Ամերիկայի կենտրոնական հետախուզական վարչությունը, բրիտանական ՄԻ6-ը, իսրայելական Մոսսադն ու նրանց ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերներն ու այլ հետախուզական գործակալություններ տարիներ շարունակ չեն կարողացել բացել Իրանի միջուկային ծրագրի գաղտնիքն ու միմյանց հետ բանավիճել են այն խնդրի շուրջ, թե Իրանը երբ կարող է միջուկային զենք ստանալ: Ու թեեւ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես խաղաղ նպատակների, այդուհանդերձ, արեւմտյան մի քանի դիվանագետներ եւ գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներ համակարծիք են, որ Թեհրանը կարող է շուտով միջուկային զենք ստանալ: Գաղտնի ծառայությունները ենթադրում են, որ Իրանին ոչ պակաս, քան 18 ամիս է անհրաժեշտ միջուկային զենքի մշակման համար, եթե այդ երկիրը, այնուամենայնիվ, որոշի այդպիսի զենք ունենալ: Այդ մասին, «Reuters»-ի փոխանցմամբ, հայտարարել են արեւմտյան դիվանագետներն ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:
Միաժամանակ, ինչպես փոխանցում է «Newsru»-ն, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հանդես է եկել ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններ վարելու դեմ: Երկուշաբթի օրը Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մոհամմադ Ռեզա Բահոնարը հայտարարել է, թե ներկայումս Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ու հոգեւոր առաջնորդը կարծում են, որ Թեհրանի արտաքին քաղաքականությունը «հիմնվում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների բացակայության վրա»: «Հենց այդ պատճառով մենք չենք կարող անմիջական շփումներ ունենալ Վաշինգթոնի հետ»,- շեշտել է փոխխոսնակը: Մինչ այդ, անցած շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակները եռօրյա այցով ժամանել են Թեհրան: Ինչպես նախատեսված է ավելի վաղ ձեռք բերված համաձայությամբ, պատվիրակության չորս ներկայացուցիչները տեսչական այցեր կկատարեն Թեհրանից հարավ գտնվող Կում քաղաքի ուրանի հարստացման գործարան: