Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՎ 10-Ի ՏԻՏԱՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 28,2009 00:00

Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում 2010 թվականի հունվարի 10-ին մեծամասնական ընտրակարգով կայանալիք լրացուցիչ ընտրությունների համար երեկ սկսվեցին առաջադրումները:

\"\"\"\"

Այդ փուլը կավարտվի նոյեմբերի 1-ին: Երեկ արդեն առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել շրջանառվող խոսակցությունները, որ ինքն ինչ-որ փուլում սատարելու է ՄԻԱԿ-ի առաջադրած թեկնածուին՝ դրանք որակելով «անանուն եւ անաղբյուր», հետեւաբար՝ «ապատեղեկատվություն»: «Ապատեղեկատվությունը մեկնաբանել ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում»,- ասաց նա: «Առավոտի» դիտարկմանը՝ մարտական տրամադրությամբ գնում եք հաղթանակի՞, հակադարձեց՝  «կասկածո՞ւմ եք»: Այս առաջադրումով պարոն Հովհաննիսյանը փորձելու է ընտրողների առջեւ իր մեղքը քավել. «2007-ի խորհրդարանական ընտրություններին անհատապես թեկնածությունս չեմ առաջադրել՝ նախապատվություն տալով թիմային պայքարին, եւ ընտրողները հնարավորություն չեն ունեցել հասցեագրված, անձնապես իմ օգտին քվեարկելու: Դրա համար ընտրողներիս առջեւ ինձ մեղավոր եմ զգում: Հիմա այդ հնարավորությունն ընձեռված է, եւ ես դա իմ պարտքն եմ համարում»:
Հաղթանակի իր հնարավորությունները զրուցակիցս 100 տոկոս է գնահատում: Իր՝ նման համոզմունքն էլ բխում է ընտրողների այն վերաբերմունքից, որին խորհրդարանական գործունեությամբ չզբաղվելու անցած երկու տարիների ընթացքում պարոն Հովհաննիսյանն արժանացել է. «Ես համոզվել եմ, որ իմ՝ խորհրդարանում աշխատելը հասարակական լուրջ պահանջ է»: Իբրեւ ասվածի վկայություն, նա բերում է  «իմ ջանքերի շնորհիվ՝ թեկուզ մասնակի լուծում ստացած»՝ խնայբանկում մնացած ավանդների վերադարձման հարցը, երբ սոցիալական նպաստներ ստացող ավանդատուները հնարավորություն ունեին որոշակի գործակցով վերադարձնել իրենց ավանդները. «Այդ հնարավորությունից նրանց այս տարի զրկել են, բյուջեով նախատեսված չէ: Փաստորեն, իմ բացակայությունը խորհրդարանում արդեն իսկ իր բացասական հետեւանքներն ունեցել է, որովհետեւ քանի ես կայի, մարդիկ չէին կարող խույս տալ իրենց խոստումների կատարումից: Ես մեր քաղաքացիների անունից պահանջատեր եմ լինելու բոլոր կուսակցական խմբակցությունների հետ փոխհարաբերություններում՝ նախընտրական խոստումների կատարման հարցում: Եթե խույս տան՝ ապա կհայտնվեն այն նույն վիճակում, որում հայտնվեցին ձեզ հայտնի խմբակցությունները ժամանակին, երբ ես պատգամավոր էի: Ես գործով եմ ապացուցել, որ միայնակ կարելի է ճակատ տալ բոլոր խմբակցություններին ու նրանց ի նպաստ քաղաքացիների լուծումներ պարտադրել»: Եթե, այնուհանդերձ, ընտրություններում չհաղթի՝ Հմայակ Հովհաննիսյանը ծանր չի տանի, քանի որ կարծում է, որ անկուսակցական քաղաքական գործիչը պետք է օգտագործի իրեն ընձեռված հնարավորությունները:
Անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելուն՝ Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ Սուքիասյանի քայլը շատ լուրջ էր, եւ դա պետք է օրինակ հանդիսանա մնացյալ գործարար-խորհրդարանականների համար, որպեսզի տեղը զիջեն պրոֆեսիոնալ խորհրդարանականներին, ավելի բարձր կրթական ցենզ ունեցող մարդկանց՝ դնելով ազգային պառլամենտարիզմի հիմքերը՝ ձերբազատվելով կոճակ սեղմելու պարտավորություններից, ազատել տնտեսությունը քաղաքական պատվերի գերին դառնալուց:
Իսկ մարքսիստ Դավիթ Հակոբյանն իր առաջադրման առիթով Կենտրոնի իր ընտրողներին բաշխեց հետեւյալը. «Վերջապես մարքսիզմի ծանր հրետանին երկար ու բարակ խորհելուց հետո խարիսխ գցեց 10-րդ ընտրատարածքում՝ հայոց 12-րդ մայրաքաղաքի սրտում: Այդտեղ է խտացված ազգի ողջ քաղաքական բանականությունը: Կարծում եմ՝ եկել է իմ աստեղային ժամըո իմ քաղաքական հեղինակությունն ապագայում: Արդյոք կարո՞ղ է ազգը քաղաքական երկունք ապրել եւ ժամանակի ու պատմության արգանդից նոր անհատականություններ ուղարկել պառլամենտարիզմի ինստիտուտ, թե՞ ոչ: Մի բան հաստատ է. ոչ ոք մարքսիզմի հաղթարշավը դեպի հայոց պառլամենտարիզմի ինստիտուտ այլեւս կանգնեցնել չի կարող, ինչպես Քրիստոսի հաղթարշավը դեպի Երուսաղեմ: Սա կլինի մեր Գարգամելան (Մակեդոնացու ճակատամարտերից-Ն. Գ.)»:
Ի դեպ, նախորդ օրը՝ ամսի 26-ին, Ազնավուրի հրապարակում այդպես էլ չկայացավ Հայաստանի առաջադիմական կուսակցության հրավիրած հանրահավաքը, որտեղ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը պետք է հայտարարեր իր առաջադրման կամ չառաջադրման մասին: Քաղաքապետարանն իրազեկումը մերժել էր, քանի որ խախտվել էին այն ներկայացնելու ժամկետները: «Բավականաչափ ժամանակ կար, որպեսզի քննարկեին, համոզվեին եւ թույլ տային, որպեսզի միջոցառումը տեղի ունենար, այնպես, ինչպես բազմաթիվ անգամներ տեղի ունեցել է: Առայժմ չեմ ցանկանում փակագծերը բացել»,- «Առավոտին» փոխանցեց Ուրիխանյանը: Ինչ վերաբերում է առաջադրմանը՝ «Հնարավոր չէ՝ ես չառաջադրվեմ, եթե լինի առաջադրում ՄԻԱԿ-ի կողմից: Այդ հայտարարությունն անելու համար այլեւս որեւէ հանրահավաքի կարիք չի լինի»։ Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը «տրադիցիոն» առաջադրվողներին՝ «ովքեր կես ժամը մեկ ընտրատարածք են փոխում», խոստանում է մրցանակներ բաշխել. «Առաջինն ինքնաբացարկ անողին՝ առաջին տեղ, երկրորդին՝ երկրորդ, երրորդին՝ երրորդ։ Մրցանակներն են՝ միանվագ գումարային նպաստ եւ արժեքավոր նվերներ։ Նման անլուրջ մոտեցումով անլուրջ են դարձնում ընտրական գործընթացը եւ առաջադրման համար մտածելու տեղիք են տալիս»,- նկատի ունենալով մարքսիստին՝ ասաց նա։  
Քանի որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստը նախորդ օրն ընդմիջվել էր եւ կշարունակվի այսօր, հետեւաբար թիվ 10-ի հավանական թեկնածուներից Սուրեն Սուրենյանցն էլ իր վերջնական դիրքորոշումը հարցի առիթով այսօր կարտահայտի։ Վահան Բաբայանի դիրքորոշումը նույնպես հստակեցված չէ, քանի որ ՄԻԱԿ-ում հարցը երեկ ուշ երեկոյան պետք է քննարկվեր: Հետաքրքիրն այն է, որ նախագահից ակնկալվող «դաբրոն» իշխանական թեկնածուներից եւ որեւէ մեկն այդպես էլ մինչ օրս չի ստացել, ուստի ստիպված են որոշումներ կայացնել վերջին պահին եւ հապշտապ:
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան «Առավոտին» հայտնի դարձավ, որ թիվ 10 ընտրատարածքում այսօր քաղաքացիական նախաձեռնությամբ կառաջադրվի նաեւ դերասան, ներկայումս Մալաթիա-Սեբաստիա համայնքի մշակույթի տան տնօրեն Վլադիմիր Կոստանյանը։ Ըստ որոշ խոսակցությունների, նրան աջակցելու են անհատներ՝ ընդդիմադիր շրջանակներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել