Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ

Հոկտեմբեր 24,2009 00:00

Իսկ օրենսդիրները հաճախ են փոխում իրենց տեսակետը

Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացվող «ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագիրը շարունակել է դիտարկել ԱԺ-ում ներկայացված 5 քաղաքական ուժերի օրենսդրական գործունեությունը: Մոնիտորինգի առարկա են դարձել ԱԺ երկու նստաշրջանների ընթացքում քննարկված մեկ տասնյակ օրինագծեր՝ դատաիրավական ու հարկային բարեփոխումներ, բնապահպանական խնդիրներ, քաղաքական իրավունքներ, հեռարձակման ոլորտ ու խղճի ազատություն: Երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում կայացավ ծրագրի արդյունքների քննարկումը, որը չէր լուսաբանում եւ ոչ մի հեռուստաընկերություն:

Ծրագրի հեղինակները նշեցին դեպքեր, երբ նախագծերի առաջին ընթերցման ժամանակ քաղաքական խմբակցությունները արտահայտել են մի տեսակետ, իսկ 2-րդին՝ լռել կամ պարզապես փոխել տեսակետը, դեմ եղել, հետո՝ կողմ քվեարկել: Կուսակցությունների քվեարկություններում զգացվել է սկզբունքայնության դեֆիցիտ: «Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական եւ իրավական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը խոսեց «Ակցիզային հարկի», «Արտոնավճարների մասին» ՀՀ օրենքի կամ, իր խոսքով՝ «Դանակ-մկրատ սրողների օրենքի» մասին եւ ասաց, որ օրենքը ենթադրում էր, որ գյուղերում գուլպա գործող տատիկները, դանակ-մկրատ սրողները պետք է գային հարկային դաշտ, բայց օրենքը չէր բացահայտում, թե ինչպես պետք է գտնեն նրանց: Դա մի փուլ էր, երբ կառավարությունն իր գերնպատակը համարել էր բյուջեի կատարումը: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, անդրադառնալով ԱԺ-ի արագ ընդունած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններին, հեգնեց. «Շնորհակալություն պետք է հայտնենք ԱԺ-ին, որ հնարավորություն է ստեղծել, որ այս անաչառ, անկաշկանդ քննարկմանը ներկա լինեն 15 հեռուստաընկերությունների տեսախցիկները»: Խոսքը 2008 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հապշտապ ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի մասին էր, որով մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում:

Ծրագիրն իրականացնողները հանգել են եզրակացության, որ մեկ տարվա խորհրդարանական աշխատանքի արդյունքում օրենքները մի կողմից կոնկրետ խնդիրներ ու շահեր էին հետապնդում, իսկ մյուս կողմից՝ կոչված էին «սպասարկելու» Եվրախորհրդի պահանջները, 2 դեպքում էլ կապ չունենալով օրենսդրական դաշտի կատարելագործման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել