Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-Ն ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՉԻ ԲԱՆԱԿՑԵԼ

Հոկտեմբեր 24,2009 00:00

Միջազգային լրահոսից տեղեկանում ենք, որ ֆուտբոլի արգենտինահայ մասնագետ Սերխիո Մարգարյանը դեմ չէ ստանձնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: «Իմ մարզչական կարիերայում ես շատ բանի եմ հասել, սակայն ցանկանում եմ աշխատել նաեւ Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաեւ Ուրուգվայի եւ Հայաստանի ազգային հավաքականներում»,- ասել է Լատինական Ամերիկայում չեմպիոնական բազմաթիվ տիտղոսների արժանացած մասնագետը: Նույն ԶԼՄ-ները հավելում են նաեւ, որ Սերխիո Մարգարյանը մեծ հաջողությունների է հասել նաեւ Լիբերտադորեսի, Չեմպիոնների եւ ՈՒԵՖԱ-ի գավաթների խաղարկություններում:

Մեր հայրենակիցը նայել է Հայաստան-Իսպանիա երեւանյան խաղը, որում չնայած 2:1 հաշվով կրած պարտությանը, մեր ընտրանին արժանի դիմադրություն է ցույց տվել Եվրոպայի գործող չեմպիոնին: «Ասեմ, որ տեխնիկայի առումով մեր հավաքականը վատ տպավորություն չթողեց, իսկ դա ուժեղ թիմ ստեղծելու ճանապարհի անկյունաքարն է: Թող որպես գերագնահատում չընդունվի, բայց ես վստահ եմ, որ այս տղաները հետագայում կարող են պայքարել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ մտնելու համար»,- ասել է Սերխիո Մարգարյանը:

Անդրադառնալով հայկական ֆուտբոլին՝ հարավամերիկացի մասնագետը նշել է, որ այն առաջին հերթին մրցավարական ուժեղ դպրոցի կարիք ունի: «Անհրաժեշտ է սեփական մասնագետներ պատրաստել, այլապես ֆուտբոլին երկրում հետընթաց է սպասվում: Ես կարող եմ օգնել այդպիսի դպրոց ստեղծելուն: Ես բավականին փորձ ու գիտելիքներ ունեմ եւ ցավալի կլինի, եթե այդ ամենը հայկական ֆուտբոլին չծառայեցվի: Ես հաճույքով այդ գործով կզբաղվեի, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն»,- շարունակել է մարզիչը:

Այս տեղեկատվությունը առիթ դարձավ, որպեսզի երեկ իմանայինք նաեւ այս հարցում ՀՖՖ-ի մտադրությունը: Ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուչարյանի՝ մեր հեռախոսազանգին պատասխանը հակիրճ էր. «Նման ինֆորմացիա մենք չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել