Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՉՊՉՎԵԼՈՒՑ ՉԵՄ ԽՈԻՍԱՓՈՒՄ»

Հոկտեմբեր 24,2009 00:00

Հավաստիացնում է դերասան Երվանդ Ենգիբարյանը, որը սովորել է քայլել նաեւ բարձրակրունկ կոշիկների վրա

«Ես ամենեւին էլ սրտակեր չեմ: Դա ինչ-որ մեկի վառ երեւակայության արդյունքն է»,- ասում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանը ու կատակում, որ սրտակեր Կազանովայի մասին իր շուրջը պտտվող լեգենդները անցյալում են մնացել:

Երվանդ Ենգիբարյանը ավարտել է ռուսական թատրոնին կից ստուդիան, որտեղ այժմ դասավանդում է բեմական շարժում: Զուգահեռ սովորում է Երեւանի պետական կինոյի եւ թատրոնի ինստիտուտում: Հմտանում է որպես ռեժիսոր:

«Ինձ համար դիպլոմ ստանալը էական չէր: Պարզապես, ինձ միշտ գրավել է ռեժիսորի աշխատանքը: Պատրաստվում եմ բեմադրել Ալեքսանդր Մարդանի «Մկներ-կատուներ» պիեսը: Շատ շնորհակալ եմ Ալեքսանդր Գրիգորյանից, որն ինձ հնարավորություն տվեց թատրոնում ներկայացում բեմադրել: Այն կլինի իմ դիպլոմային աշխատանքը»,- պատմում է Երվանդը:

Հարցրինք՝ Երվանդն ինչպե՞ս է վերաբերվում բեմական պաչիկներին ու ինտիմ տեսարաններին, մանավանդ նման տեսարաններում հասցրել ենք իրեն նկատել:

«Ես երբեք չեմ խուսափում բեմում ինտիմից, պաչպչվելուց: Գուցե դա շատերի համար անընդունելի է, բայց ի՞նչ կարող ես անել, մեր մասնագիտությունն է: Երեւի մտածում են՝ ինչպե՞ս կարելի է համբուրել մարդուն ու հետո մի քանի րոպե անց մոռանալ այդ մասին: Ախր բեմում դու լրիվ այլ մարդ ես, այդ պահին ես Երվանդ Ենգիբարյանը չեմ»,- համոզում է զրուցակիցս:

Պաչիկներից զատ, Երվանդը պատրաստ է նույնիսկ երկարատեւ հատուկ սննդակարգի հետեւել, եթե կա նման անհրաժեշտություն, փոխել մազերի գույնն ու տեսքը, ինչն էլ վերջերս արել է: Այդպես պահանջվել է «Երեք ընկեր» հեռուստաֆիլմի համար: Իսկ թատրոնում ստիպված է եղել քայլել սովորել բարձր կրունկների վրա՝ «Ինչ տեսավ սպասավորը» ներկայացման մեջ:

«Ամենազավեշտալին այն էր, որ պիտի բարձրակրունկ կոշիկներ գնեի: Տեսնեիք, թե ի՜նչ հայացքով էին ինձ նայում խանութի հաճախորդուհիները, երբ հայելու առջեւ հերթական կոշիկներն էի փորձում ու վաճառողուհուն խնդրում էլ ավելի հարմար բարձրակրունկ կոշիկներ բերել»,- պատմում է Երվանդը:

Չնայած մեր զրուցակիցն ընդամենը 26 տարեկան է, բայց նրան արդեն բավականին լուրջ դերեր են վստահել: «Երեւի Չացկին «Խելքից պատուհասում» իմ խաղացած դերերից ամենասիրելին է: Դա երազանք էր, որն իրականացավ: Չացկու դերը նրանցից է, որ հնարավորություն է տալիս անընդհատ նոր գծեր, երանգներ բացահայտել հերոսի մեջ»,- ասում է Երվանդը:

Հարցրինք՝ որտե՞ղ է պահում իր «Արտավազդ» մրցանակը, որը ստացել է «Կրքեր ըստ «Ռեւիզորի» ներկայացման մեջ Խլեստակովի դերը մարմնավորելու համար:

«Մրցանակս պահում եմ իմ դիմահարդարման սենյակում: Կարծում եմ, որ այն միայն իմը չէ, ողջ թատրոնինն է»,- համեստորեն ասում է Երվանդը:

Հետաքրքրվեցինք՝ հե՞շտ է աշխատել նույն հարկի տակ՝ սեփական ծնողների հետ (մայրը՝ Լիանա Պողոսյանը, ռեժիսորի օգնական է, հայրը՝ Ժակ Ենգիբարյանը, նույն, ինչպես նաեւ Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան):

«Մայրս բավական խիստ է, դրա համար երբեմն իրեն անուն-հայրանունով եմ դիմում: Փորձերի ժամանակ մենք ամենեւին էլ մայր եւ որդի չենք: Երբ հանդիսատեսից ծաղիկներ եմ ստանում, սիրով նվիրում եմ մայրիկիս ու ասում՝ սա Ձեզ, Լիանա Բորիսովնա: Այդ ծաղիկներն իրենն են… Ես շնորհակալ եմ իմ ծնողներից, որ ինձ սովորեցրել են, թե ինչ բան է թատերական մշակույթը, ու եթե այսօր ունեմ որոշակի հաջողություններ՝ պարտական եմ իրենց եւ իմ ուսուցիչ Ալեքսանդր Գրիգորյանին»,- ասում Երվանդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել