Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր» գրքի շուրջ
Սկիզբը՝ թիվ 183-ում:
Քեռի Սուլեյմանի արու զավակները՝ վարպետորդի սադիստներ Ասադն ու Ալին, կարելի է ասել, որ շատ բաներով գերազանցում են իրենց հորը: Ահա հեղինակի բնութագիրը նրանց մասին. «Առավել քան ազատամիտ մի բարոյականությամբ նրանք ստում էին, լրտեսում, մատնում եւ, եթե պատեհ առիթ էր հանդիպում, նույնիսկ գողանում էին: Ճարպիկ ձեռքով թռցրած դրամը սահեցնում էին իրենց գրպանը» (էջ 43):
Սիրելի ընթերցող, դու չափազանց միամիտ կլինես, եթե կարծես, թե այս բնութագրումներն ասվում են պախարակիչ շեշտերով: Ամենեւի՛ն: Այս սանձարձակ լակոտների մասին հեղինակը խոսում է անթաքույց հիացմունքով. «Նրանց ընկերակցությունը ես փնտրում էի անհագ ցանկությամբ» (էջ 43): Այդպես էլ գրել է. «Անհագ ցանկությամբ»:
Եվ ինչի՞ց էին խոսում կամ ի՞նչ էին անում այդ ընկերակցության մեջ, որ այդպես ոգեւորում էր նրբաճաշա՜կ հեղինակին: Մինչեւ այս մանրամասներին անցնելը, ես պիտի ներողություն խնդրեմ ընթերցողից՝ որոշ բառեր ու երեւույթներ բացեիբաց, ստիպողաբար, սեփական տեքստ ներմուծելու համար: Չէ՞ որ խոստացա օթելլոյական պատվիրանը չխախտել: Այսպիսով, այդ ի՞նչ մի արտակարգ բաներ էին անում Ասադն ու Ալին (բռնաբարությունից ու խոշտանգումներից, ստախոսությունից ու գողությունից զատ), որ այդպես անջնջելի տպավորվել է Բանինը. «Նրանք առատորեն խոսում էին մարսողության եւ դրան հաջորդող բանի մասին՝ իրազեկորեն վիճելով եւ բանիմաց մարդու բացատրություններ տալով…» (էջ 43):
Իսկ հիմա ընթերցողին խորհուրդ եմ տալիս քիթը բռնել, քանի որ դեֆեկանտության տեսական մարզանքներից պիտի անցնենք ասադալիական պրակտիկային՝ գեղագիտական թեքումով եւ, իհարկե, այնտեղ, ուր այդ բանն արվում է, այսինքն՝ պետքարանում. «Ինչպես մարդիկ նկարում են սանգինայով, մատիտով կամ պաստելով, Ասադն ու Ալին մատները թաթախում էին (պետք է՞ ճշտել, թե ինչի մեջ – Ալ. Թ.) եւ նկարում պետքարանի ճերմակ պատերին: Այդ արտաքնոցներից մեկը, որտեղ նրանք շատ էին սիրում իրենց երկարաժամյա այցելությունները կատարել, զետեղված էր ռոմանտիկ տեսքով մի աշտարակում եւ պատերն ամբողջովին նախշված էին նրանց ձեռքով: Այդ ճերմակ պատերը ծածկված էին այնպիսի ստեղծագործություններով, որոնց մեջ գրեթե քնարականություն կար, քանի որ նրանք ծաղիկներ նկարում էին նույնքան լավ, որքան խայտառակ պատկերները» (էջ 43):
Շտապենք դուրս գալ այս զարդարուն պետքարանից, քանզի, եթե հեղինակն է ասում, թե դրա «մասնահատուկ հոտը մինչեւ այժմ մնացել է քթումս» (էջ 43), ապա մենք բնավ պարտավոր չենք նրա հետ վայելելու այդ «բույրը»: Եվ, վերջապես, հեղինակի հիացմունքի պատճառները պարզելու նպատակով արժե հիշել նաեւ այն տեսարանը (էջ 55-56), որտեղ Ասադը, փաստորեն ոչինչ բանի համար, նավթ է լցնում իր ազգականներից մեկի վրա եւ լուրջ փորձ անում վառելու:
Արեւելքին հատուկ հարգանքը մեծերի հանդեպ, անբեկանելի ավտորիտարիզմը բացակայում է: Բանինի գրքում բոլորը ներկայանում են ծիծաղելի գծերով, հեգնանքի, արհամարհանքի արժանի: Հոգեբանական բարդ եւ հակասալից իրավիճակում է գտնվում նրա ինքնակենսագրության հերոսուհին: Որքան ավելի շատ է զգում իր ազիրիությունը՝ մարմնապես, թե հոգեպես, այնքան ավելի մեծանում է մեկուսանալու, օտարանալու ձգտումը: Տեղ-տեղ սա դառնում է զզվանք ինքն իրենից, իր ազգից: Օրինակ՝ ադրբեջանցի կանայք, որոնց մեծ մասն իր ազգականներն են, նրանում խիստ բացասական հույզեր են առաջացնում. «Նրանք ահավոր մի ժխոր էին ստեղծում, որի կողքին գորտերի գիշերային կռկռոցը քնքույշ կարկաչ էր» (էջ 55): Եվ ոչ միայն ժխորը: Հեղինակն էական, կազմախոսական թերություններ է տեսնում նրանցում. «Այս կանայք, գրեթե բոլորը, վատ կառուցվածք ունեին. վճարը գուցե մի կյանքի, որ մեծ մասամբ անցնում էր գետնին նստած: Միայն փոր էր երեւում եւ կախ ընկած կրծքեր, նրանք մազոտ մարմին ունեին, կարճ վիզ եւ հսկա հետույք» (էջ 49):
Դարասկզբի «ազիրի» ժողովրդին, ամբողջության մեջ, չենք տեսնելու գրքում, քանի որ չի տեսել ինքը՝ հեղինակը: Ենթադրել կարող ենք, եւ քանի որ շարունակ ենթադրությունների մեջ ենք լինելու, ապա հեղինակի որոշ անվերապահ հայտարարությունները պետք է երեւի թերահավատության մաղով անցկացնենք: Ասենք, երբ պատմում է, թե ինչպես այդ տարիներին բոլորն զբաղված էին թղթախաղով: Բնական է, որ նավթահանքերի բանվորների զբաղմունքը չէր դա: Կամ, օրինակ՝ կարո՞ղ ենք ամբողջ «ազիրի» ժողովրդին վերագրել հեղինակի հետեւյալ տողերը, չնայած ինքը՝ Բանինը, անվերապահ պնդում է, թե դա գրեթե համաժողովրդական բնույթ էր կրում. «Բաքվում ծաղկում էր երկու տեսակի արվամոլություն՝ ակտիվ եւ պասիվ… Առաջինը՝ բավական հարգված, գրեթե բոլոր տղամարդկանց զբաղմունքն էր, առնվազն մինչեւ ամուսնությունը, եւ որոշ չափով էլ համարվում էր հասարակայնորեն օգտակար մի բան (ընդգծումը մերն է – Ալ. Թ.): Երկրորդը, ընդհակառակը, բանեցնում էին մեղկացած տղաները, որոնք ծայրաստիճան արհամարհված էին: Տղամարդուն վիրավորում էին «գյոթֆերան» բառով: Բայց եթե նա պատկանում էր «ուշախբազների» հարգարժան եղբայրակցությանը, մեղադրելու որեւէ պատճառ չէր լինում» (էջ 64):
Անչափ ցավալի է, որ Բանինը հպանցիկ է խոսում արվամոլության ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ մասին, այլապես, նրա դրույթներն այսօր պետք կգային՝ իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող միասեռականներին: Ափսոս, խանումը վերջերս հանգեաւ ի Տէր, թե ոչ, «հարգարժան եղբայրակցության» անդամները կապեր կհաստատեին նրա հետ եւ կխնդրեին, որ մանրամասնի այդ նախադասությունը: Իսկ մենք՝ հարգելի ընթերցող, իրավունք ունե՞նք հեղինակի պես պնդելու, թե վերոհիշյալ «զբաղմունքը» կարող է այդպես դյութել որեւէ ազգի բոլոր տղամարդկանց: Ես կասկածում եմ, մինչդեռ Բանինը պնդում է, բերում ավելի համոզիչ օրինակներ: Ասենք, ի՞նչ կարող է երազել, ի՞նչ կուզի դառնալ տասներեք-տասնչորս տարեկան տղան, երբ մեծանա. օդաչո՞ւ, բժի՞շկ, մարզի՞կ… Դժվար է ասել: Իսկ Բանինը մեզ ուզում է համոզել, որ այս հարցում իր պաշտելի ասադ-ալի հրեշների համար խնդիր չկա. «Ես ուշախբազ կդառնամ» (էջ 64), – հստակ ու աներեր պատասխանում է Ասադը:
Ի դեպ, նրանք այդ «գործով» սկսում են զբաղվել դեռ մանկութ, եւ առաջին օբյեկտներից մեկը դառնում է իրենց հարազատ քրոջ ապագա ամուսինը՝ Սելիմը: Այլ խոսքով, տղան մինչեւ քրոջ հետ ամուսնանալը, «ամուսնանում» է եղբայրների հետ (էջ 175-176): Ըստ երեւույթին, Ասադ-Ալի տանդեմը շոշափելի արդյունքների է հասել, այլապես աչքաբաց եւ մանավանդ նման բաներից լավ հասկացող քեռի Սուլեյմանը պարապ տեղը շանթեր ու բոցեր չէր արձակի. «Ջահել ժամանակ բոլորս ենք մեղք գործել… բայց փո՜րձ անել գայթակղել Սելիմին, ձեր քրոջ նշանածի՜ն…» (էջ 176):
Չենք կարծում, թե այս եւ նման հուշերն են, որ հեղինակին կապում են իր հողի եւ ժողովրդի հետ: Ուրեմն, ի՞նչն է կապում՝ կրո՞նը: Դժվար է պնդել, թե նա անհարգալից վերաբերմունք ունի իսլամի հանդեպ, ավելի շուտ անտարբեր է. «Ղուրանից ընդամենը մի կարճ ոտանավոր գիտեի» (էջ 24), – գրում է նա: Կրոնական տոները հիշում է որպես ուրախանալու առիթ եւ, վերջապես, նրանում ամենադժնի հուշերն են մնացել մահմեդական աղջիկների հատուկ դպրոցից, ուր մեր հերոսուհին դժբախտություն է ունենում մի քանի շաբաթ անցկացնելու՝ Կազանից եկած մոնղոլոիդ դեմքով դաժան ուսուցչուհու հսկողության տակ:
Գուցե մշակո՞ւյթն է կապում նրան, «ազիրի» ե՞րգը, գրականությո՞ւնը… Գրքի երկու հարյուր վաթսուն էջի ոչ մի տողում ես որեւէ «ազիրի» գրողի, նկարչի կամ երաժշտի անվան չհանդիպեցի: Փոխարենը կարդացի այսպիսի տողեր մուղամ կամ բայաթի երգողների մասին. «Տեղական երգերը սոսկում էին պատճառում ինձ, եւ երբ տեսնում էի, թե ինչպես երգիչը ձեռքը դնում է այտին (երգին նախորդող շարժումը), ես անմիջապես փախչում էի» (էջ 63):
Հայրենիքը (եթե այդպիսի հասկացություն եղել է նրա գիտակցության մեջ) Բանինի համար Բաքվի շքեղ առանձնատունն է եւ ամառանոցը, որն այդպես էլ չենք հասկանում, թե որտեղ է եղել: Ինքը՝ հեղինակն էլ իր հողը կարգին չի պատկերացնում: Նրա համար հայրենիքը պատմություն չէ (թեկուզ հորինված, հարեւան ազգերից թռցրած), աշխարհագրություն չէ, կրոն չէ, մշակույթ չէ, մարդկային, բարեկամական-ազգակցական կապերը չեն, այլ եդեմական մի պահ այս անցողիկ կյանքում, որն ապրել է վաղուց եւ որն անդարձ կորել է: Մի խոսքով, դրախտ կորուսյալ՝ ըստ Բանինի: Այսքանից հետո, այս անհող ու անհայրենիք (ոչ թե որ իր հայրենիքից հեռու է, այլ որ հայրենիք չունի իր մեջ) մարդը հանկարծ բարբառում է, թե Արցախն ում կարող է պատկանել: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդայնացումը Բանինը համարում է «աշխարհի վերջը» (էջ 140):
Սա մետաֆոր չէ: Սա բացարձակ ճշմարտություն է: Իսկապես, վերջացավ այդ ավարա, անդարդ ու անպտուղ կյանքը: Կյանք, որը ոգեղեն ոչ մի նշույլ չէր կարող ծլեցնել, անգամ եթե Բախ էր նվագում եւ գիշերները գաղտնի Մոպասան կարդում: Այս արհեստական աշխարհի վերջը պիտի գար: Դրախտից արտաքսումը պիտի տեղի ունենար վաղ թե ուշ:
Դժվար է ասել, թե նոր աշխարհում ինչպիսի բնակիչ է դարձել Բանինը: Էլչինի հոդվածը եւ Բունինի հետ ունեցած նամակագրության դրվագը գրեթե ոչինչ չեն ասում, ինչպես առայժմ ոչինչ չի ասում գրքի վերջում զետեղված միեւնույն հեղինակի մյուս գրքերի ցուցակը՝ թվով ինը, որոնց մեջ նաեւ «Փարիզյան օրեր» վերնագրով մի գիրք կա: Հնարավոր է՝ Բանինն ինչ-որ չափով մերվել է նոր միջավայրին: Փարիզն ամենակուլ է, ամեն ոք այնտեղ մի անկյուն կգտնի: Բայց որ Բանինը երկիր, մշակույթ չի կորցրել, ինձ համար պարզ է: Նա կորցրել է հոր ահռելի ժառանգության իր բաժինը:
Չեմ կարծում նաեւ, թե այս գիրքը հնարավոր կլիներ ընդունել որպես դաժան ինքնադատություն, որ կարող էր անել սրտացավ, հայրենասեր գրողը՝ ի շահ իր ժողովրդի, որպիսին կարող ենք տեսնել Պատկանյանի, Սունդուկյանի, Րաֆֆու, Պարոնյանի, Օտյանի, Շահնուրի երկերում: Սա տանտիրոջ ցավն ու վրդովմունքը չէ: Բանինը տնատեր, նույնիսկ մի քանի տների տեր է եղել, բայց տանտեր չի եղել: Նա պարզապես դժգոհ է Ալլահից, որ «ազիրի» է ծնվել: Ահա ամբողջ տագնապը1:
Ես հասկանում եմ, որ Բանինի գիրքը հրաշալի առիթ է ընձեռում մեր հարեւաններին ամենաաննպաստ լույսի տակ ներկայացնելու: Մանավանդ որ, ինչպես ասացինք, սեփական ազգին խայտառակում է ինքը՝ «ազիրի» կինը: Շատ դյուրին է այս գայթակղությանը տրվելը, հատկապես վերջին երկու տասնամյակի ընթացքում կուտակված ծանրակշիռ պատճառներով: Չասած այն մասին, որ եթե մի հայազգի գրող նման գիրք տպագրեր (մի պահ պատկերացնենք), ապա շատ հնարավոր է՝ մեր հարեւան մտավորականները գիտական նստաշրջաններ հրավիրեին այդ կապակցությամբ: Չէ՞ որ Զ. Բունիաթով եւ այլք, պատմության աղբանոցներն ընկած, վարկաբեկիչ բնութագրումներ են հավաքում հայ ժողովրդի մասին: Այնուհանդերձ, ես չէի ուզի արջի ծառայություն մատուցել իմ ժողովրդին: Ես չէի ուզի, որ իմ հոդվածի (հնարավոր է նաեւ քննարկվող գրքի) ընթերցողը ձեռքերն ինքնագոհ շփեր, չարախնդար եւ վերեւից նայեր մեր հարեւաններին: Այդ նպատակով չեն գրվել այս մտորումները:
Ավետարանական ասույթը խորհուրդ էր տալիս ուրիշի աչքի շյուղը տեսնելուց առաջ սեփական գերանը նկատել: Եվ չնայած նրանց աչքում եղածն ամենեւին «շյուղ» չէ, այնուհանդերձ, զբաղվենք մեր գերաններով, որոնցից մեզանում շատ-շատ է կուտակվել:
Ավելի լուրջ պատճառ էլ կա:
Չի կարելի սեփական քաղաքականությունը՝ ինչպիսին ուզում է լինի, տնտեսական, թե մշակութային, վարել ուրիշի թերությունների հաշվարկով: Իսկ չարախնդալը, սեփական գերակայության զգացումն այդ սխալ հաշվարկի առաջին քայլերը կդառնան: Եվ դա կլինի ոչ միայն առօրյա կրքերի տխմար ինքնաբավարարում, վտանգավոր ինքնախաբեություն, այլեւ յուրատեսակ ինքնասպանություն: Եվ հետո, անվայել զբաղմունք է՝ պատմական ինչ-որ հատվածում քեզ համար ատելի դարձած հարեւանի թերությունները հավաքել եւ մատուցել աշխարհին: Սա քաղաքական իմպոտենտի զբաղմունք է, բարոյական ինքնաոչնչացում: Ուրիշի տան կեղտը փնտրելով, քո ժողովրդի մեջ սերմանում ես ցածր կրքեր, բամբասանքն ու զազրախոսությունը դարձնում համազգային քաղաքականություն: (Ճիշտ այդպիսին է Ադրբեջանի պետական ներկա քաղաքականությունը հայկական հարցում): Թերթենք մեր մատյանները, մեր դասականնների երկերը: Ստոր կրքերը, քինախնդրությունը երբեք չեն իշխել մեր մեծերի վրա: Ոչ մի վիրավորական տող չենք գտնի նրանց ժառանգության մեջ, որ ասված լինի մեր հարեւանների կամ մեզնից հեռու ապրող ժողովուրդների հասցեին: Մինչդեռ մենք նրանցից ինչե՜ր ենք քաշել…
Բանինի այս գիրքը ես, պարզապես, կհամեմատեի հայկական սփյուռքի մի շարք հեղինակների հետ: Իսկ ինչո՞ւ ոչ, չէ՞ որ սա էլ մեր հարեւանների մշակութային սփյուռքն է: Վերցնենք, օրինակ՝ «կարոտի գրականության» կարկառուն ներկայացուցիչներին՝ Համաստեղ, Շուշանյան, Մնձուրի կամ Էդվարդ Պոյաճյան: Հեղինակներ, որոնք ականատես էին կամ սեփական մաշկի վրա զգացին ցեղասպանության արհավիրքները, իսկ Շուշանյանը, մասնավորապես, եղեռնի եւ աքսորի ճամփաներին իրար ետեւից կորցրեց ծնողներին, քրոջն ու եղբորը, բազմաթիվ ազգականների, բարեկամների, իր ժողովրդի մի հսկա հատվածը… սակայն նրա ոչ մի ստեղծագործության մեջ ատելության, ոխի, վրեժի կամ պարզապես չարության տող անգամ չեք գտնի թուրքերի հասցեին:
Եվ, այնուհանդերձ, այս գիրքը մեզ համար ուսանելի բաներ ունի, եւ ես գոհ եմ, որ կարդացի: Ամենամեծ դասը մեզ համար պիտի լինի սեփական տաղանդներին գնահատելը, արժանին մատուցելը, եւ ոչ թե գորշության դժկամությամբ, միջակության սրտնեղությամբ, մի կերպ, իմիջիայլոց, այլ հիանալ կարողացող մարդու շռայլությամբ: Տաղանդի եւ բացառիկ անհատականությունների գնահատման գործը մեզանում լիմիտավորված է եղել ռազմական ժամանակների նորմաներով: Որովհետեւ տաղանդի լինել-չլինելու հարցը կախված է եղել զանազան ու անմեռ ցախեսների2 քմահաճույքներից: Լիլիպուտներն իրենց չափերով զգեստ են կարում գուլիվերների համար…
Բանինի գիրքն ինձ վերստին համոզեց, որ Սփյուռքը մեծ գրականություն է տվել մեզ: Տվել է գրողներ, որոնք իրենց ստեղծածով պիտի որ վաղուց գտնվեին մեր դարի համաշխարհային գրականության խոշոր դեմքերի շարքում: Իսկ եթե հիմա այդտեղ չեն, պատճառն այն է, որ մենք ինքներս, ինչպես հարկն է, դեռ չենք գնահատել, չենք հասկացել նրանց արժեքը… Այն դեպքում, երբ հնարավորություններ ունենք այսօր աշխարհի հետ, հոգեւոր ասպարեզում, խոսել ինչպես հավասարը հավասարի հետ եւ չենք անում, մեր հարեւաններն ամենաչնչին առիթը չեն փախցնում՝ աշխարհի աչքին քաղաքակիրթ երեւալու: Թերեւս արժե նրանցից որոշ բաներ սովորել այս հարցում: Եվ հատկապես նրանցից: Ինչո՞ւ ոչ:
1 «Տարօրինա՜կ մանկություն: Գիտեմ, որ ամեն մի մանկություն թվում է հեռավոր: Սակայն իմս, աշխարհագրական եւ հասարակական ամբողջական խզումի փաստով թվում էր առավել անիրական: Այլեւս ոչինչ ինձ չի կապում նրան՝ ո՛չ կրոնը, որը լքել եմ ես, ո՛չ լեզուն, քանի որ այսօր մտածում եւ գրում եմ ֆրանսերեն, ո՛չ իմ քաղաքացիությունը, որը փոխված է, ոչ էլ կորսված միլիոնները, ոչի՛նչ, ո՛չ ոք», – գրում է Բանինը (էջ 82): Այս անկեղծ ու ցավով ասված խոստովանությունից հետո, արդյոք, կարո՞ղ ենք նրան համարել աշխարհաքաղաքացի: Հազիվ թե: Քանի որ աշխարհաքաղաքացին նախեւառաջ խզում է տոհմական, կլանային, երբեմն նույնիսկ ժառանգական կապերն իր ժողովրդի հետ: Մինչդեռ, Բանինը որքան էլ խոսի «ամբողջական խզումի» մասին, ուղնուծուծով մնում է բիոլոգիական, քարանձավային բարբարոս «ազիրի», որին որքան էլ շպարես քաղաքակրթությամբ, միեւնույն է, իր զոոլոգիական հայատյացությամբ, ուզի թե չուզի, գալու է եւ կանգնի Ադրբեջանի Ժողճակատի՝ հարյուրամյա տատիկներ բռնաբարող ու ողջ-ողջ այրող իգիթների եւ կացին բռնող սաֆարովների կողքին:
2. Հոֆմանի «Պստիկ Ցախեսը» վիպակի հերոսը, հրեշ, ճիվաղ, ոչնչություն, նախանձի եւ չարության մարմնավորում: