ՀՀ մարզերի որոշ ծախսերի մասին
Արդեն հայտնի է, որ ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի ծախսային մասը 859,6 միլիարդ դրամ է, այս տարվա 945,4 միլիարդ դրամի փոխարեն: Մոտ 87 միլիարդ դրամով նվազեցված ծախսեր: Սա դեռ նախագիծ է եւ դեռ պարզ չէ, թե ինչ տեսքով կընդունվի: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ պատգամավորները, որպես կանոն, միայն լրացուցիչ ծախսեր կամ, որ նույնն է՝ ծախսերի վերաբաշխում են առաջարկում, ոչ ոք եկամտի լրացուցիչ աղբյուր չի մատնանշում: Մարզերի մասով ՀՀ կառավարությունը նախատեսում է մասնավորաբար հետեւյալ ծախսերը:
Ճգնաժամը չի տարածվի ՀՀ նախագահի եւ ՀՀ Ազգային ժողովի վրա: Նրանց պահպանման ծախսերը ավելացել են, իսկ ՀՀ կառավարության եւ տեղական «կառավարությունների»՝ մարզպետարանների պահպանման ծախսերը՝ նվազել: Մարզպետարանների պահպանման ծախսերը կնվազեն 5-20 միլիոնով: Բացարձակ թվերով ամենաքիչը՝ Արարատում՝ 5 միլիոն, ամենաշատը՝ Սյունիքում՝ 20 միլիոն: Եթե այս տարվա համար որոշվել էր «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում» տողով ծախսել 778 միլիոն դրամ, ապա եկող տարվա համար 18 միլիոնով քիչ է նախատեսված: Սեւանի ջրածածկ անտառների մաքրման համար, ինչպես եւ այս տարի, եկող տարվա համար 257,468 միլիոն է մի կողմ դրվել:
Այս տարվա սկզբում Երեւանը համայնք չէր եւ ՀՀ պետական բյուջեով 1,5 միլիարդ դրամ էր առանձնացվել Երեւանի փողոցների լուսավորության համար: Եկող տարի նույն նպատակի համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը կարող է ստանալ 1,696 միլիարդ, որպես սուբվենցիա՝ համայնքներին տրամադրելու համար: Այս տարվա համար նախատեսված էր ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել առողջապահական օբյեկտների հիմնանորոգման համար, միայն Վայոց ձորում՝ 130 միլիոն: Եկող տարի նման նորոգումներ նախատեսված չեն:
«Թանգարանային ծառայություններ եւ ցուցահանդեսներ» տողով այս տարի Արարատը եւ Գեղարքունիքը ստացել են 12, Շիրակը՝ 36, իսկ Լոռին, Սյունիքը եւ Վայոց ձորը՝ 8-8,5-ական միլիոն դրամ: Եկող տարի այս համամասնությունները կպահպանվեն: Կպահպանվի նաեւ Արծվաշեն համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանման ծախսը, առաջվա նման՝ 4,169 միլիոն:
Եվ 2009-ին եւ 2010-ին 6,960 միլիոն կտրամադրվի ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոների կազմակերպմանը:
Անփոփոխ կմնա նաեւ հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային գյուղերի մանկավարժներին տրվող փոխհատուցման չափը՝ 83,950 միլիոն, եւ Ջավախքի դպրոցներին գույք տրամադրելու համար գումարը՝ 30 միլիոն:
«Համայնքային մշակույթի եւ ազատ ժամանցի կազմակերպում» տողով այս տարի գումարներ են ստացել երեք մարզ՝ Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր՝ 1,3-ական միլիոն, եւ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ 32,5 միլիոն: Եկող տարի նույն մարզերը նույնքան գումար կստանան, իսկ նախարարությունը 23-25 տոկոսով քիչ՝ 25,4 միլիոն:
Այս պակասը կարող է լրացվել հաջորդ նպատակի համար նախատեսված գումարով: Մշակութային միջոցառումների համար ՀՀ կառավարությունը այս տարի առանձնացրել էր 940,445 միլիոն, այս տարի առաջարկում է 1,160 միլիարդ: Որից 951 միլիոնը կստանա մշակույթի նախարարությունը, իսկ մարզերը, բացի Սյունիքից՝ 2-3,5 միլիոն: Սյունիքը՝ 7,7 միլիոն:
Ներառական կրթության աշխարհագրությունը ընդլայնվում է, բայց ճգնաժամի արդյունքում այս նպատակի համար նախատեսվել է եկող տարի ավելի քիչ գումար: Բայց անփոփոխ 43,346 միլիոնը պետությունը կտա վինդսերֆինգ մարզաձեւին առնչվող ծառայություններին՝ մոտ այնքան, որքան տասը մարզպետարաններին՝ մշակութային միջոցառումների համար:
Վինդսերֆինգ մարզաձեւի մեծ սիրահար է Ռոբերտ Քոչարյանը: