Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջուր եք լցնում ադրբեջանցիների ջրաղացին»

Հոկտեմբեր 27,2009 00:00

Այս մեղադրանքը ու նաեւ այն, որ խրախուսում է ընդդիմությանը՝ երեկ ուղղվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

ԱԺ-ն երեկ քննարկեց «2008 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որին անդրադարձել ենք, երբ գարնանն այդ փաստաթուղթը ներկայացվեց հանրությանը:

ԱԺ-ում զեկույցի քննարկման ժամանակ, սովորականի պես՝ ՄԻՊ-ի գործունեությունը քննադատեցին ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ իշխանավորները: Մասնավորապես, «Ժառանգությունը» հիշեցրեց Պաշտպանի հաստատության դերակատարությունը փաստահավաք խմբի լուծարման մեջ եւ այլն:

Սակայն առավել ուշագրավ էր այն քննադատությունը, որը հնչեցրին ՀՀԿ-ի պատգամավորները: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, որը հանդես էր գալիս որպես հարակից զեկուցող՝ հայտարարեց, թե Պաշտպանի ամենամեծ սխալը հետեւյալն է. «Կարծել է, թե որքան տեղի-անտեղի քննադատի պետությանը՝ այնքան լավ: Մինչդեռ նա ոչ թե պետք է ձգտի ամեն կերպ հեղինակազրկել պետությանն ու իշխանությանը, այլ ամենախիստ քննադատությանը պետք է արժանացնի անձանց, ովքեր խախտում են մեր բավականաչափ ժողովրդավարական Սահմանադրությունն ու օրենքները»: Հարակից զեկուցողն անընդունելի գնահատեց ՄԻՊ զեկույցում տրված գնահատականները, թե մեր իշխանությունն ավտորիտար է, Հայաստանում համակարգն օլիգարխիկ է, առկա են ֆեոդալիզմին բնորոշ հասարակական հարաբերություններ, հասարակության մեջ չի նվազում վախի մթնոլորտը, ՀՔԾ-ն ու դատախազությունը «ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են» եւ այլն: «Գույների նման խտացումները, ՀՀ նախագահի, օրենսդիր մարմնի եւ կառավարության ձեռքբերումներն անտեսելը ՄԻՊ-ի կողմից, նման միակողմանիությունը հեղինակազրկում են պետությունն ու պետականությունը, ավելորդ կրքեր բորբոքում, ջուր լցնում մեր պետության թշնամիների ջրաղացին»,- ավելի ուշ Ռաֆիկ Պետրոսյանը մանրամասնեց, թե դրանով Արմեն Հարությունյանը «ջուր է լցնում ադրբեջանցիների՛ ջրաղացին, որոնք հենց այդ նույն բաները կրկնում են ԵԽԽՎ-ում»:

Նրա հնչեցրած մեկ այլ մեղադրանք ստիպեց, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահին հիշեցնեն, որ ՄԻՊ զեկույցը, օրենքի համաձայն, պետք է լինի հենց խախտումների մասին: «Պաշտպանը խորացնում է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ իր դատողությունները, իսկ իշխանության տարբեր թեւերի դրական քայլերի մասին ո՜չ մի բառ չի ասում այս զեկույցում, ո՜չ մի բառ»,- դժգոհեց Ռաֆիկ Պետրոսյանը եւ ավելի հստակեցրեց՝ «Ինչո՞ւ մի երկու բարի խոսք չի ասել ՀՀ նախագահի հասցեին»:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ Արմեն Հարությունյանը մարտի 1-ից հետո ոչ թե հանդես էր գալիս իշխանության ընդդիմախոսի դիրքերից, այլ ընդդիմադիր էր՝ ասում եւ անում էր այն, ինչ ճիշտ էր համարում ընդդիմությունը, եւ հետագայում վերադարձավ ճիշտ հուն: Ռաֆիկ Պետրոսյանն էլ էր հուսով, թե ՄԻՊ-ը վերանայել է իր գործունեությունը. «Լավն այն է, որ պաշտպանն այժմ արդեն կարգավորում է իր աշխատանքը, լրացնում այդ բացը, եւ դրանք այլեւս չեն կրկնվի: Հակառակ դեպքում նորից խոսել մարտի 1-ից, նորից ընդդիմությանը խրախուսել՝ սխալ կլինի»: Լարիսա Ալավերդյանի հարցին, թե ի՞նչ է, ընդդիմությանը խրախուսելը դատապարտելի՞ է՝ Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ո՛չ: Փաստ է, որ ընդդիմությունը անընդհատ հիշում է եւ սրանից հետո էլ, ըստ երեւույթին, կշարունակի հիշել մարտի 1-ը, եւ անընդհատ հոլովվում են մարտի 1-ի դեպքերը, երբ անցել է որոշակի ժամանակաշրջան, պետությունն իր հնարավոր բոլոր միջոցները գործադրել է դրա հետեւանքները վերացնելու համար ու շարունակում է գործադրել: Բայց անընդհատ նույն բանը կրկնել եւ ընդդիմությանն էլ ասել, թե դուք էլ կրկնեք եւ վարկաբեկեք պետությանը՝ ես դրան դեմ եմ»: Լարիսա Ալավերդյանը հետո ելույթում նկատեց, թե «փոխանակ անողներին դատապարտեն՝ ասողներին են դատապարտում»:

Իսկ Արմեն Հարությունյանը եզրափակիչ ելույթում մեղադրանքներին ի պատասխան մասնավորապես ասաց, թե պնդում է իր բոլոր նախկին գնահատականները. «Հեռու եմ այդ գաղափարից, թե ՄԻՊ-ի քննադատությունը պետությանը վնաս կհասցնի: Օմբուդսմենը երբեք չի կարող պետությանը վնաս հասցնել՝ դրա մասին պետք է մտածեն իշխանությունը, ընդդիմությունը: Մենք ընդամենն արձագանքում ենք նրան, ինչ որ կա: Եվ եթե մի հարցում եղել ենք ընդդիմադիր, հետո դարձել ընդդիմախոս՝ ոչ թե որովհետեւ այդպես էինք որոշել, ու դա մեր ցանկությունն էր, այլ ուղղակի իրավիճակներ կան, որտեղ ՄԻՊ-ին ոչինչ չի մնում, բացի ընդդիմադիր լինելուց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել