Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանը կբացվի, վավերացումը կձգձգվի

Հոկտեմբեր 28,2009 00:00

Երեկ կանխատեսեց ՌԱՀՀԿ կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նոր է վերադարձել Թուրքիայից եւ երեկ «Հայ-թուրքական հարաբերությունների բնականոնեցման հեռանկար. վերջին նորություններ Թուրքիայից» թեմայով զեկույց կարդաց, որում «շատ իրական» համարեց հայ-թուրքական սահմանի բացումը: Իր այս տեսակետը Ռիչարդ Կիրակոսյանը հիմնավորեց նրանով, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն վերջերս իր ելույթներում աշխատում է դրական մթնոլորտ ստեղծել, որը մասնավորապես վերաբերում է սահմանի բացման խնդրին: Բացի այդ, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ սահմանի բացման իրատեսականությունը բացատրվում է նաեւ նրանով, որ թուրք գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ:
Նա նշեց, թե Թուրքիայի զինված ուժերում կան մարդիկ, որոնք դեմ են սահմանի բացմանը, բայց Շեիիդների ծառուղուց թուրքական դրոշները հանելու պատմությունից հետո նաեւ բարկացած են Ադրբեջանի վրա: Ռիչարդ Կիրակոսյանը համամիտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնեցմանն ուղղված գործընթացում սեպ է խրվել թուրք-ադրբեջանական հարաբերություններում. «Մեկ ազգ, երկու պետություն կոնցեպտը խիստ թուլացել է, եթե չասենք, որ վերացել է: Հայ-թուրքական դիվանագիտությունն ազդել է թուրք-ադրբեջանական դիվանագիտության վրա, եւ Թուրքիան արդեն կորցրել է Ադրբեջանին»:
ՌԱՀՀԿ կենտրոնի ղեկավարը նաեւ նշեց. «Բացի դիվանագիտության ու քաղաքականության ասպարեզներում Թուրքիայի կատարած աշխատանքից՝ որոշակի շարժ է նկատվում մշակութային կյանքում: Թուրքիան հանդես է գալիս նաեւ մշակութային նախաձեռնությամբ»: Նա նկատեց, որ վերջերս Վանում, Անիում ու Կարսում մշակութային միջոցառումներ են իրականացվում, գրքերի ցուցահանդեսներ ու տեսանյութերի դիտումներ են կազմակերպվում:
Այսուհանդերձ՝ կանխատեսեց. «Ամենայն հավանականությամբ, վավերացման գործընթացը կձգձգվի»: Ըստ նրա, այդպիսով Թուրքիան կփորձի սահմանը բացելու հարցում իր դերը հասցնել առավելագույնի:
Ի դեպ, Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ անդրադարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սփյուռքում ունեցած հանդիպումներին: Դրանցով, ըստ նրա՝ ՀՀ նախագահը ցույց տվեց, որ ինքը Սփյուռքին մեծ կարեւորություն է տալիս: «Ես կարծում էի, թե դա սխալ է, թե անհնար է ազդել մտքերի վրա, որ դա ի սկզբանե պարտվողական քայլ է: Սակայն ես, փաստորեն, սխալվեցի: Նախագահը, մեկնելով Սփյուռքի հետ հանդիպման, դրանով իսկ մարտահրավեր նետեց նրանց, որին նրանք այդպես էլ չկարողացան պատասխանել: Նա նրանց ասաց՝ դուք դե՞մ եք արձանագրություններին, դե՞մ եք կարգավորմանը: Այդ դեպքում ուրեմն ինչի՞ օգտին եք դուք հանդես գալիս: Ո՞րն է ձեր այլընտրանքը: Փա՞կ պահել սահմանները: Չհամագործակցե՞լ Թուրքիայի հետ: Դա այլընտրանք չէ քաղաքականությունում: Եվ Սփյուռքը ոչինչ չգտավ պատասխանելու»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նա ընդգծեց, թե Հայոց ցեղասպանության գործոնը, վերածվելով միակ սեւեռուն գաղափարի, չի կարող ծառայել որպես դրական խթան:

Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի նկատմամբ նման լավատեսական վերաբերմունք ունեցող Ռիչարդ Կիրակոսյանը ղեկավարում է մի կենտրոն, որը հիմնադրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հանդես է գալիս հայ-թուրքական արձանագրությունների արմատական քննադատությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել