Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱԴԱՐՁ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Հոկտեմբեր 27,2009 00:00

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, լրագրող, դրամատուրգ Գագիկ Հովհաննիսյանը 2001թ. կրկին «վերադարձավ» խորհրդարան՝ այս անգամ իր անտիպ «Քրիզանթեմների առավոտը» թրիլլերով: Փաստավավերագրական դրամայի հիմքում դրված են 1999թ. հոկտեմբերի 27-ի հայոց պառլամենտի շենքում իրականացված եւ 2001թ. սեպտեմբերի 11-ի Նյու Յորքում կատարված ահաբեկչությունները:
Ըստ հեղինակի, ահաբեկիչների թիրախը մարդն է, արժեքների կորուստը, որը 10 տարի անց խորապես կրում են դրամայի իրական հերոսների նախատիպերը՝ հայազգի Արգամն ու ամերիկուհի Ջեննին:

Առաջին անգամ տպագրվում է հատված անտիպ գրքից:

ՔՐԻԶԱՆԹԵՄՆԵՐԻ ԱՌԱՎՈՏԸ \"\"

«Համաշխարհային առեւտրի կենտրոն: Ջեննին, Բետտին»- կրկնում էր Արգամը: Բայց չգիտես ինչու մտածեց, որ եթե նրանք նույնիսկ մտել են այնտեղ, ապա, անկասկած, դուրս եկած կլինեն մինչեւ աղետը: Այս մտքից Արգամի երեսը լուսավորվեց ժպիտի նման ինչ-որ ճերմակ մի բանի հպումից, որ երեւաց սեղմված շուրթերի տակ ու անմիջապես էլ անհետացավ: Որովհետեւ, եթե ինքը հիմա է իմանում դրա մասին, դա չի նշանակում, որ կործանումը հիմա է տեղի ունեցել: Ահա էկրանին համրացած ութ անց քառասունհինգ րոպեն: Սա է ողբերգության իրական ժամը: «Ոչ, ոչ»- բղավեց Արգամն ու ցատկեց տեղից: «Նրանք չէին կարող դուրս գալ»,- մտածեց նա ու չէր հասցրել համակերպվել այս տարբերակին, երբ որոշեց, որ կարող էին, որովհետեւ Բետտին պետք է հասներ դպրոց: Արգամը հափշտակեց սեղանին դրված հեռախոսն ու սկսեց տենդագին հավաքել Սեդրակի հեռախոսի համարը:

– Լսում եմ, Արգամ,- Սեդրակի ձայնը տխուր էր ու ահաբեկված, ինչպես բոլոր հաղորդավարների ձայները, ովքեր խոսում էին ահաբեկչական այս սահմռկեցուցիչ ակտի մասին:

– Ի՞նչ է կատարվում, Սեդրակ,- դողացող ձայնով հարցրեց Արգամը:

– Տեռոր,- եղավ պատասխանը:

– Ես ուզում եմ տեսնել այն,- խնդրեց Արգամը:

– Անհնար է: Այնտեղ տանող ճանապարհները փակ են: Փրկարարական աշխատանքներ են իրականացնում,- բացատրեց Սեդրակը:

– Սեդրակ, լսիր ինձ, խնդրում եմ, դա շատ կարեւոր է:

– Հասկանում եմ, բայց հնարավոր չէ մոտենալ: Ես հիմա այնտեղից եմ գալիս:

– Ինձ այնպես է թվում, որ նրանք…

– Ես հետաձգել եմ երեկոյան հանդիպումը մեր ընկերոջ հետ: Կսպասեմ քեզ տանը,- ասաց Սեդրակը:

– Լսիր, հիշո՞ւմ ես, քիչ առաջ ես քեզ ասացի, որ Ջեննին ու Բետտին գնալու էին այնտեղ, հետո՝ դպրոց,- խուճապով վրա տվեց Արգամը:

Մյուս ծայրում լռություն տիրեց: Այն ձգվեց տանջալիորեն երկար: Արգամի ամբողջ հույսը Սեդրակն էր, որը հիմա մի հարվածով կփարատի իր կասկածներն ու ինքը… Արգամի ձեռքը, որով բռնել էր հեռախոսը, դողում էր:

– Հիշում եմ,- վերջապես լսվեց Սեդրակի ձայնը, որի մեջ հուսադրող համարյա ոչինչ չկար:- Դու մտածում ես, որ…

– Իսկ դու չե՞ս մտածում,- վախեցած, համարյա շշուկով հարցրեց Արգամը:

– Չեմ կարծում, բայց պետք է ճշտել,- հանգիստ ասաց Սեդրակն ու նույն հանդարտությամբ շարունակեց,- կգաս կտեսնենք, եթե պետք է…

– Գալիս եմ,- ասաց Արգամը, անջատեց հեռուստացույցն ու վազեց դեպի դուռը: Սակայն նույն պահին ինչ-որ բան հիշելով՝ վերադարձավ, հափշտակեց հեռախոսն ու հավաքեց Ջեննիի բջջայինի համարը: Մի ոտքից մյուսին էր հենվում: Անհամբերության, վախի ու կասկածի դողով էր բռնված ինքը, իսկ Ջեննիի հեռախոսը լռում էր: Հայացքը ընկավ փոքրիկ սեղանին դրված թղթապանակին, կռացավ ուզեց վերցնել, սակայն բռունցքով ուժեղ հարվածեց դրան ու վազեց դուրս: Անցավ այգին, քիչ անց հայտնվեց մարդաշատ փողոցում: Արտակարգ լարումով էին բռնված ոչ միայն մարդիկ, այլեւ տները, խանութները, ծառերն ու կանաչը: Սրան-նրան բախվելով ու ներողություն խնդրելով, գնաց առաջ:

– Թեեւ դաժան է կատարվածը, սակայն չեմ կարող չասել, որ դու ջախջախեցիր այդ Սթիվին, Ջեննիի ամուսնուն: Եվ ոչ միայն նրան, այլեւ նրա նման մտածողներին,-ասաց Սեդրակն ու որոշ ժամանակ լռելուց հետո շարունակեց,- կրկնում եմ, թեեւ այս պահին տեղին չէ նման բաների մասին խոսելը, մանավանդ՝ դեռ հայտնի չէ Ջեննիի եւ նրա աղջկա ճակատագիրը, բայց դու ապացուցեցիր շատ կարեւոր մի բան… եւ նրա արածը, պարզապես, անմարդկային էր:

– Դուրս գանք, խնդրում եմ, ճանապարհին կխոսենք,-շտապեցնում էր Արգամը:

Նրանք դուրս եկան, նստեցին ավտոմեքենան եւ ուղղվեցին դեպի ողբերգության վայրը: Սակայն ընթացքում Արգամը այնպիսի թախանձանքով խնդրեց նախ գնալ Ջեննիի տուն, որ Սեդրակը շփոթված արգելակեց մեքենան, հասկանալով, որ դա ոչ թե խնդրանք է, այլ հուսահատ մարդու օգնության կանչ: Շարժվեց առաջ: Արգամին մեկնեց հեռախոսը:

– Զանգով կարող ենք ճշտել՝ տա՞նն են նրանք, թե՞ ոչ:

– Չեմ կարող, պետք չէ, ավելի լավ է գնանք,- հրաժարվեց Արգամը:

Դա նրան հարկավոր էր՝ ինքնախաբեությունը երկարաձգելու համար, թեեւ տարբերությունը ընդամենը մի քանի րոպե էր:

– Համաձայն եմ: Այդպես ավելի լավ է,- ասաց Սեդրակը զգացված եւ մեքենան շրջեց աջ: «Միայն թե նրանք տանը լինեն: Ջեննին ու Բետտին տանը լինեն»- մրմնջում էր Արգամը ամբողջ ճանապարհին, մերթ-մերթ պատասխանելով նաեւ Սեդրակին, որի հարցերը հիմնականում վերաբերում էին Ջեննիի եւ նրա աղջկա այս կամ այն տեղում գտնվելու հնարավորությանը:

– Լսիր, Արգամ, նրանք անպայմա՞ն գնալու էին առեւտրի կենտրոն, թե դա այնպես…

– Կարծում եմ,- ցրված պատասխանեց Արգամն ու դարձյալ ինչ-որ բառեր մրմնջաց:

– Կարծում ես,- ահագին ճանապարհ անցնելուց հետո բազմանշանակ արձանագրեց Սեդրակն ու արգելակեց:

Նրանք արդեն Ջեննիի տան մոտ էին, եւ Սեդրակը սպասում էր, որ Արգամը իջնի, պարզի ու վերադառնա: Սակայն Արգամը չէր իջնում: Նայում էր տան կողմն ու դողում եւ դա պարզ երեւում էր: Նա ձգում էր ժամանակը: Գիտեր, որ իր ցանկությունը հիմա որեւէ նշանակություն չունի, ու եթե նրանք չեն վերադարձել, ինքը ոչինչ փոխել չի կարող: Ու շարունակում էր գամված մնալ տեղում: «Ահա, այն ծառից էր կախված իմ «Տեռորը», բազմաչարչար թղթապնակով»- մատնացույց անելով ծառը՝ մրմնջաց Արգամը, աչքերը ոչ թե ծառին, այլ իրականում տան պատուհաններին հառած: Սեդրակը չէր խոսում եւ սպասում էր, իսկ Արգամը չէր իջնում: Սեդրակը հասկացավ, որ իջնելը ընկերոջ համար լրջագույն փորձություն կլինի: Նա այդպես մնաց որոշ ժամանակ, հետո, հանկարծ, մեքենան աղմուկով շրջեց ու սլացավ ետ: Նրանք ոչինչ չխոսեցին ետդարձի ճանապարհին, որովհետեւ հասկացան, որ ո՛չ Ջեննին, ո՛չ Բետտին, չեն վերադարձել:

– Ես առավոտյան քեզ հետ խոսելուց հետո հիշեցի, թե երկրաշարժի օրը ինչպես էիր մնացել փլատակների տակ, զրկված շարժվելու հնարավորությունից, ու երբ առնետները մոտեցել էին, սկսել էիր հաշվել, թե երեք- չորս առնետով քանի օրում կխժռեն քեզ,- տխուր ժպիտով ասաց Արգամը, փորձելով վանել խեղդող լռությունը, սակայն ոչինչ չստացվեց:

Սեդրակը թույլ ժպտաց ու անմիջապես ժպիտը չքացավ դեմքից: Նա լարված ինչ- որ բան էր մտածում, որն այդպես էլ որոշակի ձեւ չէր ստանում: Արգամից անցնում էր Ջեննիին, նրանից՝ Սթիվին, երկու տարի առաջ Հայաստանի պառլամենտում տեղի ունեցած ոճրագործությանը, երկրաշարժին ու դրան գումարած՝ այս մեկին: Եվս մեկը: «Մի քանի զինված տղերք ներխուժեցին խորհրդարան ու գնդակահարեցին ե՛ւ վարչապետին, ե՛ւ պառլամենտի նախագահին, ե՛ւ մի քանի պատգամավորների». հիշեց Արգամի «Տեռոր»-ից այս տողերը ու դարձյալ ցնցվեց այն մտքից, թե ինչպես է ողբերգական այդ ահռելի իրադարձությունը դարձել ընդամենը մեկ տող. «Ներխուժեցին ու գնդակահարեցին»: «Իսկ սրա մասին հավանաբար կգրեն՝ մխրճվեցին ու կործանեցին: Այո, աշխարհը իրադարձությունների պակաս չի զգում, մանավանդ՝ արյունալի իրադարձությունների: Հեշտ չէ ոչ ապրողի, ոչ մեռնողի համար», ինքն իր հետ խոսեց Սեդրակն ու սեւեռվեց Բետտիի վրա, որովհետեւ այս ամբողջ ընթացքում իրար հաջորդող մտքերն ու զգացումները կապվում էին մեկ ընդհանուր փնտրտուքով. ինչպե՞ս պարզել մոր եւ աղջկա հարցը: Դա հեշտ էր անել այն դպրոցում, ուր սովորում էր Բետտին: Բայց ամբողջ բարդությունն այն էր, որ ինքը չգիտեր, թե որտեղ է սովորում նա: Եթե այսօր չի եղել դպրոցում, ուրեմն, միանշանակ նրան պետք է որոնել այնտեղ՝ Համաշխարհային առեւտրի կենտրոնում, հիմա արդեն՝ նախկին: Սեդրակը թեեւ չէր ճանաչում Բետտիին, սակայն այս մտքից անողոք մի ցավ զգաց ներսում: Բետտին համարյա իր աղջկա տարիքին էր, գուցե մեկ-երկու տարի փոքր:

– Դու պատահաբար չգիտե՞ս, թե որ դպրոց էր հաճախում Բետտին,- ներսում առաջացած ցավը ցուցադրող շարժումը անհաջող թաքցնելով, հարցրեց Սեդրակը:

Արգամը գլուխը տարուբերելով՝ հասկացրեց, որ չգիտե: Սեփական հայտնագործությունը նրան այն աստիճան էր նվաստացրել, որ դեռ երկար ժամանակ կպահանջվեր ուշքի գալու, կատարվածը ընկալելու, գուցե գնահատել կարողանալու համար: Նա հիմա էր հասկացել, թե ինչից էր ուզում փրկվել Ջեննին: Ինքը չդարձավ այդ ուժեղ տղամարդը, որովհետեւ չկարողացավ կռահել այն, ինչը զգում, սակայն չէր կարողանում բացատրել Ջեննին: Դա այն անհասանելին էր, որին չի կարող մոտենալ ոչ ոք: Դա կործանման վտանգն էր, որ թաքնվել էր Ջեննիի մեջ ու դատապարտել նրան:

***

Հեռվից երեւաց կիսված հսկաների ծխախեղդ մարմինը: Առաջ գնալ այլեւս չէր թույլատրվում: Փողոցները հսկայական շառավիղով փակված էին ոստիկանական ավտոմեքենաներով: Խուճապը փակել էին այդքան տարածքում, որի վրա կախված էր արյունալի մղձավանջի աներեւույթ գորշությունը: Հրշեջների շարժվող սաղավարտները, փրկարարների աճապարող պատգարակները, ոստիկանների գործողությունների վճռական անորոշությունը, փլված շինություններից ահագին հեռավորությամբ, ավելի սրտաճմլիկ էին դարձնում իրավիճակը, քան փլատակների վրա ու դրանց ներսում: Այնտեղ այլեւս սենտիմենտ չկար: Դեպի փլատակները մղվող մարդկային զանգվածի առաջխաղացումը կասեցնելու ջանքերը՝ ողբերգությունը դուրս էին բերում նախնական խորհրդավորությունից ու ամբողջ մերկությամբ դնում մարդկանց առաջ, իբրեւ իրեղեն ապացույց նրանց խոցելիության ու անօգնականության…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել