Այդ պատճառով էլ ծննդաբերելիս ծանր խնդիրների առաջ են կանգնում
Ամեն տարի Հայաստանում ծննդաբերության ժամանակ միջինը 10 կին է մահանում։ Ծննդկան կանայք հիմնականում մահանում են արյունահոսության, հղիության ընթացքում առաջացած ծանր բարդությունների՝ ճնշման բարձրացման, բորբոքումների եւ աբորտի պատճառներով։ Բացի այդ, մի շարք բժիշկ-մասնագետներ պնդում են, որ հղիության ընթացքում կանայք լիարժեք հետազոտություն չեն անցնում եւ շատ դեպքերում հենց այդ թաքնված հիվանդություններն են հղիության ավելի ուշ շրջանում ի հայտ գալիս եւ ծննդկանին վնասում: Այս տարի էլ տասը ամիսների ընթացքում ծննդաբերության ժամանակ արդեն 6 կին մահացել է։ Մոտ 3 ամիս առաջ հանրապետությունում մեծ աղմուկ բարձրացրեց Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում (Մարգարյան հիվանդանոց) տեղի ունեցած երիտասարդ ծննդկանի մահվան դեպքը: Նա լույս աշխարհ բերելով երկվորյակ, ծննդաբերությունից հետո մահացավ: Ուսումնասիրություններից հետո բժշկական սխալ չհայտնաբերվեց։ Երեկ «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանն ասաց, որ մահացած ծննդկանի հետ տեղի ունեցածը պտղաջրերով էմբոլիա է, այսինքն՝ պտղաջրերն անցել են ծննդկանի արյան շրջանառության համակարգի մեջ՝ առաջացնելով շնչահեղձություն եւ արյան մակարդման խանգարումներ. «Այս բարդությունը աշխարհում ոչ մի բժիշկ չի կարող կանխատեսել եւ բուժել, ամենազարգացած երկրներում անգամ նման դեպքեր լինում են։
Ըստ վիճակագրության, մեր երկրում մայրական մահացության ցուցանիշը ԱՊՀ երկրների համեմատությամբ՝ ցածր է, սակայն եվրոպական երկրներից՝ բարձր։ Գ. Ավագյանի ներկայացմամբ, այս տարի տեղի ունեցած մահվան 2 դեպքից կարելի էր խուսափել, սակայն այդ կանայք գրավոր հրաժարվել են հղիությունը դադարեցնելու բժիշկների հորդորից. «Ծանր աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն ունեին, 2-ն էլ 35 տարեկանից բարձր տարիքային խմբում էին, եւ զարգացել էր սրտամկանի ինֆարկտ, որը մեր կողմից կանխատեսելի էր։ Մահացած կանանցից մեկն էլ հիվանդ է եղել տուբերկուլյոզով եւ չի իմացել դրա մասին, քանի որ չի դիմել բժշկի, ի վերջո նրա մոտ զարգացել է թոքային անբավարարություն։ Ընդհանրապես, հղիության ընթացքում բոլոր եղած հիվանդությունները սրանում են։ Մի կին էլ մահացել է կեսարյան հատումից 4 օր անց, նա գլխուղեղի անոթների ինսուլտ է ունեցել, որի պատճառով էլ մահացել է, սա հղիության եւ ծննդաբերութան հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Հաջորդ դեպքը եղել է այսպես. կնոջ պտուղը մահացած է եղել, եւ պտղի հեռացման ժամանակ կնոջ արգանդում առաջացել է տրոմբոէմբոլիա, այսինքն՝ անոթների խցանում։ Հնարավոր է մահացած պտղից էլ դա զարգանար»։
Գ. Ավագյանը վստահեցրեց, որ այսօր մեր պետությունը ծրագրեր է իրականացնում մայրական մահացությունը կրճատելու համար. «Հազարամյակի 8 նպատակներից մեկը մայրական մահացության կրճատումն է։ Մինչեւ 2015 թվականը մենք պետք է մեկ չորրորդով իջեցնենք մեր երկրի մայրական մահացության ցուցանիշը։ Այս նպատակով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն, որը կենտրոնացված է Պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններում։ Այս կենտրոնները շուրջօրյա են աշխատում, Երեւանի բոլոր առաջատար մասնագետներն էլ ներգրավված են այս թիմում։ Հանրապետության ցանկացած կետից կարող են զանգել։ Եթե ահազանգ է լինում, որքան հնարավոր է շուտ, դա կախված է նաեւ ճանապարհներից, արձագանքում են, այսինքն՝ հագեցված ռեամոբիլներ են ուղարկվում, մասնագետները ճանապարհից սկսած հրահանգներ են տալիս ծնունդն ընդունողներին, մինչեւ իրենք տեղ կհասնեն։ Տեղ հասնելով էլ, եթե հնարավոր է, տեղում են կազմակերպում բուժօգնությունը, եթե ոչ, ապա ծննդկանին տեղափոխում են պերինատոլոգիայի կենտրոն։ Բացի այդ, պետք է նշել նաեւ, որ կրկին մեր նախարարի գործունեության շնորհիվ, այն բոլոր կանայք, որոնք ունենում են տրոմբի օջախ, որը կարող է ծննդաբերության ժամանակ պոկվել եւ խցանել որեւէ անոթ, կավաֆիլտրից են օգտվում՝ անվճար, որը շատ թանկ եւ դժվարամատչելի բուժօգնություն է։ Սա կանխարգելում է տրոմբոէմբոլիան։ Պետք է ասել նաեւ, որ հիմա ունենք 3 մակարդակի ծնունդօգնություն եւ ծանր դեպքերն ուղարկվում են արդեն 3-րդ մակարդակի բժշկական հաստատություններ։ Նշեմ, որ հղիների հետազոտումը եւ ծննդալուծումը կատարվում է անվճար, մինչեւ հետծննդյան 42-րդ օրը ներառյալ։ Ունենք նաեւ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի խորհուրդ, որը գլխավորում է մեր նախարարը»։ Ըստ Գ. Ավագյանի, մայրական մահացության դեպքերը մանրամասնորեն ուսումնասիրվում եւ վերլուծվում են. «Այս խորհրդում ներգրավված են բոլոր առաջատար մանկաբարձ-գինեկոլոգները։ Սրա նպատակը ոչ թե այն է, որ պետք է բԺիշկներին պատժենք, այլ գտնել պատճառները, թե ինչից մահացավ ծննդկանը, որ էտապում կար սխալ։ Հիմա մենք ներդրում ենք նաեւ մեկ այլ համակարգ, որով ուսումնասիրելու ենք «մազից կախված» դեպքերի ուսումնասիրությունը. սրանք այն դեպքերն են, որոնց ժամանակ կինը բարեբախտաբար չի մահացել, բայց նրա կյանքը մազից է կախված եղել»։