Դեռեւս 2008 թվականի մարտին էր, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը սկսեց «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» եռամյա տարածաշրջանային ծրագիրը՝ նպատակ ունենալով Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում նվազեցնել գենդերային բռնությունները: Ընդդեմ գենդերային բռնության՝ Հայաստանում իրազեկման բարձրացման հանդիպումներ են կազմակերպվում ինչպես հանրապետության մյուս քաղաքներում, այնպես էլ Կապանում՝ քաղաքի կանանց ռեսուրս կենտրոնում: Հանդիպման մասնակից հասարակական, կրթական հաստատությունների ներկայացուցիչները եւ այլք հիմնականում քննարկում էին հետեւյալ հարցերը. ինչպիսի՞ տարածում ունեն գենդերային բռնությունները մեր հասարակությունում, ինչպիսի՞ ազդեցություն ունեն եւ ինչպե՞ս կարելի է նպաստել այս երեւույթի նվազեցմանը: Կարծիքները տարբեր են: Կապանի կանանց տարածաշրջանային ասոցիացիայի համանախագահ Սուսաննա Մարտիրոսյանը գտնում է, որ հասարակությանը կրթելով եւ ցավոտ երեւույթի նկատմամբ զգայուն դարձնելով՝ հնարավոր կլինի նվազեցնել մեր հասարակությունում մեծ տարածում գտած գենդերային բռնությունները: Անհրաժեշտ է իրազեկությունը բարձրացնել ոչ միայն կանանց շրջանում, այլ նաեւ՝ տղամարդկանց: Ըստ 2007 թվականին մեր հանրապետությունում անցկացված հարցումների, 4 հայ կնոջից 1-ը՝ որը բնակչության 28%-ն է, ենթարկվում է ընտանեկան բռնության, 17-%-ը՝ ծանր ֆիզիկական բռնության, 66%-ը՝ հոգեկան ճնշման: Իսկ հարցվածների 67%-ը գտնում է, որ բռնությունը հիմնախնդիր է:
Հավաքի կազմակերպիչները մտադիր են նմանատիպ հանդիպումներ անցկացնել նաեւ ուսուցիչների եւ բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ: Խնդիրը տեսանելի դարձնելու՝ իրազեկման բարձրացման նպատակով Հայաստանը անցած տարի միացել է «Ակտիվության 16-օրյակ՝ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավին:
Քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 25-ից, Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի միջազգային օրից եւ շարունակվում մինչեւ դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը: