Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁԻ ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՈՒՄԸ

Հոկտեմբեր 27,2009 00:00

Սեռական բնազդի եւ սեռական պահանջմունքների, այսինքն՝ բնածին, գենետիկորեն պայմանավորված մեխանիզմների դրսեւորումը սեռական հակում է (լիբիդո): Այն յուրահատուկ զգացողություն է, որը մղում է անձին սեռական մերձեցման: Սեռական հակումը, ի տարբերություն կենսական կարեւոր պահանջմունքների, ի հայտ չի գալիս ծնվելուց անմիջապես հետո, այլ ձեւավորվում է սեռահասունացման ընթացքում եւ անհետանում սեռական ֆունկցիաների մարման հետ մեկտեղ: Մարդու սեռական հակման բավարարման գործընթացը միշտ աչքի է ընկնում որպես գիտակցական, նպատակաուղղված գործունեություն: Մարդը կարող է բավարարել սեռական հակումը՝ նկատի չունենալով տեսակի պահպանումը: Նրա սեռական հակումը ենթարկվում է բարձրագույն նյարդային դրսեւորումներին՝ գիտակցությանը եւ կամքին: Առաջին հերթին սեռական հակումը կապված է ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, ամորձիներ, ձվարաններ, մակերիկամներ, վահանագեղձ) եւ գլխուղեղի մի շարք գոյացությունների (օրինակ՝ տեսաթմբեր), ինչպես նաեւ գլխուղեղի կեղեւում ձեւավորվող սեռական բնույթի պայմանառեֆլեքսային համալիրների հետ: Սեռական հակումը, լայն իմաստով, ունի բնածին էներգիական բաղադրամաս՝ նյարդային համակարգի ու հումորալ գործոնների՝ արյան մեջ պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերի փոխազդեցությամբ եւ, այսպես կոչված, սեռական դոմինանտով պայմանավորված: Այս մեխանիզմները կարող են ձեւավորվել սեռական ոլորտի հասունության միայն որոշակի մակարդակի դեպքում: Եթե որեւէ խանգարման հետեւանքով սեռական ոլորտը չի հասունանում, արտաքին ոչ մի խթանիչ գործոն չի կարող սեռական հակում արթնացնել: Միեւնույն ժամանակ, մանկավարժները եւ ծնողները պետք է ջանան կանխել սեռական հակման վաղ արթնացումը: www.doctors.am-ի սեռական հակման (ինչպես նաեւ սեռական ակտիվության այլ դրսեւորումների) վերաբերյալ խիստ բնութագրական նորմեր գոյություն չունեն: Սեռական հակման պայմանական, անհատական նորմ կարելի է համարել հասուն տարիքում նրա արտահայտվածությունը, երբ սեռական կյանքը բնորոշվում է առավելագույն ներդաշնակությամբ, քանի որ սեռական հակումը պատանեկան տարիքում ուժեղացած է, մեծ տարիքում՝ թուլացած: Տղամարդկանց սեռական հակման փոփոխություններն ազդում են սեռական ակտիվության բոլոր դրսեւորումների (առնանդամի լարում, սերմնաժայթքում, հեշտանք) վրա: Կանանց լիբիդոյի որոշակի պարբերականությունը կապված է դաշտանային ցիկլի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել