Լրահոս
Օրվա լրահոսը

A1 Ե՞ՆՔ, ԹԵ՞ C2

Հոկտեմբեր 27,2009 00:00

Շատ շուտով ոչ միայն լեզվաբանական բուհերը, այլեւ մյուս բուհերը, իսկ ավելի ուշ՝ գուցե նաեւ միջին մասնագիտական հաստատություններն իրենց շրջանավարտներին, դիպլոմների հետ մեկտեղ, պետք է հանձնեն լեզուների իմացության տեղեկանք, որում նշված կլինի, թե տվյալ անձը քանի լեզվի եւ որքանով է տիրապետում: Այս մասին երեկ տեղեկացրեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ «Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակների վրա հիմնված սանդղակի» տարածումն ու ներդրումը ՀՀ բուհերում» թեմայով բանաժողովի ողջույնի խոսքում: Որպեսզի մեր մասնագետները կարողանան նման փաստաթուղթ տալ շրջանավարտին, նրանք նախ պետք է կարողանան գնահատել վերջինիս լեզվաիմացությունը՝ հենց համաեվրոպական համակարգի սանդղակով (ԼԻՀՀ):

Եվ երեկ կայացած բանաժողովի ընթացքում Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնից (ԺԼԵԿ) ժամանած փորձագետ Քլեր Թադյեն ներկայացրեց այդ սանդղակը: A1, A2, B1, B2, C1, C2. սրանք են այն մակարդակները, որոնցով չափվելու է մեր շրջանավարտների լեզվաիմացությունը: A1 մակարդակ ցուցաբերած անձը տվյալ լեզվից ունի շատ թույլ պատկերացում, փոքր բառապաշար, իսկ C2 մակարդակ ունեցողը, կարելի է ասել, կատարելապես տիրապետում է լեզվին: Սակայն պետք է նշել, որ որոշ դեպքերում մակարդակների տարբերություններն այնքան փոքր են (իհարկե, խոսքը չի վերաբերում A1-ին եւ C2-ին, այլ, ասենք, A2-ի եւ B1-ի կամ B1-ի եւ B2-ի, B2-ի եւ C1-ի միջեւ եղած տարբերություններին), որ կայացած ինտերակտիվ խաղի ժամանակ դասախոսները, որոնք պետք է որոշեին, թե տվյալ որակի գիտելիքները լեզվաիմացության որ մակարդակից են, հաճախ շփոթվում էին:

Տիկին Թադյեն ընդունեց, որ իրոք դժվար է գտնել այն խիստ սահմանը, որոնցով միմյանցից տարանջատվում են ԼԻՀՀ սանդղակի մակարդակները, սակայն այն երկրները, որոնք արդեն իսկ ներդրել են այդ համակարգը, անսխալ որոշում են լեզվաիմացության մակարդակը:

Բանաժողովը շարունակվում է նաեւ այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել