Այս կարծիքի են «Մխացող պատրույգ» ֆիլմի հերոսները
Վերջին շրջանի հայտնի իրադարձությունների պատճառով հասարակ քաղաքացին չի կողմնորոշվում՝ ինչ է իրեն սպասվում: Մանավանդ ոմանք վստահեցնում են, թե ազատագրված տարածքները պետք է հանձնեն, ոմանք էլ հակառակն են պնդում: Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը իր «Մխացող պատրույգ» վավերագրական ֆիլմում, որը մեծ մասամբ նկարահանվել է Լեռնային Ղարաբաղում, անդրադարձել է հենց այդ կասկածներին: Ֆիլմում, հասարակ գյուղացուց սկսած մինչեւ բարձրաստիճան քաղաքական գործիչը, միակարծիք են՝ արյունով ազատագրված հողերը չի կարելի թղթով հանձնել:
«Ես, իհարկե, կուզեի ռոմանտիկ ֆիլմ նկարահանել, բայց … Այսօր մադրիդյան սկզբունքները, որոնք ամենեւին էլ հայանպաստ չեն, մեր դուռն են թակում, իսկ մեր ժողովուրդը դրա մասին տեղյակ չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կինոռեժիսորը: Ֆիլմի հերոսները, բացառությամբ քաղաքական գործիչների, ընտրվել են պատահականության սկզբունքով, անաչառ ձեւով իրենց կարծիքն են հայտնում ու պահանջում իշխանություններից՝ հաշվի նստել իրենց հետ: «Մխացող պատրույգ» վերնագիրն էլ կինոռեժիսորն այսպես է մեկնաբանում. «Մադրիդյան սկզբունքները» ուր-որ է ռումբի պես կպայթեն, առայժմ մխում են պատրույգի նման»:
Ֆիլմում մեկ անգամ եւս հիշեցվում է զոհված ազատամարտիկների մայրերի հայտարարությունը՝ մադրիդյան սկզբունքների մասին. «Նրանք, ովքեր մտադիր են զիջել այդ տարածքները, թող դրանցից քամեն-զատեն մեր զավակների արյունը, ինչն ուրիշին տալու իրավունքը ոչ ոք չունի»:
Մեկ այլ զոհված ազատամարտիկի մայր էլ ասում է՝ «այդ Մեթյու Բրայզան հայրենիք չունի՞, որ ուզում է մեր հայրենիքը հանձնենք, եթե ինքը չունի, մենք ունենք ու չենք հանձնելու»:
Ջ. Ավետիսյանի խոսքով. «Պատերազմի տարիներին ամեն օր տեսել եմ, թե ինչպես են մարդիկ իրենց զոհված հարազատներին լուռ, շատ դեպքերում՝ առանց արտասուքի հողին հանձնում, դա դարձել էր ապրելակերպ: Երիտասարդներ կան, որ ծնողներ չունեն, երեխաներ կան, որ անգամ իրենց հայրերին չեն հիշում: Մեր հիշողության մեջ կան մարդիկ, որոնք այսօր չկան, պետք է, չէ՞, այդ ամենի հետ հաշվի նստել: Ֆիլմում մի շահումյանցի հարցնում է՝ Մասիսը մեզ հե՞տ են տվել, որ մենք հող տանք… ֆիլմում մի շատ կարեւոր գիծ էլ կա՝ այսօր հպարտությամբ հիշում ենք Ղարաբաղի հաղթանակը, այսինքն՝ մի սերունդ կա, որի մեջքը շիտակ է…»:
Կինոռեժիսորը փորձել է զրուցել ԼՂ նախագահի, ԼՂ ԱԳ նախարարի եւ ԱԺ նախագահի հետ, սակայն, իր իսկ խոսքերով՝ գեղեցիկ մերժում է ստացել, թե զբաղված են:
«Թշնամու վրա կրակելը ավելի հեշտ էր, քան սեփական հայրենիքի ճակատագիրը որոշելը,- ասում է ֆիլմի հերոսներից մեկը, իսկ մեկ ուրիշը շարունակում՝- փաստորեն մեր զինվորներն ավելի արագ քայլեցին, քան քաղաքական գործիչները»:
«Իմ կարծիքով, մենք արդեն զիջումներ արել ենք Ադրբեջանին, որ չենք վերցրել Միրբաշիրը, Բարդան եւ այլ տարածքներ»,- ասաց կինոռեժիսորը:
Ջ. Ավետիսյանը նկարահանումների ժամանակ համոզվել է, որ ղարաբաղցուն պատերազմով չես վախեցնի, այնտեղ անգամ հաշմանդամը պատրաստ է պաշտպանել հայրենիքը:
«Մխացող պատրույգում» նաեւ արծարծվում է մադրիդյան սկզբունքներից բխող այն կետը, ըստ որի՝ ադրբեջանցի փախստականները պիտի վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: Ջ. Ավետիսյանն այդ հարցադրումն էլ է արծարծում ֆիլմում. «Ո՞վ է ադրբեջանցի փախստականը, նա՞, ով Շուշիից կամ Աղդամից հրետակոծում էր հայկական բնակավայրերը… 6000 զոհ՝ հայ խաղաղ բնակչությունից, 3500 ազատամարտիկ՝ միայն Ղարաբաղից, 3000 զոհված՝ Հայաստանից ու Սփյուռքից, 700-800 անհետ կորած, շուրջ 10000 վիրավոր ու հաշմանդամ… Այդ մարդիկ հո արկածախնդիրնե՞ր չէին… Իմ համոզմամբ, Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ եւ անկախ ապրելու իրավունքը: Եվ եթե անգամ մի թիզ հող էլ հանձնենք, արդեն Երեւանն է վտանգվում: Ֆիլմում կարծիք կա՝ երեւանցին պետք է վերջապես հասկանա, որ իր անվտանգությունը Հյուսիսային պողոտան չէ: Մեր անվտանգության գոտին սկսվում է մեր այն դիրքերից, որտեղ կանգնած է 18 տարեկան տղան»:
Հավելենք, որ «Մխացող պատրույգը» եռամաս է. ֆիլմի երկու մասերը կցուցադրվեն այսօր եւ վաղը, երեկոյան ժամը 23.00-ին՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ