Լրահոս
Օրվա լրահոսը

140-ԱՄՅԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԴԵՌ ԱՊՐՈՒՄ Է ՄԵՐ ՄԵՋ

Հոկտեմբեր 27,2009 00:00

\"\"Հոկտեմբերի 24-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով՝ նվիրված հանճարեղ լոռեցու ծննդյան 140-ամյակին: Նախաձեռնությունը Մանկավարժական ինստիտուտինն էր՝ մասնակցությամբ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության եւ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտների: Գիտաժողովով մեկնարկեց նաեւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որը բացվեց բուհի հիմնի կատարմամբ, որը, ի դեպ, հնչում էր առաջին անգամ:

Ինչպես բացման խոսքում նկատեց ՎՊՄԻ ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը՝ գիտաժողովին մասնակցում էին մարդիկ, «ովքեր կա՛մ լոռեցի են, կա՛մ Լոռվա բնաշխարհը, նրա բանաստեղծ որդուն եւ վերջինիս ստեղծագործությունը ըստ արժանվույն արժեւորող նվիրյալ գիտնականներ՝ Վլադիմիր Բարխուդարյան, Վլադիմիր Կիրակոսյան, Ադոլֆ Մանթաշյան, Վիլեն Հակոբյան»: Հյուրեր կային նաեւ ՀՀ ԳԱԱ լեզվի եւ գրականության ինստիտուտներից, Երեւանի պետհամալսարանից, Բրյուսովի անվան լեզվաբանական եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններից: «Իր մի բանաստեղծության մեջ Թումանյանը թերահավատորեն երազում էր.

Բայց ո՞վ կտա էն վայելքը

Ինքս ինձ էլ չզգայի

Ու հալվեի, ծավալվեի,

Ամենքի հետ լինեի:

Այսօրվա գիտաժողովը եւ նմանատիպ միջոցառումները գալիս են ցրելու բանաստեղծի անտեղի մտահոգությունը եւ վերահաստատելու, որ իր արծարծած թեմաների արդիականությունը ոչ միայն 100 տարի առաջ էր սպասված ու պահանջված, այլեւ այսօր է այդպիսին եւ վաղն է այդպիսին լինելու»,- ասաց Գ. Խաչատրյանը:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց Թումանյան բանաստեղծն ու ազգային գործիչը, հրապարակախոսն ու քննադատը, ժողովրդական բանահյուսության լավագույն մշակողն ու ավանդազրույցների մեկնիչը: Խոսվեց նաեւ ամենայն հայոց բանաստեղծի եւ հայ մի քանի գրողների՝ Ղազարոս Աղայանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Թեքեյանի՝ մի դեպքում բարեկամության, մեկ այլ դեպքում՝ գրական-ստեղծագործական աղերսների մասին: «Թումանյանը այն եզակի հեղինակներից է, որը եթե ոչինչ չգրեր, «Անուշը» միայն գրեր, հեռու-հեռուներում գտնվողն էլ կզգար՝ ինչ է Հայաստանը: Եթե միայն իր իմաստուն քառյակները գրեր, կիմանար՝ ինչ է հայ մարդու փիլիսոփայությունը: Գրեր միայն «Գիքորը», կասեր՝ մարդկային խիղճն ինչ է նշանակում»,- սա Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի թոռան՝ բ.գ.դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի բնութագիրն է: Գավառական մամուլին տված բանաստեղծի խորհուրդները (որոնք այսօր էլ հրատապ են ու արդիական) «Թումանյանը եւ լեզվի հարցերը» զեկուցումով հիշեցրեց բ.գ.դ., պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը. «Դուք ապրելու եք ժողովրդի մեջ եւ ժողովրդի համար եւ խոսելու եք նրա հետ: Ի՞նչ լեզվով եք խոսելու»,- հարցնում է Թումանյանը եւ հորդորում «մեծ իրավունք տալ բարբառներին», իհարկե, ճիշտ օգտագործելով «այդ կենդանի աղբյուրները»:

«Դուք այստեղ խոսում եք բանաստեղծի, ազգային գործչի մասին, բայց մոռանում եք, որ նա նաեւ սովորական մարդ էր՝ ուղղակի հայր, ամուսին, հյուրընկալ տանտեր, մարդ, որ երազում էր տուն ունենալ, որտեղ կապրեր իր 10 երեխաների հետ»,- նկատեց բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրասզբեկյանը, որը ներկայացրեց իր նոր գիրքը, որտեղ Թումանյանը ներկայանում է ուղղակի ընտանեկան միջավայրում:

Մինչ գիտնականները դահլիճում նորանոր բացահայտումներ էին անում Թումանյանի ստեղծագործության անսպառ գանձարանից, բուհի ուսանող-նկարիչները ճեմասրահում իրենց Թումանյանն էին ներկայացրել գեղանկարներում եւ համակարգչային գրաֆիկայում (տես՝ լուսանկարը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել