Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկարգվեց 50 տարի առաջ կառուցված աղբյուր-հուշարձանը

Հոկտեմբեր 27,2009 00:00

Ապարանցին գնահատել գիտե իր հերոսներին: Համայնավարության տարիներին քաղաքամերձ բարձունքում կառուցվեց Ապարանի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Արցախյան պատերազմի օրերին հուշահամալիրի մատույցներում իրենց վերջին հանգրվանը գտան զոհված ապարանցի ազատամարտիկները:

Դեռեւս 1946 թվականին՝ Մեծ հայրենականի ավարտից ընդամենը մեկ տարի հետո, քաղաքի մուտքի մոտ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ կառուցվեց աղբյուր-հուշարձան: Ապարան քաղաքի կենտրոնում վերջերս տեղադրվեցին Բաշ-Ապարանի հերոսներ Դրաստամատ Կանայանի, Եսայի Հասան Ջալալյանի, աշխարհահռչակ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի կիսանդրիները: Իսկ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Գռգռան» աղբյուր-հուշարձանի հանդիսավոր բացումը՝ բարեկարգված տեսքով: 1988 թվականի դեկտեմբերյան աղետից հետո աղբյուրը շուրջ 10 տարի փոխել էր հունը, ցամաքել: Տոնախմբությունն ուղեկցվեց ավանդական դարձած ծառատունկով: Արագածոտնի թեմի հոգեւոր դասը օրհնեց աղբյուրի ակունքը:

Ինչպես «Առավոտին» ասաց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, հուշարձանը տեսքի է բերվել 22 միլիոն դրամով, որի 10 տոկոսը ներդրել է համայնքը, մնացածը՝ Սոցներդրումների հիմնադրամը: Քաղաքապետն ասաց, որ ճգնաժամն իր բացասական հետեւանքն է թողել նաեւ Ապարանի կյանքի վրա, սակայն Ապարանում այս պահին հիմնանորոգվում են հիվանդանոցն ու դպրոցներից մեկը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել