Արձանագրում է Գագիկ Ծառուկյանը
Երեկ ԱԺ-ում լրագրողները պարզեցին, թե ինչո՞ւ ԲՀԿ նախագահ, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 14-ին չմեկնեց թուրքական Բուրսա՝ մարզադաշտում դիտելու Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը. «Ես ասել էի, որ չեմ գնալու, քանի որ ես որտեղ գնամ, պետք է մենք հաղթենք: Հիմնական խնդիրը սա է»,- հայտարարել է պարոն Ծառուկյանը: Պարոն Ծառուկյանը յուրովի փորձել է վերջակետ դնել նաեւ հայ-թուրքական նախապայմանների հարցում. «Ես բոլորին ասել եմ, երկրի նախագահն ասել է, ԱԺ նախագահն ասել է, որ առանց նախապայմանների են այդ հարաբերությունները: Նախապայմաններ եղան, բոլորս հրաժարվելու ենք: Մենք չենք կարող ազգի անունը վաճառել: Ասել ենք՝ դիվանագիտական կապի ստեղծում, ճանապարհների բացում, ուրիշ ոչ մի բանի հետ կապ չպետք է ունենան այս հարաբերությունները»: Նաեւ հակադարձել է թուրքական կողմի «նախապայմանային» հայտարարություններին. «Նրանք (թուրքերը- Մ. Ե.) գլուխները պատին են տալիս: Մենք էլ շատ բան ենք ասում, ինչո՞ւ իրենց ասածն ընդունում եք, մեր ասածը չեք ընդունում: Մենք ասում ենք՝ հարաբերություններ առանց նախապայմանների, նախապայմաններ եղան՝ մենք հրաժարվելու ենք, դեմ ենք լինելու: Դա ասել է երկրի նախագահը, դա ասել է ԱԺ նախագահը, ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը»: Այսքանն արտաքին քաղաքական մասով:
ԲՀԿ նախագահը նաեւ բացատրեց, թե ինչու է զբաղվում քաղաքականությամբ. «Հիմնականում քաղաքականությամբ պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ամեն ինչի տեր են, կարիք չունեն ժողովրդի հաշվին աշխատելու: Այն մարդը, որ ներդրում ունի երկրում, մտահոգ է երկրի կայունացման, զարգացման, բարգավաճման համար, որ իր երեխաների ապագան փայլուն լինի: Ես ոչ թե եկել եմ ժողովրդին խաբելու, ժողովրդի հաշվին ապրելու, այլ՝ ես խաղող եմ մթերում Նոյեմբերյանում, որ մարդիկ իրենց աշխատանքը կարողանան իրացնել ու ձմռան ապրուստ ունենալ, իրենց ընտանիքը պահել: Ես կարող էի խաղողը 60-80 դրամով մթերել, բայց 110 դրամով եմ մթերել, ամենաբարձր գներով: Նույնը նաեւ Մասիսում եմ մթերել, հնարավորություն եմ տվել, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքը պահել: Այսօր ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ փողի: Ես իմ նախարարին (հիշեցնենք, որ ԲՀԿ-ից նախարար են դարձել Հարություն Քուշկյանը, Գեւորգ Պետրոսյանը եւ Վարդան Վարդանյանը- Մ. Ե.) գումար եմ տալիս, որ ինքն իր ընտանիքը նորմալ պահի, աչքը չդնի ժողովրդի ունեցվածքի վրա: Թե չէ, մեկն անգիր արած գնացել է, խոսում է կուսակցության մասին, քաղաքականությամբ է զբաղվում: Թող այդ մարդն այսօր գա, Ծառուկյանի հետ խոսի, թե ինքն ի՞նչ է արել երկրի համար, մուտքի համար, որ այսօր էլ խոսում է՝ քաղաքականություն, երկիր, ժողովուրդ: Ով ուզում է, թող գա, խոսի: Եթե ասում են, որ գործարարը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, ես նրա հետ պատրաստ եմ նստել կլոր սեղանի շուրջ ու խոսել, թե ինքն ինչ է արել երկրի համար, ես ինչ եմ արել»:
Անդրադարձ է եղել նաեւ վերջերս ինտերնետում տարածված տեսահոլովակին, որում պատկերված է, որ առյուծներն իրենց վանդակում ավանակ են ուտում: Ըստ տեսագրությունը տարածողների մի մասի պնդումների, դրանք Գագիկ Ծառուկյանի առյուծներն են, իսկ թե ումն է ավանակը՝ հայտնի չէ: Երեկ ԲՀԿ նախագահը հերքեց այս ամենը. «Մարդիկ ընկնում են շանտաժի հետեւից, եւ հենց հիմա լրագրողներին հրավիրում եմ, որ գաք, տեսնեք, որ Ծառուկյանի այգում ինչ կենդանիներ կան: Իմ կենդանիներն ու այդ ձեր տեսած կենդանիները ուրիշ են: Ես սպիտակ առյուծ, սպիտակ վագր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու կենդանիներին շատ սիրում եմ եւ առավել եւս՝ առյուծը, որպես հզոր կենդանի, ո՞նց կարող եմ նման բաներ թույլ տալ»: Առյուծներին պարոն Ծառուկյանը ոչ թե էշի, այլ հորթի մսով է կերակրում. «Օրական ամեն մեկին էլ թարմ 10 կգ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկ իրենց տները այդպես չեն պահում, իսկ Ծառուկյանը իր կենդանիներին այդպես լավ է պահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես»: