«Բարու հաղթանակը չարի նկատմամբ». այսպես բնութագրեց ԱԺ այգում երեկ բացված արձանի ոգին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Եռաբլուր հասա տաքսիով: Վարորդը զարմացավ, թե առավոտ այդքան վաղ ի՞նչ եմ կորցրել Եռաբլուրում: Երբ ասացի, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-ամյակն է, նախկին ազատամարտիկ վարորդը զարմացած ղեկը ձեռքից բաց թողեց. «Տասը տարի անցա՞վ»: Փաստորեն՝ անցավ։ Վաղ առավոտից Եռաբլուրում կարգ ու կանոն էր, ճերմակ մեխակներ էին դրված Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ զորավարի հուշաքարերին, տարածքը խնամված էր, եւ եկեղեցու մոտ հատուկենտ ազատամարտիկներ էին հավաքվել: Հետո կամաց-կամաց մարդկանց հոսքը մեծացավ: Հավաքվածները սպասում էին հանրապետության նախագահին: Ոմանք հիշեցին, որ նախկին նախագահը հոկտեմբերի 27-ին սովորաբար ինչ-որ տեղ էր մեկնած լինում եւ զոհերի հիշատակը չէր հարգում Եռաբլուր եւ Պանթեոն այցելելով:
Մինչ նախագահի ժամանելը, Եռաբլուր եկավ, գրեթե առաջինը՝ Վլադիմիր Մովսիսյանը։ «Առավոտը» նրան մի քանի հարցեր տվեց. «Լավ է, որ նրանց շիրիմների ճանապարհը չի դառնում բարձիթողի, ժողովուրդը հիշում է նրանց, եւ ես էլ տասը տարի ամեն օր լինում եմ այստեղ, տեսնում եմ՝ բազմաթիվ մարդիկ են գալիս եւ գալիս են ոչ թե պարտադրված, այլ հարգանքի տուրք տալու համար: Որովհետեւ եւ Վազգեն Սպարապետը, եւ Կարեն Դեմիրճյանը, եւ բոլոր զոհերը մեծ ծառայություններ ունեն մեր ազգի, մեր ժողովրդի առջեւ»,- ասաց Վլադիմիր Մովսիսյանը: Նա վստահ է, որ «մենք այսօր ուղիղ ճանապարհի վրա ենք, եւ ամեն տարի մեկ քայլ առաջ գնալով մեր ժողովուրդը կվերականգնի եւ իր տնտեսությունը, եւ իր հավատը ապագայի հանդեպ»: Մեր հարցին՝ այդ ուղիղ ճանապարհը նմա՞ն է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի պատկերացրած ճանապարհին, պարոն Մովսիսյանն ասաց. «Ոչ մեկի ճանապարհը մյուսին նման չի լինում, ամեն մեկն ունի իր ոճը, իր ասելիքը, իր կազմակերպական ունակությունները: Ես գտնում եմ՝ ռազմավարական առումով մենք գնում ենք այն նույն ճանապարհը, որով գնում էին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը, տակտիկական առումով տարբերություններ կարող են լինել»: ՀՀ նախագահից առաջ եկան ՍԴ նախագահը, ՀՀ գլխավոր ոստիկանապետը, ԱԱԾ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը եւ այլ պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանը նախ բարեւեց բոլորին, մարդիկ ողջունեցին նախագահին, ապա ճերմակ մեխակներով թափորը շարժվեց դեպի Վազգեն Սարգսյանի հուշարձան: Խոնարհվեցին՝ ի նշան հարգանքի: Արարողությունն անցավ լուռ եւ խորհրդավոր: Չկային ծաղկեպսակներ, ամեն ինչ զուսպ էր եւ համեստ: Եռաբլուրից նախագահը ուղեւորվեց Ազգային ժողով, որտեղ երեկ բացվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությանը զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչներ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը: ԱԺ տարածքում ահագին բազմություն էր հավաքվել: Ի դեպ, առաջին անգամ վերջին տասնամյակում երկրի նախագահը այցելեց այս հուշարձան (նախկինում այստեղ հուշակոթող էր) եւ հարգեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Հուշարձանի բացման արարողությունից հետո նախագահը մոտեցավ զոհերի հարազատներին, սեղմեց նրանց ձեռքերը:
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ վարչապետ եղած ժամանակ եւս Սերժ Սարգսյանը մասնակցեց Կարեն Դեմիրճյանի թանգարանի բացմանը: Տիկին Ռիմա Դեմիրճյանը երեկ հայտարարեց, որ ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվել: Նաեւ ասաց, որ հուշարձանը պետք է բացվեր շատ ավելի վաղ. «Բայց լավ է գոնե, եթե չեն արել նախորդ ԱԺ-ները, ներկայիս ԱԺ-ն, նրա ղեկավարությունը ձեռնամուխ է եղել այս միջոցառմանը, արձանի կայացմանը: Դա ողջունելի է»: Տիկին Դեմիրճյանին արձանը դուր էր եկել, եւ ասաց, որ այն ճիշտ է մտածված: Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ 27-ի ոճրագործությունը «սասանեց մեր պետականության հիմքերը, նա երկրաշարժի նման ավերեց եւ պառակտեց մեր հասարակությունը, որի հետեւանքներն այժմ էլ մենք կրում ենք: Շատ հարցեր մնացին չբացահայտված, չավարտված, եւ թողնելը դրանք ապագա սերունդներին սխալ է: Դա պետք է մենք անենք, պետք է մինչեւ վերջ բացահայտել այդ ոճրագործությունը»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ «ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների անցած ուղին» լի էր «չարին դիմագրավելու, հայոց պետականության սուրբ գաղափարներն իրագործելու վճռականությամբ, ձգտումով եւ նվիրումով»: Խոսքն ավարտեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայ ժողովրդին հղած ուղերձի այս հատվածով. «Հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում եւ ուժեղ է իր զավակներով: Մեր նահատակների հիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն եւ ամուր պետականություն, հզոր ու բարգավաճող երկիր, ողջ հայության երազանքների ծնունդը դարձած հայրենիք: Այսօր, առավել քան երբեւէ, մեր ժողովրդին միաբանություն է պետք, մեր հավաքական ինքնությունը պետական կյանքին հասու դարձնելու կարողություն է պետք: Սա է ապագայի մեր ճանապարհը»: