«Առավոտի» հոկտեմբերի 23-ի համարում տպագրված «էջմիածնում 93 թի՞վն է» հոդվածում անդրադարձել էինք Էջմիածին քաղաքի էներգամատակարարմանը: Մեր աղբյուրը տեղեկացնում էր, որ «Էջմիածինը վերապրում է մութ ու խավար տարիները: Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը օրվա տարբեր ժամերի, երբեմն էլ՝ բոլորը միաժամանակ, հոսանքազրկվում են: Դա կարող է պատահել օրվա ընթացքում մի քամի անգամ, ցանկացած ժամի… հոսանքի հաճախակի տատանումներից փչացել-շարքից դուրս են եկել բնակիչների թանկարժեք էլեկտրական սարքավորումներ»:
Այս հրապարակումից հետո ստացել ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դ. Ղազինյանի պարզաբանումը: Էլցանցի պետը նշում է, որ մեր աղբյուրի տված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ պարզաբանում. «Առանց ժխտելու հնարավոր անջատումները, տեղեկացնում եմ, որ անջատումները լինում են պլանային եւ վթարային։ էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումները պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով, որոնք կատարելուց առաջ ընկերությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի 1Տ1358Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների (այսուհետ՝ ԷՄՕԿ) 4-րդ գլխի 24-րդ կետի համաձայն, «հ2» մետրային հեռուստաալիքով, «Լրաբեր» լրատվական ծրագրի վերջում տեղեկացնում է իր բաժանորդներին հաջորդ օրվա համար նախատեսվող ընդհատումների մասին: Այսօրվա դրությամբ պլանային անջատումները պայմանավորված են ձմռան նախապատրաստական միջոցառումների, ինչպես նաեւ «ՀԷՑ» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ցանցի վերակառուցմանն ու վերազինմանն ուղղված աշխատանքների հետ: Բացի ամենօրյա «հ2» հեռուստաալիքով տրվող հայտարարությունները, ներդրումային ծրագրով կատարվող աշխատանքների եւ դրանց հետ կապված ընդհատումների մասին «ՀԷՑ» ՓԲ ընկերությունը բազմիցս տեղեկացրել է ռեպորտաժների (նույն «հ2» հեոուստատեսությամբ) եւ այլ ԶԼՄ-ների միջոցով՝ հայցելով բաժանորդների ներողամտությունը: Վթարային անջատումների վերականգնումը նույնպես կարգավորվում է ըստ նույն ԷՄՕԿ-ի: 4-րդ գլխի 28 կետով սահմանված են էլեկտրաէներգիայի արտապլանային ընդհատման վերականգնման հստակ ժամկետներ, որոնք խստորեն պահպանվել են, բացառությամբ մի քանի դեպքերի, որոնք կապված չեն եղել մարդկային գործոնի հետ, որի պատճառով վերականգնվել է ուշացումով: Անանուն աղբյուրի կողմից նշված անջատումների քանակները եւ էլէներգիայի որակի այդքան վատ լինելը բավականին չափազանցված են։ Հոկտեմբեր ամսին տեղի է ունեցել 13 վթարային եւ 5 պլանային անջատում, որոնք վերականգնվել են ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետներում։
Ինչ վերաբերում է հոսանքի տւստանումների հետեւանքով շարքից դուրս եկած սարքավորումներին, նման դեպքերում ընկերության մասնաճյուղի եւ բաժանորդի հետ համատեղ կազմվում է տեխնիկական ակտ, որի հիման վրա «ՀԷՑ» ՓԲԸ-ի հաշվին կատարվում է նշված սարքավորումների վերանորոգումը։ Եթե սարքավորումը ենթակա չէ վերանորոգման, ընկերությունը ֆինանսական հատուցում է տրամադրում բաժանորդին՝ կրած վնասի դիմաց։ Անդրադառնալով էլեկտրաէներգիայի ցածր լարմանն ու տատանումներին՝ կցանկանայի նշել, որ այն կրում է ժամանակավոր բնույթ եւ հիմնականում պայմանավորված է «էջմիածին» 110/35/10 բարձր լարման ենթակայանի վերակառուցման եւ վերազինման հետ, որի արդյունքում կապահովվի էլեկտրաէներգիայի հուսալի ու անխափան էլեկտրամատակարարումը, զգալիորեն կնվազեն կորուստները;
Հոդվածում նշվում է նաեւ դեբիտորական պարտքերի դիմաց կատարվող անջատումների մասին, որոնք նույնպես իրականացվում են՝ խստորեն պահպանելով էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնները:
Ցանկանում եմ նշել նաեւ, որ «էջմիածին» էլեկտրացանցի սպասարկման տարածքում կա 28.060 բնակիչ եւ 1.566 հանրային բաժանորդ, որոնց ավելի քան 45%-ն այսօրվա դրությամբ դեբիտորական պարտք ունի»։