Վերջերս Լոռվա մարզում անցկացված կառավարության արտագնա նիստում ընդունվեց «Հյուսիսային դարպաս» ծրագիրը՝ որպես Հայաստանում զբոսաշրջության զարգացման ծրագիր:
Դրանում զբոսաշրջային կենտրոններ ընդգրկվեցին մարզի վեց համայնքներ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվելու են սոցիալ-տնտեսական, մշակութային, մարզական եւ այլ համալիր ծրագրեր՝ սկսած սովորական զբոսաշրջությունից, մինչեւ էկո, մարզական, էքստրեմալ տուրիզմը, պատմամշակութային եզակի հուշարձանների գործունեության ակտիվացումը, դրանք աշխարհին ճանաչելի եւ հասու դարձնելը:
Ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված առաջին քայլը եղան Ախթալայի եւ Ալավերդիի քաղաքապետարանների, Լոռվա մարզպետարանի, էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համատեղ միջոցառումները, որոնք տեւեցին երեք օր, եւ որոնց անցկացմանն աջակցեցին նաեւ այլ կազմակերպություններ:
Մասնավորապես, Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի անկախացման պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց «Բարեկամության կամուրջ» անվանումը կրող խճուղային եռօրյա միջազգային հեծանվավազքը, որին իրենց մասնակցությունը բերեցին Իրանի, Վրաստանի եւ Մոլդովայի շուրջ քառասուն մարզիկներ: Ալավերդի քաղաքի կենտրոնում գտնվող 13-րդ դարի կամրջից տրվեց երեք առանձին մեկնարկ, որոնցից յուրաքանչյուրը եզրագիծը հատեց միջնադարյան հոգեւոր եւ ճարտարապետական եզակի կոթողների՝ Օձունի, Հաղպատի եւ Ախթալայի եկեղեցական համալիրների մատույցներում: Վերջին օրը մրցումների ավարտից հետո հենց Ախթալայի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու բակում «Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին ասաց. «Ֆեդերացիան բավականին ջանք, եռանդ ու միջոցներ էր տրամադրել այս մրցումը նախապատրաստելու եւ անցկացնելու համար: Մեր առաջնահերթ նպատակներն էին՝ մարզաձեւը հանրապետության հյուսիսային տարածաշրջանում զարգացնելը, սպորտի միջոցով մեր հարեւան երկրներին Հայաստանի պատմամշակութային արժեքներին ծանոթացնելը: Հրավերներ ուղարկել էինք նաեւ այլ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիա: Սակայն վերջինները՝ պատճառաբանելով, որ նախապես նույն ժամանակահատվածում այլ մրցումներ ունեն պլանավորած, հրաժարվեցին: Իսկ ինչ վերաբերում է ժամանած երկրներին, դրանցից ոմանք ֆինանսների սղության պատճառով ի վիճակի չեղան ավելի բազմանդամ թիմերով ներկայանալ: Այդուհանդերձ, միջազգային այս անդրանիկ մարզական միջոցառումը հաջողվեց: Հարեւան երկրները բավականին ուժեղ կազմեր էին գործուղել, ինչն էլ նպաստեց մրցումների բարձր որակի ապահովմանը: Ֆեդերացիայի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս պատասխանատու նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում: Նաեւ նրանց շնորհիվ էր, որ հնարավոր եղավ բոլոր մասնակիցներին եւ հյուրերին ապահովել բնակության վայրով, որակյալ սննդով, սահմանել մրցանակային նորմալ ֆոնդ: Վստահ ենք, որ արդեն հաջորդ տարի կժամանեն ավելի շատ երկրներ ու թիմեր, եւ անելու ենք հնարավոր ամեն բան, որպեսզի այս հեծանվավազքը դառնա ավանդական»: Պարոն Բերեզովսկին տեղեկացրեց նաեւ, որ այս մրցումներին հյուր են եղել Իտալիայից վետերանների «Գրանդ Ռոմա» հեծանվային ակումբի՝ 80 եւ Շվեյցարիայից՝ երկու ներկայացուցիչներ, որոնք, սկսած 1980 թվականից, ամեն տարի ոչ միայն տուրիստական, այլեւ կիսամարզական հեծանվային ճանաչողական արշավներ են կազմակերպում աշխարհի տարբեր երկրներ: «Նրանք ոգեւորված են այս միջոցառմամբ, մեր պատմական հուշարձաններով, այստեղի բնությամբ: Եվ արդեն ծրագրում են եկող տարի հեծանվային արշավ կազմակերպել նաեւ Ղարաբաղ, ինչու չէ, նաեւ կազմակերպել իրենց երկրների հեծանվորդների մասնակցությունը մեր մրցումներին»,- եզրափակեց Ա. Բերեզովսկին:
Ավելացնենք նաեւ, որ մրցումների ընթացքում բարեկամության հուշագիր ստորագրվեց Ալավերդի եւ Քոբուլետի քաղաքների միջեւ, իսկ մրցումների վերջին օրը Ախթալայի քաղաքապետարանը վերածեց համաժողովրդական մի տոնախմբության՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպելով խորովածի հանրապետական մրցույթ-փառատոն, որին մասնակցեցին ոչ միայն հանրապետության ու Վրաստանի առաջնակարգ ռեստորանների խոհարարներ, այլեւ խոհարարական ուսումնարանների սաներ, եղան հանրապետության ճանաչված եւ սկսնակ գեղանկարիչների աշխատանքների ցուցադրություններ, ժողովրդական եւ ազգագրական համույթների կատարմամբ համերգներ, ազգային ու մասսայական տարբեր մարզաձեւերի՝ հանպատրաստից մրցություններ: