Քանդակագործ Նորայր Կարգանյանը՝ իր քանդակի մասին
«Ինձ հաճախ են մեղադրում, թե իմ կերտած Տերյանը խեղճ է, վիզը՝ ծուռ: Բա ո՞նց չլինի: Մարդն ապրել է դժվարին ժամանակներում… Ո՞ւմ է պետք այն բանաստեղծը, որ այդ տարիներին պիտի իրեն լավ զգար»,- զարմանում է քանդակագործ Նորայր Կարգանյանը:
Նրա Վահան Տերյանի արձանը 15 տարուց ավելի տեղադրված է բանաստեղծի անունը կրող փողոցում, ավելի ճիշտ՝ փողոցը հարող այգում: Ժամանակին արձանի հեղինակին չափազանց հանդիսավոր է թվացել այդ անկյունը, որտեղ նախատեսված էր տեղադրել վշտերի երգչի քանդակը: Ինչպե՞ս անել, որ բանաստեղծը չզրկվի իր «տխուրաչյա աշունից», որտեղի՞ց Երեւանի փոշոտ փողոցներում նրա համար գտնել «տերեւների դանդաղ թափվող ոսկի» ու «մետաքսներ քնքշաշրշուն»… Տերյանի համար տեղ հատկացրին այգու ներսում, քանդակագործը պատվիրեց չկտրել շրջակայքի ծառերից եւ ոչ մեկը, չնայած նրանցից թափվող յուղանյութը վնաս է հասցնում քանդակին:
«Չէի ասի, որ առանձնապես տարված էի Տերյանով: Բայց երբ մրցույթ հայտարարվեց, սկսեցի մտածել այդ ուղղությամբ: Մի օր բուրգի նման քարի բեկոր տեսա, որի մեջ տեղավորվում էր իմ պատկերացրած շարժումը, գնեցի, բերեցի արվեստանոց: Փոքր էսքիզ ունեի, որի համաձայն սկսեցի տաշել քարը: Դա մի քիչ անլուրջ վերաբերմունք է քարե արձանի հանդեպ: Պետք է նախ նույն մեծության գիպսե տարբերակը սարքեի, բայց աչքաչափով ամեն ինչ արեցի: Արդյունքում՝ ոտքերի քարը չհերիքեց»,- պատմեց մեր զրուցակիցը:
Արձանն արդեն տեղադրված էր, ու Կարգանյանին անընդհատ թվում էր, թե ինչ-որ բան այն չէ. Տերյանը կարծես խրված լիներ հողի մեջ. «Մի օր բարկացա, ամբարձիչ կռունկ բերեցի, արձանը հանեցի ու քարերով բարձրացրի պատվանդանը»:
Համապատասխան բարձրության վրա արձանն արդեն գոհացրեց Կարգանյանին. «Տերյանը ծնունդով Ջավախքից է, իսկ Ջավախքը կոպիտ բնություն ունի՝ սարեր, քարեր ու դրանց մեջ ծնվել է Տերյանի նման նուրբ հոգին: Դրա համար էլ ես արձանը տակից սկսել եմ կոպիտ գծերով, իսկ վերեւում բազալտը հղկվում, նրբանում է»: Քանդակում Տերյանը հայացքը հառել է հողին, ինչը, ըստ քանդակագործի, նշանակում է, որ նա հայրենիքի ճակատագրի մասին մտորումների մեջ է: Սա ընդհանրական քանդակ է, այսինքն՝ կերտված է առանց բնորդի. քանդակագործը պարզապես բնորդ չի գտել: «Ես կուզեի անձամբ տեսած լինել Տերյանին, բայց ասեմ, որ շատ էլ պետք չէ դառնալ կերպարի գերին: Ես իմ ընկալած Տերյանին եմ քանդակել: Նա բանաստեղծ է, բայց չէ՞ որ մենք էլ քանդակագործ ենք: Պիտի մեր ձեռագիրը ունենանք»,- ասում է նա: Արձանը տեղադրելուց հետո Նորայր Կարգանյանին մեղադրել են Տերյանին միակողմանի ներկայացնելու մեջ՝ ասելով, որ Տերյանը ոչ միայն բանաստեղծ էր, այլեւ քաղաքական գործիչ, ով հաճախ մաուզերով էր շրջում: Քանդակագործն այսպես է պատասխանում նման մեղադրանքներին. «Ես գիրք եմ տվել Տերյանի ձեռքը… Բայց երբ կողքից ես նայում՝ ասես մաուզեր լինի: Այնպես որ, եթե ձեզ պետք է՝ այդ կողմից նայեք»: