Երկուշաբթի օրը Հաագայի միջազգային դատարանում տապալվել է բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչի գործով դատավարության առաջին նիստը: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», Կարաջիչը նիստին չի ներկայացել եւ այն ստիպված հետաձգվել է մինչեւ երեքշաբթի: Կարաջիչը նախապես հայտարարել էր, թե մտադիր չէ մասնակցել դատական նիստին, քանի որ չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 1992-95թթ. պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների, այդ թվում նաեւ՝ 8 հազար մուսուլմանների ցեղասպանության, Սերեբրենիցայի շրջափակման ժամանակ 12 հազար մարդու զոհվելու մեջ: Ու թեեւ Կարաջիչը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, բայց մեղադրող կողմը հայտարարում է, թե բավարար ապացույցներ ունի սերբերի առաջնորդին առաջադրված մեղադրանքը հաստատելու համար: Նախատեսվում է, որ առաջիկա դատավարությանը ցուցմունքներ կտա ավելի քան 400 վկա: