է լինելու թուրքերի մոտեցումից: Սա պարզապես ամո՛թ է»:
Նույն խնդրին էր նվիրված նաեւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, որը նախ ասաց. «Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգենք նրանց գործը շարունակելով ու մեր Հայրենիքը ճիշտ ուղու բերելով»: Նա հայտարարեց. «Առողջ տրամաբանությունը հուշում է, որ իր երկիրը սիրող իշխանությունները կմոբիլիզացնեին հասարակությանը եւ քաղաքական դաշտին ու կփորձեին կանխարգելել բոլոր անցանկալի քայլերը: Բայց դրա փոխարեն՝ մեր իշխանություններն այնքա՜ն մտան քիրվայության ջերմ մթնոլորտի մեջ, որ արդեն պատռում են Հայաստանի տարբեր քարտեզներ եւ Ցեղասպանության վերաբերյալ նյութեր պարունակող պաստառներ: Մի՞թե «Առաջ Հայաստան» ասելով գնալու ենք պատմություն դարձած թուրքական «եղբայրական գիրկը»: 
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Lարիսա Ալավերդյանը, որպես հայտարարություն, կարդաց Գարեգին Նժդեհի խոսքերը, թե ամենավտանգավորը թուրքական կողմնորոշման ջատագովներն են. «Հոգեբանօրեն հասկանալի է եւ այդ ամօթալի երեւոյթը հայ մտաւորականության որոշ մասի մեջ: Պիտ ներել թրքութեան եւ մօտենալ նրան,- ասում է այդ վերջինը,- քանզի ճակատագրւած է նրա անմիջական դրկիցը լինել, տկար հարեւանը: Մտքի եւ հոգու ինչպիսի աղքատութիւն:
Հեռատես դիւանագէտ չէ խօսողը, այլ՝ ծանօթ պարտւողականը, որ չի ամաչում ծիծաղելի դառնալ իր ողբերգանքի մեջ»:
Իսկ Անահիտ Բախշյանը հայտարարության մեջ մեջբերեց 1997-ին ՀՀԿ համագումարում Յուրի Բախշյանի ելույթից մի հատված. «Համոզված ենք, որ կայունության, միասնության պայմաններում է, որ մենք կարող ենք արտաքին ճնշումներին ոչ միայն ընդդիմանալ, այլեւ սկզբունքային հարցերում մեր դիրքորոշումն արտահայտել այնպես, որ դիմացինը հասկանա, որ զիջումների մասին խոսք անգամ չի կարող լինել եւ, տեսնելով այդ միասնական կամքի դրսեւորումը՝ նրանք ստիպված կլինեն փոխվել»: Եվ հավելեց. «Անցել է 10 տարի, սակայն այս խոսքերն առավել քան արդիական են հնչում: Ցավոք, ակնհայտ է, որ Յուրայի կուսակիցներն իր կոչին մնացել են անհաղորդ, եւ արտաքին ճնշումներն են այսօր թելադրում մեր պատմությունը»: Անահիտ Բախշյանը նաեւ նշեց. «Հավատացած եմ, որ իշխող կուսակցության քաղաքական դիրքորոշման վերանայման պահանջի իրականացումը հարգանքի տուրք կլինի ոչ միայն հայ ժողովրդի զոհերի հավաքական հիշատակին եւ 1999-ի ահաբեկչության զոհերին, այլեւ հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի հանդեպ իշխանությունների վրա՝ Սահմանադրությամբ դրված պարտականությունների իրականացումը կբացի այն ճշմարիտ ուղին, որին այդպես հավատում էին 8-ը, մասնավորապես՝ Յուրան»:
Սա վերջին հայտարարությունն էր: Նիստը ավարտվեց հենց այն պահին, երբ 10 տարի առաջ, այդ օրը դահլիճ էին ներխուժել ահաբեկիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել