Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՆՑԱՎ

Հոկտեմբեր 28,2009 00:00

\"\"Իսկ կասկածները մնացին

«Հանցավոր այս ռեժիմը ձեւավորվել է ոչ միանգամից: Նրա սկզբնավորումն ուղղակիորեն կապված է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Նման համակարգի գոյությունն անհնար էր Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական դաշինքի առկայության պայմաններում, քանի որ խորհրդարանի մեծամասնությունը եւ կառավարությունը գտնվում էին նրանց լիակատար հսկողության տակ: Իսկ սա մի այնպիսի լուրջ հակակշիռ էր, որը ոչ միայն անհնար էր դարձնում գործող նախագահի կողմից որեւէ օրինախախտում, այլեւ վերջինիս լիազորությունները հավասարեցնում էր Անգլիայի թագուհու կարգավիճակի: Հոկտեմբերյան սպանդն էր, ահա, այն գլխավոր հանգրվանը, որը բացեց քոչարյանական ռեժիմի ձեւավորման ու զարգացման լայնահուն ճանապարհը»,- դեռ 2007թ. հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001թ.-ին եւ տեւեց շուրջ 3 տարի: Աշխարհացունց բացահայտումներ չեղան, որովհետեւ այն ժամանակ գործող իշխանության վերնախավը հոգ էր տարել, որ մինչ այդ կալանքից ազատ արձակվեն «27»-ի կազմակերպմանն առնչություններ ունենալու մեջ հիմնավոր պատճառներով կասկածվող անձինք՝ Նաիրի Բադալյանը, Ալեքսան Հարությունյանը, Հարություն Հարությունյանն ու Մուշեղ Մովսիսյանը, որոնք, նախաքննական մարմնի կարծիքով, կարող էին մատնացույց անել ԱԺ-ում տեղի ունեցած սպանդի կազմակերպիչներին: Սրա դեմ, ի դեպ, դեռ այն ժամանակ հիմնավորապես առարկել էր նաեւ գործի նախաքննությունն իրականացնող մարմինը: Ավելի ուշ «Հոկտեմբերի 27»-ի մայր գործից անջատված քրգործը, որի նպատակն էր բացահայտել հնարավոր կազմակերպիչներին կամ դրդողներին, կարճվեց՝ առանց լուրջ ու հիմնավոր պատճառաբանությունների, թեեւ ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանական ճամբարը ներկայացնող պատգամավորներն էին իրենց դատաքննական ցուցմունքներում համոզմունք հայտնել, թե «27»-ը կազմակերպված է եղել, իսկ դատվող 5 ահաբեկիչները՝ ընդամենը գործիք:
Այդ կասկածները տասը տարի անց էլ դեռ չեն փարատվել, ու դրա մասին «27»-ի զոհերի հարազատները խոսել են նաեւ երեկ՝ Կոմիտասի անվան Պանթեոնում եւ Եռաբլուրում, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել Ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց առաջնորդի՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցելու համար նախ այցելեցին Կարեն Դեմիրճյանի, ապա նաեւ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Առաջին նախագահը երեկ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Էս տասը տարվա ընթացքում քանի անգամ եմ խոսել դրա մասին: Ամեն ինչ արդեն ասված է»: Ոճրագործության մասին խոսելուց հրաժարվեց նաեւ «27»-ի գործի նախաքննությունը ղեկավարած նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Բայց նա այդ գործի մասին խոսել էր դեռ 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ. «Ես ինքս ինձ հետ ազնիվ չէի լինի, եթե «27»-ը չքննարկեի ձեզ հետ: Ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին: «27»-ից անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվեց եւ կարճվեց քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով, եւ այդ անջատված մասով քննությունն արգելվում է»:
«Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտված չլինելու, նաեւ դրա կազմակերպիչների ինքնության շուրջ առկա կասկածների մասին երեկ խոսեցին միայն զոհերի հարազատները՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չի բացահայտվի, քանի դեռ իշխանության ղեկին է այս համակարգը». սա Ստ. Դեմիրճյանի դիտարկումն է։ Նա պնդում է, որ 10 տարի անց էլ այդ դաժան սպանդի հետեւանքները դեռ հաղթահարված չեն, իսկ գնահատականներ բազմիցս են հնչեցվել, մասնավորապես այն, որ իշխանությունների կողմից ոչինչ չէր արվել ոճրագործությունը կանխելու համար, եւ հակառակը՝ ամեն ինչ արվել էր հանցագործությունը կոծկելու համար:
Իսկ Ա. Սարգսյանը երեկ էլ հայտարարեց, թե սպանդի կազմակերպիչների վերաբերյալ իր կասկածները չեն փարատվել, եւ նրանց, ում ինքը կասկածում էր, շարունակում է կասկածել նաեւ այսօր, որովհետեւ մինչ օրս ոչինչ չի արվել այդ կասկածները փարատելու համար: Իսկ կոնկրետ ո՞ւմ է կասկածում: Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց. «Նրանց, ում դահլիճից զանգել են ահաբեկիչները, այն մարդկանց, ովքեր ամեն ինչ արեցին, որ «Հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի»: Նրա ասելով, դժբախտությունն այն է, որ այսօր գործող իշխանություններն էլ՝ ի դեմս ՀՀԿ-ի, եւս չէին բացառում, ավելին՝ պնդում էին, որ ահաբեկչությունը կազմակերպված էր «դրսից». «Չեմ բացառում: Բայց կարծում եմ, որ ՀՀԿ-ն դա հայտարարում էր իր դեմքը ժողովրդի առաջ պահպանելու համար: Այսօր  նրանք ամբողջական իշխանություն ունեն. խորհրդարանում իրենք են, հանրապետության նախագահն էլ  իրենցն է, եւ իրենք հայտարարում են, որ Վազգեն Սարգսյանի ընկերներն են: Դե, թո՛ղ դնեն, բացահայտեն: Չասեն՝ այդ 5-ն էին: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, այն ժամանակ Սերժ Սարգսյանը չէր կարծում, որ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպիչներ չունի: Համենայնդեպս, ինձ այդպես ասել է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել