Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոկտեմբեր 27,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսը երեկ անդրադարձել է ուղիղ տասը տարի առաջ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությանն ու այն որակել որպես «իր ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր», որն իր հետեւանքներով դարձավ «անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը. գնդակահարվեց ժողովրդավարությունը, վերացվեց Հայաստանում վերջին ժողովրդավարական ընտրության արդյունքը։ Երկու ամենաազդեցիկ ու ժողովրդական գործիչների՝ երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարների սպանությամբ խաթարվեցին այն հակակշիռները, որոնք ժողովրդավարության պահպանման, առողջ քաղաքական կյանքի գրավական էին եւ արգելապատնեշ՝ բռնատիրական մենիշխանության հաստատման ճանապարհին»։

ՀԱԿ-ն արձանագրել է նաեւ, որ «Միասնություն» քաղաքական հզոր դաշինքի առկայությամբ «դիտորդի» կարգավիճակում հայտնված Ռ. Քոչարյանը, աստիճանաբար տիրապետելով իշխանական լծակներին՝ ոչ միայն խոչընդոտեց արդար դատավարության իրականացմանը, այլեւ իր լիակատար ու բացահայտ պաշտպանության տակ վերցրեց մարդասպաններին, նրանց օժանդակողներին, այլ հանցակիցներին՝ նախաքննությունն ու դատաքննությունը վերածելով կատարյալ մի խեղկատակության, թույլ չտվեց կազմակերպիչների մասով իրական որեւէ քննություն, կարճել տվեց այդ գործը։ Առաջին իսկ պահից շատերի մոտ ծնված կասկածը, թե հենց ինքը՝ Քոչարյանն է կանգնած ոճրագործության թիկունքում, աստիճանաբար վերածվեց հասարակության համընդհանուր վերջնական համոզումի։ Ընթացքում պարզվեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունում՝ ԱԱԾ-ում, նախապես տեղյակ են եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին եւ ոչինչ չեն արել այն կանխելու համար»։

Կոնգրեսի համոզմամբ, «Հոկտեմբերի 27»-ի չբացահայտված ու չդատապարտված ոճիրի արդյունք են նաեւ 2004թ. ապրիլի 12-ի բարբարոսությունը, խաղաղ ցուցարարների մարտիմեկյան ջարդը, Հայոց ցեղասպանության ցյուրիխյան ամոթալի ուրացումը, ԼՂ կործանման եզրին հասցված խնդիրը։ «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետության հիմքերը քայքայող հիմնական գործոնը, քանի դեռ բոլոր մեղավորները չեն կրել իրենց արժանի պատիժը»,- ասված է հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել