Կիրակի օրը Կամերային երաժշտության տանը, ժամը 19-ին կկայանա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ԱԺ հանգուցյալ փոխնախագահ, քաղաքական-հասարակական գործիչ Յուրի Բախշյանի հիշատակին: Նրա տիկինը՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Առավոտին» փոխանցեց, որ միջոցառումը նվիրված է ամուսնու երկնային կյանքի տասնամյակին: Կկայանա նաեւ ամուսնու հիշատակին եւ իր հովանավորությամբ տպագրված «Հայաստանը երգերի մեջ» գրքի 4-րդ հատորի շնորհանդեսը, որը հեղինակել է Դանիել Երաժիշտը: «Հրավիրվում են բոլոր ցանկացողները: Սա քաղաքականության հետ կապ չունեցող միջոցառում է՝ նվիրված է մտավորական, մանկավարժ, հայ, քաղաքացի մարդու՝ Յուրի Բախշյանի երկնային կյանքի տասնամյակին: Մեկ անգամ եւս առիթ ենք ունենալու լսել Յուրայի խոսքը, տեսնել իր անուշ դեմքը եւ հաղորդակից լինել հրաշալի մտքերին՝ որպես քաղաքացի: Միջոցառմանը ելույթ կունենան «Շարական» եւ «Գուսան» համույթները, կհնչի Յուրայի ձայնը, իր խոսքը՝ տարբեր առիթներով… մի խոսքով, վերհիշելու ենք իր կերպարը»,- ասաց տիկին Բախշյանը: Ներկա կլինեն նաեւ մանկավարժ Յու. Բախշյանի աշակերտները: