Ու թերեւս նաեւ այդ պատճառով չեն ցանկանում ստեղծել «Մարտի 1»-ի գործին առնչվող նոր մարմիններ
Խորհրդարանը երեկ 15 օրով հետաձգեց «Մարտի 1»-ի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀՅԴ խմբակցության անդամների եւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կողմից շրջանառության մեջ դրված երկու որոշումների նախագծերն օրակարգում ներառելու վերաբերյալ հարցի քվեարկությունը: Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել այս նախաձեռնություններին:
«Մշտադիտարկում իրականացնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի եւ Արմեն Ռուստամյանի ներկայացրած որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելն, ըստ Արծվիկ Մինասյանի, նպատակ է հետապնդում իրականացնել «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացված առաջարկների կատարման ընթացիկ դիտարկումը եւ ԱԺ-ին ու հանրությանը ներկայացնել լիարժեք տեղեկատվություն: «Առավոտի» հարցին, թե այն, որ կոալիցիան բացասաբար է տրամադրված՝ նշանակո՞ւմ է, թե հանձնաժողովի առաջարկները կմնան թղթին, քանի որ չի լինելու որեւէ մարմին, որը կհետեւի դրանց իրականացմանը՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ո՛չ: Իշխող կոալիցիան առաջարկում է այլ տարբերակ, որ մշտադիտարկումն իրականացնի ոչ թե դրա համար ստեղծվող նոր ժամանակավոր հանձնաժողովը, այլ մշտական հանձնաժողովներից մեկը՝ ըստ մեզ ներկայացված մոտեցման, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Սակայն գտնում եմ, որ այդ մոտեցումը սխալ է մի քանի պատճառներով: Նախ՝ մեր առաջարկը ենթադրում է, որ այս հանձնաժողովը պետք է կազմված լինի ոչ միայն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից, այլ նաեւ արտախորհրդարանական ուժերից, քաղաքացիական հասարակության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներից: Բացի այդ՝ մշտադիտարկում իրականացնող այս հանձնաժողովի աշխատանքի հիմնական սկզբունքը պետք է լինի այն, որ ընդդիմությունը պետք է դերակատարություն ունենա այստեղ: Մինչդեռ մշտական հանձնաժողովներում, գիտենք, որ, որպես կանոն, կոալիցիան ներկայացնող պատգամավորները թվաքանակով շատ են, եւ քվեարկության ժամանակ որեւէ էական նախաձեռնություն չի ունենա անհրաժեշտ ընթացքը: Մյուս պատճառը, որ լուրջ առարկություն է կոալիցիայի առաջարկին՝ այն է, որ մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովը պետք է գործ ունենա ոչ միայն ԱԺ բոլոր հանձնաժողովների հետ, այլ նաեւ գործադիր իշխանության մարմինների հետ: Մինչդեռ եթե այդպիսի իրավասություն վերապահվի որեւէ մշտական հանձնաժողովի՝ կստացվի, որ այդ 12 մշտական հանձնաժողովներից մեկն ավելի գլխադասային է, քան մյուսները: Կոալիցիայի տրամադրվածությունը՝ մշտադիտարկում իրականացնելու իրավասությունը վերապահելու մշտական հանձնաժողովին, զուրկ է թե՛ օրենսդրական հիմքից, թե՛ նպատակային չէ, թե՛ նաեւ ինչ-որ տեղ տրամաբանությունից դուրս է»:
Նշենք, որ Արծվիկ Մինասյանը իր այս առարկություններից մի քանիսը երեկ ներկայացրեց նաեւ ԱԺ նիստում: Եվ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դրանք իր ելույթում «հիմնազուրկ» գնահատեց. «Ոչ միայն որեւէ մշտական հանձնաժողով մյուսների նկատմամբ գերակա չպետք է լինի, այլ նաեւ ոչ մի ժամանակավոր հանձնաժողով չի կարող որեւէ մշտական հանձնաժողովի նկատմամբ լինել գերակա: Ինչ վերաբերում է այլոց ներգրավմանը, ապա որեւէ հանձնաժողովում քվեարկելու իրավունքով չեն կարող ներգրավվել այլ անդամներ, քան ԱԺ պատգամավորները»:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նաեւ Լարիսա Ալավերդյանի հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծին: Այս նախաձեռնությունը «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը պայմանավորում է այն փաստով, որ գործունեությունն ավարտած «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը չի լուծել իր առջեւ դրված խնդիրը՝ չի ճշտել զոհվածների մահվան հանգամանքները: Այն, որ չնայած այս ակնհայտ փաստին՝ իրենց նախաձեռնությունը բացասական եզրակացություն ստացավ՝ Լարիսա Ալավերդյանը մեր զրույցի ընթացքում այսպես գնահատեց. «Կոալիցիան (ու ցավոք, ընդդիմությունն էլ միասնական չէր այս հարցում) չի պատկերացնում, թե որքա՛ն խորքային հետեւանքներ կարող է ունենալ այս հարցը ներկա վիճակում թողնելը: Եվ ընդդիմությունն այսպիսով հնարավորություն է ընձեռում իշխանությանը ցույց տալու, որ ոչ թե չի ուզում ճշտել զոհերի մահվան հանգամանքները, այլ չի ստացվել: Ես նաեւ առաջարկում եմ ոչ միայն 10 զոհերի խնդրին անդրադառնալ, այլեւ ավելի քան 220 վիրավորների հարցին, որն ընդհանրապես դուրս մնաց «Մարտի 1»-ի զեկույցի շրջանակներից»: Մեր դիտարկմանը, թե դարձյալ կհնչի հակափաստարկ, որ ԱԺ-ն չունի հետաքննություն իրականացնելու լիազորություն՝ Լարիսա Ալավերդյանն այսպես արձագանքեց. «Առաջարկել ենք օժտել այդպիսի լիազորությունների նմանակով, որ ոչ թե հանձնաժողովը հետաքննի, այլ իրավունք ունենա պատվիրել անկախ փորձագետների, այդ թվում եւ՝ մասնագետների»: Հարցին էլ, թե փաստորեն ցանկանում են վերստեղծե՞լ փաստահավաք խումբը՝ պատասխանեց. «Ես դա չեմ թաքցրել՝ ասելով, որ փաստահավաք խմբի տխուր վախճանն է՛լ առավել է ավելացնում հասարակություն-իշխանություն անվստահությունն ու անջրպետը»:
Հոկտեմբերի 20-ին Նիդեռլանդների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, հանձնաժողովի անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Արամ Սաֆարյանը հայտարարել էին, թե «Մարտի 1-ը՝ որպես քաղաքական ողբերգություն, հասարակության շրջանում գրեթե հաղթահարված է»: Մեր հարցին՝ գուցե այս համոզմա՞ն հետեւանքով կոալիցիան չի ցանկանում նոր մարմինների ստեղծմամբ բորբոքել կրակը, որն, ինչպես իրենց է թվում՝ մարել է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ եթե իրոք նման տեսակետ ունեն՝ այն սխալ է. «Երեւի մարտի 1-ի դասերը դեռեւս լավ չեն ուսումնասիրվել կամ ընկալվել, քանի որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած առաջարկների հիմնական ուղղվածությունն այն է, որ հետագայում բացառվի «մարտի 1-ի» հնարավորությունը: Եվ բացի այդ՝ իհարկե, դեռեւս փակված չէ «մարտի 1-ի» էջը: Անգամ չի կարող հաղթահարված համարվել այդ ողբերգությունը, քանի դեռ 10 սպանությունների վերաբերյալ չկան լիարժեք բացահայտումներ»: Իսկ Լարիսա Ալավերդյանը նույն հարցին պատասխանեց. «Գտնում եմ, որ այդպես ասողները (եւ ավելի վատ է, եթե նրանք նաեւ այդպես են մտածում) չարաչար սխալվում են: Համոզված եմ, որ նման գործողություններն անավարտ թողնելը իրոք շատ ծանր հետք կթողնի ժողովրդի եւ պետության վրա: Շարունակելու եմ ջանքերս՝ համոզելու համար, որ այս գործընթացը պետք է շարունակվի: Դրա համար ընդամենը քաղաքացիական խիզախության պակաս կա»: