Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ թեկնածուն հին փոխմարզպետն է

Հոկտեմբեր 27,2009 00:00

Շիրակի փոխմարզպետի պաշտոնի շուրջ կրքերը գնալով թեժանում են

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արտերկրյա բուժումից վերադառնալուց հետո գյումրեցի հանրապետականների շրջանակներում սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ քաղաքապետը մտադրված է Շիրակի փոխմարզպետ դարձնել իր ավագ եղբորը՝ Գեւորգ Ղուկասյանին, այդ պատճառով էլ նա առարկում է նախկին փոխմարզպետ, հանրապետական Բորիս Ալեքսանովի վերադարձը հին պաշտոնին: Անդրադառնալով այս թեմային՝ պարոն Ալեքսանովը «Առավոտին» վստահեցրեց, որ փոխմարզպետի միակ թեկնածուն ինքն է, քանի որ ՀՀԿ-ի մարզային խորհուրդը նիստ է գումարել եւ այդ մասին միաձայն որոշում կայացրել, ինչն էլ տեղի է ունեցել մարզային խորհրդի նախագահ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ. «Վարդան Ղուկասյանը այդ ժամանակ արտերկրից զանգեց եւ ասաց, որ արձանագրության մեջ պարտադիր նշվի, որ դա իր նախաձեռնությունն է եւ ինքը համաձայն է մարզխորհրդի որոշմանը»: Այդ դեպքում ինչո՞ւ են որոշ հանրապետականներ պնդում, որ քաղաքապետը ավելի շուտ կցանկանար այդ պաշտոնում իր եղբորը տեսնել մեր հարցին ի պատասխան՝ Բ. Ալեքսանովը պատասխանեց. «Եթե մեր մարզխորհրդի կամ կուսակցականների միջից որեւէ մեկը նման հայտարարություն է արել, որ իբր թե Ղուկասյան Վարդանը այդ պաշտոնում նկատի է ունեցել իր եղբորը, սա ընդամենը զրպարտանք է եւ սրիկայություն մեր կուսակցության այդ անդամի կողմից»:

Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ է պարոն Ալեքսանովը այդքան շատ ուզում վերականգնվել իր հին պաշտոնում եւ արդյոք նրա մեջ դեռ վիրավորա՞նքն է խոսում: «Հանրապետության համարյա թե բոլոր լրատվամիջոցներով իմ աշխատանքից դուրս գալու մասին գրվեց եւ գրվեցին բուն պատճառները: Նախ ես աշխատանքից դուրս եմ եկել համաձայն իմ դիմումի, բայց, ինչպես գիտեք, նման պաշտոնից համաձայն դիմումի դուրս չեն գալիս, որովհետեւ էստեղ կա նաեւ նախապայման, պարզապես ես մարդկանց անուններ չեմ ուզում տալ, աչք կար այդ պաշտոնի վրա, եւ երբ ասացին, որ նման խնդիր կա, երջանկահիշատակ վարչապետի՝ Անդրանիկ Մարգարյանի մոտ է եղել այդ խոսակցությունները, ես ասել եմ, որ էդ դեպքում ես դիմում կգրեմ ու համաձայն դիմումի դուրս կգամ աշխատանքից եւ այդպես էլ եղել է: Իսկ աշխատանքից դուրս գալուց հետո ես նշանակվել եմ մարզպետի խորհրդական եւ 6 ամիս նորից անընդմեջ ղեկավարել եմ բնակարանների բաշխման հանձնաժողովի նախագահի պաշտոնը»,- պատմեց Բորիս Ալեքսանովը:

Մեր հարցին, թե մարզպետարանցիների այն պնդումները, թե պարոն Ալեքսանովին փոխմարզպետի պաշտոնից ազատել են բնակբաշխման մեջ թերանալու պատճառով՝ ճիշտ չե՞ն, նա ասաց. «Դա բնակբաշխման հետ բացարձակ կապված չէ, եթե բնակբաշխման հետ կապված լիներ, ինձ աշխատանքից ազատելուց հետո կազատեին նաեւ բնակբաշխման հանձնաժողովի նախագահի պարտականություններից»: Մենք պարոն Ալեքսանովից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է Հանրապետական կուսակցությունը ցանկանում տիրանալ այդ պաշտոնին եւ մի՞թե հանրապետականները Շիրակի մարզում լծակներ ավելացնելու խնդիր ունեն, չէ՞ որ մարզպետարանի առաջին եւ 2-րդ աթոռները եւս հանրապետականներ են զբաղեցնում՝ Լիդա Նանյանը առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, մյուս փոխմարզպետը եւս հանրապետական է: «Գիտեք, մեր կուսակցության դիրքերը միշտ ամուր են եղել եւ պաշտոններով չի պայմանավորված, պարզապես քանի որ էսօր Հանրապետական կուսակցությունը իշխանություն է ներկայացնում, ցանկալի է, որ կուսակցության ուժերը ներդնենք մարզի եւ քաղաքի էլ ավելի ամրապնդման, բարգավաճման համար»,- պարզաբանեց Բորիս Ալեքսանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել