Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 27,2009 00:00

\"\"Սերբիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Երեկ կայացած 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերը չափելու էր Ֆրանսիայի թիմի հետ, իսկ մեր աղջիկների մրցակիցը լինելու էր Ադրբեջանը:

Սովորաբար նման մակարդակի մրցումներում ավելի հաջող են հանդես գալիս մեր օլիմպիական չեմպիոն տղաները, բայց այս \"\"անգամ ուրախալի է, որ Եվրոպայի առաջնության, համենայնդեպս՝ առաջին հատվածը վերելքով են անցկացնում նաեւ աղջիկները: Մարզիչ Արսեն Եղիազարյանի սանուհիները մեկը մյուսի ետեւից պարտության մատնելով Իտալիայի՝ 2,5:1,5, Սլովենիայի՝ 3:1, եւ Լեհաստանի՝ 3:1, ընտրանիներին՝ չորրորդ տուրում հանդիպեցին միանձնյա առաջատար Վրաստանի հետ եւ միայն համառ պայքարում զիջեցին նվազագույն հաշվով՝ 1,5:2,5: Այդ պարտությունից հետո հայաստանցի աղջիկները մրցաշարային աղյուսակում թիմային 6,0 եւ անհատական 10,0 միավորով 28 երկրների մեջ ընթանում են 6-րդ հորիզոնականում:

Տղաների առաջնությունում մեր տղաները երրորդ տուրում 1,5:2,5 հաշվով անակնկալ պարտվեցին Սերբիայի 1-ին հավաքականին, սակայն հաջորդ օրը 3:1 հաշվով վրեժխնդիր եղան տանտերերի երկրորդ թիմից: Եվ ստացվեց այնպես, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես չորս տուրում վաստակել է 6,0 թիմային եւ 10,0 անհատական միավոր, սակայն մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

Եվրոպայի թիմային առաջնությանը զուգահեռ՝ Արգենտինայում ընթանում է մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես եկող մեր երկու ներկայացուցիչները եւս հավասարապես հաջող են հանդես գալիս: Մասնավորապես, Ավետիք Գրիգորյանը հինգ տուրից հետո 3,5 միավորով 12-րդն է, իսկ Աննա Հայրապետյանը նույնքան միավորով՝ 8-րդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել