Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոկտեմբեր 27,2009 00:00

Նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումները

ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը (ղեկավար՝ Հովհաննես Հովսեփյան) վերջերս տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ է իրականացրել: Ցնցող են հատկապես ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ուղեւորափոխադրումների կազմակերպման եւ իրականացման գործընթացի, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործունեության «մասով» արդյունքները:

ՀՀ միջմարզային երթուղիներում, իսկ դրանց թիվը 354-ն է, առաջարկվող եւ փաստացի գանձվող սակագները, պարզվում է՝ ամենեւին էլ տնտեսագիտորեն հիմնավորված չեն, գրեթե բոլոր երթուղիները սպասարկվում են առանց համապատասխան սխեմայի եւ այլն, ինչը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջների կոպիտ խախտում է:

Ըստ նախագահի վերահսկողականի՝ «Ասեման տուր Թրավել» ՍՊԸ-ն դիմել է, որպեսզի թույլտվություն ստանա Երեւան-Թեհրան-Երեւան երթուղով միջպետական տուրիստական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու՝ իրանական «Սեյրո Սաֆար» ընկերության հետ համատեղ կազմված միջպետական երթուղու չվացուցակով, ու տրանսպորտի եւ կապի նախարարն էլ գրել է, թե չի առարկում ոչ կանոնավոր, տուրիստական ուղեւորափոխադրումներ իրականացնելուն: Սա այն դեպքում, երբ ոչ կանոնավոր, այսինքն՝ պատվերով փոխադրումների համար նախարարությունից թույլտվություն չի պահանջվում, իսկ կանոնավորի դեպքում անհրաժեշտ է հաղթել համապատասխան կարգով ամրագրված մրցութում:

Վերահսկողականը հետաքրքրվել է նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով իրականացվող ուղեւորափոխադրումներով. ընտրանքային կարգով ուսումնասիրված 12 լիցենզավորված կազմակերպություններից 10-ը ենթակա չի եղել լիցենզավորման:

Ըստ ուսումնասիրությունների, ՀՀ տարածքում գործում են 37 ավտոկայարաններ եւ ավտոկայաններ, նախկինում գործող 4-ի փոխարեն (մինչեւ 01.01.2009), եւ նոր ավտոկայարանների թվաքանակի ավելացումները հիմնավորված չեն կազմակերպչական ու ֆինանսական առումներով: Պարզվել է նաեւ, որ 19 ավտոկայանից 6-ը փաստացի չի գործում (Հրազդանի, Թալինի, Ստեփանավանի, Աշտարակի, Իջեւանի, Տաշիրի), սակայն ունեն հաստիքային աշխատողներ, որոնց ամսական աշխատավարձը… 700 000 դրամ է: Ըստ նույն աղբյուրի, 37 ավտոկայանների տնօրեններից 30-ը տրանսպորտի եւ կապի նախարարի կուսակիցներն են:

Նախագահի վերահսկողականի՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում իրականացրած ուսումնասիրություններից երեւում է, որ բացակայում են 13 ավտոկայանների փաստաթղթերը, «Հայավտոկայարանի» անբարեխիղճ աշխատանքի եւ անհետեւողականության պատճառով Սեւանի, Կապանի, Ամասիայի, Սիսիանի, Աշոցքի ավտոկայանների շենքերը եւ հողատարածքները օտարվել են: Կամ՝ Իջեւանի ավտոկայանի տարածքում այժմ մթերային խանութ է, իսկ Սեւանի ավտոկայանի տարածքում՝ ռեստորան:

Ռեկորդային խախտումներ են գրանցվել հատկապես քաղավիացիայի ոլորտում: Օդանավ շահագործողի վկայականը (ՕՇՎ) միակ եւ անհրաժեշտ փաստաթուղթն է, որով ընկերությունը վերածվում է ավիաընկերության: Սա ամփոփ եղանակով հավաստում է այն, որ ընկերությունում առկա են բոլոր անհրաժեշտ կազմակերպչական, իրավական, տեխնիկական, նյութական ու մնացած միջոցները՝ անվտանգ եւ արդյունավետ փոխադումներ իրականացնելու համար: Ներկա պահին ՀՀ ԿԱ ՔԱԳՎ կողմից օդանավ շահագործողի վկայական է տրամադրվել 12 ընկերության:

Նախագահի վերահսկողական ծառայությունը պարզել է, որ գրեթե բոլոր դեպքերում ընկերություններին ՕՇՎ է տրվել աղաղակող խախտումներով: Շուրջ 10 ընկերությունների վկայականում նշված է այլ ընկերության անուն, չկա վարձակալության պայմանագիր, ինչի հետեւանքով հնարավոր չէ հասկանալ՝ շահագործման կամ սեփականության իրավունքով տվյալ ընկերությանը պատկանո՞ւմ է արդյոք այդ օդանավը, որի հիման վրա կատարվել է սերտիֆիկացումը: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս», «Էյր Արմենիա», «Սաութ Էյրլայնզ», «Արարատ Ինթերնեյշնլ Էյրլայն» եւ այլ ընկերությունների: Պարզվել է նաեւ, որ սերտիֆիկացումն իրականացվել է առանց սերտիֆիկացնող կազմակերպությունում տեսչական ուսումնասիրություն կամ ստուգում անցնելու: Օրինակ՝ «Ատլանտա Յուրոփիան Էյուեյսի», «Արմավիայի», «Մեգա Էըր Լայնզի», «Վերթիռի», «Արարատ Ինթերնեյշնլ Էյրլայնի» դեպքում վկայականի հետ չեն տրամադրվել սերտիֆիկացման 4-րդ փուլով նախատեսված շահագործման պայմանները: Ի դեպ, շահագործման պայմաններում պարտադիր պետք է ամրագրված լինեն օդանավերի արտադրողները, տեսակները, ուղեւորատարողությունը, թույլատրելի օդուղիները, վարձակալած օդանավի շահագործման վերաբերյալ պետք է նշված լինեն համաձայնագրի կողմերը, գործողության ժամկետը եւ այլն:

Նախագահի վերահսկողականը փաստում է, որ բացի ՕՇՎ տրամադրելուց, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ն պատշաճ կերպով չի իրականացնում ՕՇՎ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունը (ընկերությունները պետք է ստուգվեն տարին 2 անգամ): Կառույցի տվյալներով՝ 2007-2008թթ. յոթ ընկերությունում չի իրականացվել 16 պլանային ստուգում: 17 ընկերությունից 14-ն էլ բազավորված է եղել եւ գործունեություն է իրականացրել ու իրականացնում արտասահմանյան երկրներում: Ընդ որում, «դրսում» իրականացված ստուգումների գործուղումների ծախսերը կատարվել են այն նույն ընկերությունների հաշվին, որոնք ստուգել են տվյալ գործուղման արդյունքում: Վերջին փաստը, վերահսկողականի համոզմամբ, ոչ միայն կասկածի տակ է դնում ստուգումների օբյեկտիվությունը, այլեւ կարող է որակվել որպես քաղծառայողի կողմից գումար կամ ծառայություններ ստանալ, ինչն արգելված է օրենքով: ՕՇՎ տրամադրման պայմանները կոչված են ապահովելու ավիացիոն անվտանգությունը, հետեւաբար դրանցից որեւէ մեկի բացակայությունը շեշտակի բարձրացնում է ավիացիոն պատահարների հավանականությունը: Վերահսկողականը եկել է այն եզրակացության, որ ավիացիայի ոլորտում խիստ վտանգված է ՀՀ միջազգային վարկանիշը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեում կատարված հարցման արդյունքները՝ նախագահի վերահսկողականը նաեւ եզրակացրել է, որ մի շարք ընկերություններ գործունեություն են իրականացնում «ստվերում»: Ըստ աղբյուրի, դրա վկայությունն են՝ «Քլիք էյրվեյզ ինթերնեշնլի», «Տարոն Ավիայի», «Էյր Հայնեսսեսի», «Վերթիռի», «Սաութ Էյրլայնզի» եւ «Մեգա Էյր Լայնզի» վճարած բոլոր տեսակի հարկերի ընդհանուր տվյալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել