Կիրակի օրը Բաղդադում տեղի ունեցած զույգ պայթյունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 155-ի, ավելի քան 500 մարդ վիրավոր է: «Reuters»-ի մատուցմամբ, թեեւ երկրում բռնությունների մակարդակը նվազել է, այդուհանդերձ, ապստամբներն ու գրոհայինները շարունակում են փոխհրաձգություններ եւ պայթյուններ կազմակերպել, որոնց թիվը հունվարին նախատեսված պետական ընտրությունների նախաշեմին կարող է աճել:
Կիրակի օրը երկրի արդարադատության եւ Բաղդադի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած պայթյունները ամենաարյունալին են եղել 2007թ.-ից ի վեր:
Աշխարհի առաջադեմ պետությունների ղեկավարները դատապարտել են ահաբեկչական ակտերը: Իրաքի պաշտոնյաները դրանց համար մեղադրում են ծայրահեղականների «Ալ-Քաիդա» խմբավորմանն ու նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի կառավարության ողջ մնացած անդամներին, մինչդեռ երկրի ընդդիմության մեղադրանքների թիրախը Իրաքի անվտանգության ծառայություններն են: Իրաքը փորձում է վերականգնել իր տնտեսությունն ու տասնամյակների ընթացքում ռեպրեսիաների ենթարկված հասարակության վստահությունը պետության հանդեպ, իսկ երկրում քաղաքացիների անվտանգությունը՝ 2003թ. ԱՄՆ բանակի եւ դաշնակից ուժերի կողմից Իրաք ներխուժելուց հետո, շարունակում է մնալ որպես շատ լուրջ հիմնախնդիր: Հիշեցնենք, որ ամերիկացի զինվորականների դուրսբերումը Իրաքից՝ պետք է ավարտվի 2011թ. վերջին, որից հետո իրաքցիների պաշտպանությունն ու անվտանգությունն ամբողջությամբ պետք է ապահովեն իրաքցի զինվորականներն ու ոստիկանությունը: