Հայաստանը գտնվում է զարգացման շրջադարձային փուլում: Եթե չհաջողվի համոզել տեղական ընկերությունների ղեկավարներին լուրջ միջոցներ ձեռնարկել երկրի սակավ բնական ռեսուրսների, ինչպես, օրինակ՝ ջրի, օդի, հողի եւ անտառների պահպանության ուղղությամբ, ապա շուտով կկանգնենք էկոլոգիական ճգնաժամի դեմ հանդիպման: Այս ճգնաժամից խուսափելու համար «Արեւորդի» փառատոնի շրջանակներում «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունն ու վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը երեկ կազմակերպել էին սեմինար՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) թեմայով: Այս սեմինարի կազմակերպիչների նպատակն է խրախուսել տեղական գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ իրենց գործունեության մեջ հետեւողականորեն իրականացնել ԿՍՊ ռազմավարություններ, ինչը գրավական կդառնա իրենց բիզնեսի, ինչպես նաեւ՝ մեր պետության զարգացման համար: Սեմինարի կազմակերպիչների կարծիքով, բնապահպանական իրավիճակի բարելավման գործում առանցքային դեր ունի մասնավոր հատվածը եւ անհնար է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բարելավումներ ակնկալել առանց տվյալ ոլորտում լուրջ ներդրումներ կատարելու: Գերմանիայի «Սերթելսման» հիմնադրամի ԿՍՊ նախագծի ղեկավար Աննա Փեթերսի խոսքերով, գործարար դաշտի ներկայացուցիչների մասնակցությունը բնապահպանական իրավիճակի բարելավման գործընթացում կարող է խթան հանդիսանալ այնպիսի ռազմավարական գործիքների միջոցով, ինչպիսին է կորպորատիվ սոցիալական պատասխանատվութունը: