Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել էին անվճար սնվելու

Հոկտեմբեր 27,2009 00:00

«Պանարմենիան էքսպոյում» անվճար հյութ, պանիր ու մուրաբա հյուրասիրող ընկերությունների տաղավարների մոտ հերթեր էին գոյացել:

Հայաստանում տեղական արտադրողը ցածր տոկոսադրույքով վարկերի, մաքսային ու հարկային արտոնությունների, մրցակցային հավասար պայմանների, այլ կերպ ասած՝ պետության աջակցության կարիքն ունի: Համենայնդեպս, սրանք առաջնային խնդիրներ էին, որ մեզ հետ զրույցում ներկայացնում էին հոկտեմբերի 23-25-ը Երեւանում կայացած «Պանարմենիան էքսպո» համահայկական 3-րդ ցուցահանդեսի մասնակիցները: Ցուցահանդեսի նպատակը, կազմակերպիչների հավաստմամբ, մեր տնտեսության հիմնական ճյուղերի գործարարներին մի տանիքի տակ հավաքելն է, որպեսզի նրանք կարողանան գործնական բանակցություններ վարել, սպառողին ճանաչելի դառնալ ու նոր առաջարկներ ներկայացնել: Չնայած կազմակերպիչների այս լավատեսական ցանկություններին, մեզ հետ զրույցում գործարարների մեծ մասը նշում էր, որ ընկերության այս կամ այն արտադրատեսակներով հետաքրքրված այցելուները սակավաթիվ են, հիմնականում այցելում են ժամանակ անցկացնելու, անվճար հյութ, պանիր, թթու ու մուրաբաներ ուտելու համար: Ցուցահանդես՝ մեր այցելության պահին էլ հերթեր էին գոյացել անվճար սնունդ հյուրասիրող ընկերությունների եւ «կազինո» գովազդող տաղավարների առջեւ, իսկ, ասենք, երկաթբետոնե կոնստրուկցիաների կամ շինարարական ներկեր ու ծեփամածիկներ արտադրողների տաղավարներին հատուկենտ մարդիկ էին մոտենում ու շատ արագ հեռանում:

Տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերությունների հետ մեր զրույցից մի ընդհանուր եզրակացության հանգեցինք. տեղական արտադրության որոշ ճյուղեր հոգեվարքի մեջ են: «Բիո-Քիմ» ընկերության համասեփականատեր Անահիտ Վարդապետյանին մտահոգում էր այն, որ չնայած տեղական շատ արտադրատեսակներ ներկրվածի համեմատությամբ մատչելի են, սակայն հայ սպառողը տեղական արտադրանքին այնքան էլ չի վստահում: Տիկին Անահիտը պատմեց, որ մի անգամ ականատես է եղել, թե ինչպես է խանութում վաճառողուհին գնորդին համոզում, որ «Բիո-Քիմ» ընկերության արտադրության մազի ներկը բուլղարական է: Երբ տիկին Անահիտը միջամտել է եւ ասել, որ այդ ներկը Հայաստանում է արտադրված, գնորդը անմիջապես հեռացել է, իսկ վաճառողուհին էլ նրան խնդրել է չխանգարել իրենց աշխատանքին: Մեզ հետ զրույցում Ա. Վարդապետյանը նշեց, որ ընկերությունը նաեւ ֆինանսական խնդիր ունի, ու վարկավորում ստանալու համար դիմել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին, սակայն ապրիլից մինչ այսօր ոչ մի պատասխան չեն ստացել: Տիկին Անահիտը նշեց նաեւ, որ մինչեւ վերջերս ընկերությունը զբաղվել է միայն կանանց համար նախատեսված կոսմետիկ միջոցների արտադրությամբ, սակայն տեսնելով, որ շուկայում մրցակցությունը շատ մեծ է եւ այդ կերպ գրեթե անհնար է արտադրություն պահելը, սկսել են նաեւ արտադրել ատամնաբուժական նյութեր:

Ցուցահանդեսի մեկ այլ տաղավարում կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանը մեծ ոգեւորությամբ գովազդում էր Գյումրիում՝ «Yves Martin» ապրանքանիշով արտադրվող տղամարդու ներքնահագուստը: Պատրաստի ներքնաշորը Հայաստանում չի վաճառվում, գործարարը դրանք արտահանում է Կանադա: «Առավոտին» հետաքրքրում էր, եթե տեղական շուկայում սպառում չկա, ինչո՞ւ արտադրությունը եւս չի կազմակերպվում Կանադայում: Պարոն Ամիրյանը մեզ հավաստիացրեց, որ միայն հայրենասիրությունից դրդված է Գյումրիում գործարան աշխատեցնում. «Ես լավ եմ, ուտելիք ունեմ, բայց երբ կտեսնիմ, որ հայ տիկինները կաշխատին ու իրենց ամսականները կառնին, ինձի համար աշխարհ արժի»: Կանադահայ գործարարն էլ դժգոհ էր մեր պետության վարած մաքսային քաղաքականությունից: Նրա խոսքերով, օրինակ՝ Չինաստանից Կանադա ապրանքը ներմուծվում է 0 տոկոս մաքսավճարով եւ միայն ապրանքի վաճառքից հետո է պետությունը գանձում 15%-ը, մինչդեռ Հայաստանում գումարներ են գանձվում թե ներմուծման ժամանակ եւ թե վաճառքից, ինչն էլ խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը: Ներքնաշորերով հետաքրքրվող բոլոր այցելուներին պարոն Ամիրյանը խորհուրդ էր տալիս գնել միայն հայ արտադրողի արտադրանքը, ոչ թե չինականը կամ թուրքականը, որպեսզի «հայ արտադրողը կարողանա աշխատել ու մեր դրամը մնա մեր պետության ներսում»:

Ցուցահանդեսի տաղավարներից մեկն էլ զարդարված էր «Էմ Էս Գրուպ Սիստեմսին» պատկանող «Ռենջեր» եւ «Սոֆի» քաղցր բամբակներով: Սա այն ընկերությունն է, որին ընդամենը մի քանի ամիս առաջ հարկայինը, մեղմ ասած, խայտառակ արեց՝ առանց օրինական գրանցման եւ հակահիգիենիկ պայմաններում արտադրություն կազմակերպելու համար:

Ցուցահանդեսին մասնակցության նպատակը որոշ ընկերություններ հիմնավորում էին ծախսերի կրճատման տեսանկյունից: Օրինակ, «Քրաուն Քեմիքլ» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ սպառողին գրավելու համար գովազդը արդեն հնացած ձեւ է, իսկ այս կերպ նրանց հետ անմիջականորեն շփվելու եւ սեփական արտադրանքն ու գնային առաջարկները ներկայացնելու հնարավորություն կա:

«Պանարմենիան էքսպոյում» ներկայացված էին գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կահույքի եւ կենցաղային տեխնիկայի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում գործող ընկերություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել