Երեւանում այսօրվանից մեկնարկում է Հայ-ավստրիական երաժշտական առաջին փառատոնը՝ «Վիեննան ողջունում է հայերին» կարգախոսով: Երեկ լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի գեղարվեստական ղեկավարներ Աննա Մարիա Փամմերը, Ժան Սարգսյանը եւ Գոթլիբ Վալլիշը: Ժ. Սարգսյանը պատմեց, թե ինչպես է հասունացել Փամմերին եւ Վալլիշին Հայաստանի փառատոնին հրավիրելը. «Վերջերս Բեռլինում ներկա էի մենահամերգի: Նրանք ներկայացրին մի ծրագիր, որի մեծ մասը գերմանական երգեր էին ու ռոմանսներ, դասական շրջանից մինչեւ ժամանակակից ավստրիացի կոմպոզիտորներ: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց երաժիշտների կատարման մակարադակը»: Փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանի նաեւ Վիեննայի «Արոն» կվարտետը: Կազմակերպիչների հավաստմամբ, ողջ փառատոնի ընթացքում հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր եւ բազմաոճ երաժշտություն: Ավստրիացիները կկատարեն հայկական երաժշտություն, իսկ հայերը՝ ավստրիական: Երգչուհի Աննա Մարիա Փամմերը հայ հանդիսատեսի դատին կներկայացնի Մանսուրյանի «Գարսիա Լորկա» երգերի շարքից երեք ստեղծագործություն: Երգչուհու խոսքով, թեեւ դժվար էր «արտաբերել» հայկական ստեղծագործությունը, բայց այն իրեն շատ է դուր եկել: Նա պատմեց նաեւ, որ թեեւ երկու օր է Երեւանում, բայց հասցրել է տպավորվել ու կցանկանար կրկին Հայաստան այցելել որպես զբոսաշրջիկ: Գ. Վալլիշն էլ նշեց, որ Հայաստան առաջին անգամ այցելել է 10 տարի առաջ ու ելույթ ունեցել Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Կոմպոզիտոր Տ. Մանսուրյանն էլ, անդրադառնալով, «Գարսիա Լորկա» երգերի շարքին՝ ասաց, որ ինքը շատ է սիրում այն. «1966 թ. գրած այս ստեղծագործությունն իր կատարմամբ վերակենդանացրել է հայ երգչուհի Գայանե Գեղամյանը ու փոխանցել Աննա Մարիա Փամմերին»: