Բեռլինը Վաշինգտոնից պահանջում է դուրս բերել Գերմանիայի տարածքում տեղակայված ամերիկյան ատոմային ռումբերը: Սա Գերմանիայի նոր՝ Անգելա Մերկելի եւ Գիդո Վեստերվելլեի գլխավորած կոալիցիոն կառավարության քաղաքական ծրագրային դրույթներից մեկն է: «Մենք ուզում ենք, որպեսզի Գերմանիայում տեղակայված միջուկային զենքի վերջին պահուստները դուրս բերվեն երկրի տարածքից»,- անցած շաբաթավերջին կոալիցիայում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է ԱԳ ապագա նախարար Վեստերվելլեն: Փորձագետների ասելով, այս հայտարարությունը շատերի համար անակնկալ է եղել: Անգելա Մերկելն իր հերթին հույս է հայտնել, թե միջուկային զենքից զերծ երկիր դառնալու Գերմանիայի քայլը միակողմանի չի լինի եւ նախընտրելի կլինի, որ դա տեղի ունենա նաեւ ՆԱՏՕ-ի կառույցի անդամ երկրներում: