Լրահոս
Օրվա լրահոսը

Գումար հավաքում են

Հոկտեմբեր 27,2009 00:00

Դպրոցներում դասամատյանները կազմում են աշակերտներից հավաքված գումարով

Չնայած ուսումնական հաստատություններում արգելվում է դրամահավաքը, Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ամեն տարի 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 50-200-ական դրամ է հավաքվում դասամատյանները կազմելու համար։ Նշենք, որ մատյանները Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության կողմից դպրոցներին են հանձնվում բարակ ստվարաթղթե կազմով, ինչը շատ շուտ է մաշվում ու շարքից դուրս գալիս, այդ իսկ պատճառով դպրոցները պարտավորվել են մատյանները կազմել կաշվենման կազմով, որի շուկայական արժեքը տատանվում է 1500-2000 դրամի շրջանակներում։ Բացի կաշվենման կազմից, ըստ ցանկության, մատյանները կազմվում են նաեւ պոլիէթիլենային կազմով, որն արժե 500-700 դրամ։ Մատյան կազմելը, իհարկե, պարտադիր պայման չէ, սակայն, ինչպես մեզ բացատրեցին մի քանի ուսուցիչներ, առանց կազմի շատ անհարմար է մատյան օգտագործելը, քանի որ այն անընդհատ տեղափոխվում է դասարանից ուսուցչանոց կամ հակառակը, որի արդյունքում կեղտոտվում է ու վնասվում, իսկ այն ծալովի հավելվածը, որի վրա գրվում են աշակերտների անուն-ազգանունները, ի սկզբանե լինում է բարակ թղթից, որը տարվա ընթացքում անգամ կաշվենման կազմման դեպքում է ուղղակի քրքրվում։

Ինչպես պարզեցինք հարցումներով, մեր պետության կազմավորումից սկսած՝ ոչ մի դպրոց կազմված մատյան չի ստացել, այլ դրա փոխարեն՝ ընդամենը գրասենյակային գիրք, որը պետք է մի քանի տպարանային գործողությունների արդյունքում վերածվի դպրոցական մատյանի։ Նկատենք, որ մատյան կազմելու սովորությունը դպրոցներում պահպանվել է դեռեւս 1990-ական թվականներից, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում մատյանների կազմումը անում էր դպրոցը՝ իր իսկ գումարներով, այդպիսով նեղություն չհասցնելով աշակերտների ծնողների գրպանին, սակայն այս տարի դպրոցները որոշել են վերադառնալ հին սովորությանը, քանի որ պետբյուջեից տարբեր ծախսերի համար իրենց տրվող գումարը տեղ չի հասնում։ Այս գումարը տարբեր դպրոցների համար տարբեր է եւ տատանվում է 10-15 միլիոն դրամի շրջանակներում։ Այս միլիոնները դպրոցներն ամբողջ տարվա ընթացքում ծախսում են մաքրության պահպանության, փոքրիկ շինարարական աշխատանքների եւ այլնի վրա։ Այս տարի դպրոցները ստացել են միայն առաջին եռամսյակի գումարը, իսկ մնացած 3 եռամսյակների դրամները քաղաքապետարանն այդպես էլ չի փոխանցում դպրոցների հաշվին՝ պատճառաբանելով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում իրենք ստիպված են այդ գումարը սառեցնել եւ հատկացնել այն ժամանակ, երբ մեր հանրապետությունում ճգնաժամի հասցրած վնասները կվերացվեն։

Մեր հարցին՝ ինչո՞ւ մատյանները կազմված չեն հանձնվում դպրոցներին, այդպիսով զարկ տալով տարբեր մասնավոր տպարանների գործունեությանը, Երեւանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը պարզաբանեց. «Դասամատյանների կազմելու կարգ սահմանված չէ, հետեւաբար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային տվյալ ստորաբաժանումը նման գործառույթ չի իրականացնում»: Անդրադառնալով մատյանների դրամահավաքությանը՝ տիկին Աչոյանն ասաց. «Ես զրուցել եմ դպրոցների տնօրենների հետ, ճշտելու՝ դասամատյանների կազմման նպատակով դրամ հավաքո՞ւմ են, թե՝ ոչ, սակայն նրանք հավաստիացրել են, որ այդ նպատակով գումարներ չեն հավաքվում, եւ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: Մեր այն դիտարկմանը, որ տնօրենները բնականաբար չէին հայտնի, որ դպրոցներում գումարներ են հավաքվում, վարչության պետի տեղակալը հարցով պատասխանեց. «Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ իսկապես դպրոցներում այդքան գումար են հավաքում»: Ավելացրեց նաեւ, որ մատյանները կաշվենման կազմով կազմելը պարտադիր չէ. «Դասղեկները կարող են պոլիէթիլենային կազմով կազմել այն, որի գինը 500 դրամ է, եւ դրա համար պարտադիր չէ աշակերտերից գումար հավաքել»:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, որոշ դպրոցներում էլ մատյանների գումարը տնօրենը ուսուցիչներից է հավաքում՝ հույս ունենալով, որ վերջիններս չեն դիմի «թեժ գիծ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել