Կրթական ցուցահանդեսներից փորձում են օգտվել նաեւ աղանդավորական կազմակերպությունները
Ինչպես սովորել արտասահմանում եւ ինչպես աշխատանք գտնել Հայաստանում: Այս հարցերի պատասխանները երեկ կարելի էր գտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամում: Ամերիկյան համալսարանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կրթական խորհրդատվական կենտրոնի (ԱԿՍԵԼՍ) նախաձեռնությամբ մեկնարկեց կրթական տեղեկատվական ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններ, բուհեր:
Ցուցահանդեսի միջոցով հետաքրքրվողները կարող են տեղեկություններ ստանալ ամերիկյան բուհերի, քոլեջների մասին՝ ցուցադրվող տեսաֆիլմերի միջոցով: Ամերիկյան համալսարանի սրահում բազում ուսանողներ շրջում էին սեղան առ սեղան եւ տեղեկություններ հավաքում արտասահմանյան բուհերում սովորելու ծրագրերի, կրթաթոշակների մասին:
«Առավոտի» դիտարկմանը, թե առաջին հայացքից երբեմն տպավորություն է ստեղծվում, որ իրենք նպաստում են հայ երիտասարդների՝ արտասահմանում հաստատվելուն, ԱԿՍԵԼՍ-ի ավագ կրթական խորհրդատու Գայանե Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Այսօր կարեւոր է միջազգային կրթություն ստանալը: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսանող իր ուսումնառության տարիների ընթացքում գոնե մեկ կիսամյակ պիտի սովորի արտասահմանյան որեւէ բուհում»: «Առավոտը» զրուցեց մի շարք կրթական կազմակերպությունների հետ: Մեր շրջայցի ընթացքում նկատեցինք, որ ինչպես բոլոր կրթական ցուցահանդեսներին, նույնիսկ ԿԳՆ-ի կողմից կազմակերպվածներին, այնպես էլ այս ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Մահարիշի համալսարանը: Այն, մասնավորապես՝ «Մահարիշի վեդայական կենտրոնը», զբաղվում է տրանսցենդենտալ մեդիտացիայով, որը, հայ հոգեւորականների պնդմամբ՝ աղանդ է համարվում: «Առավոտը» Գ. Գրիգորյանին հարցրեց՝ մի՞թե իրենք չգիտեին այդ մասին: Նա պատասխանեց, որ այդ մասին ինքը որեւէ տեղեկություն չունի:
«Առավոտը» զրուցեց Հայկական վիրտուալ համալսարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թամար Մինասյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ իրենց «համալսարանի» միջոցով յուրաքանչյուր ոք կարող է օն-լայն համակարգով սովորել հայագիտական առարկաներ: Նա նաեւ հավելեց. «Հետաքրքրվողների թիվն ավելի է մեծանում հատկապես սփյուռքահայերի շրջանում, քանի որ գնալով դժվարանում է հայեցի կրթություն ստանալը Սփյուռքում»:
«Լինգվաֆորում» լեզվական կենտրոնի փոխտնօրեն Ռաֆիկ Կարապետյանից էլ հետաքրքրվեցինք, թե իրենց կենտրոն դիմած ուսանողների լեզվական մակարդակից դատելով, ինչպիսի՞ն է այսօր լեզուների դասավանդումը բուհերում: Նա պատասխանեց. «Վիճակն այնքան էլ գոհացուցիչ չէ, քանի որ երբեմն մեզ են դիմում լեզվի ինստիտուտների շրջանավարտներ, որոնք դիպլոմ ստանալուց հետո անգամ լեզու չգիտեն: Պատճառն այն է, որ այսօր դասախոսները դասավանդում են իրենց դասախոսներից լսած դասախոսություններով, այնինչ լեզուն կենդանի օրգանիզմ է, եւ դրանից ելնելով պետք է թարմացվեն ուսումնական ծրագրերը»: Երիտասարդների՝ արտասահման մեկնելու եւ չվերադառնալու մասին էլ «Առավոտի» հետ զրույցում «Ինտերլինգվա» համալսարանի ուսանող Արթուրն ասաց. «Եթե այստեղ ուսանողներին նորմալ աշխատատեղեր չեն տրամադրվում, իսկ նրանք գնալով արտասահման՝ տեսնում են, թե ինչպիսի պայմաններ են ստեղծված ուսանողների համար, ուստի բնական է, որ նրանք չվերադառնան Հայաստան»:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանում էլ մեկնարկեց «Կազմակերպությունների 7-րդ ֆորումը», որն արդեն ավանդական է դարձել այս բուհում: Համալսարանի 4-րդ հարկի միջանցքի պատերը «հագնված էին» տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացված աշխատանքի կամ պրակտիկայի առաջարկներ պարունակող հայտարարություններով: Ուստի ուսանողները, կարդալով դրանք, արդեն հայտագրվել էին ֆորումի ընթացքում իրենց նախընտրած կազմակերպությունում հարցազրույց անցնելու համար: Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մողզելեկն այս միջոցառումը այսպես բնորոշեց՝ «երկու կարիքների հանդիպում», նկատի ունենալով աշխատաշուկայի եւ ապագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնել ցանկացող անձանց կարիքները: Բուհ-գործարար հատվածի միջեւ եղած հակամարտության մասին, ով ում հարմարվելու առումով, զրուցեցինք մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Օրինակ՝ Երեւանի կոնյակի գործարանի արտադրության կոորդինատոր, Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Արմեն Արսենյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ցանկանում է ֆորումի միջոցով գտնել երկու իրավաբանի, որոնք լավ են տիրապետում ֆրանսերենին: Խոսելով բուհ-գործարար հատված հակամարտության մասին՝ նա ասաց. «Ներկայումս շատ մարդիկ են աշխատանք փնտրում ու թվում է, թե աշխատանք չկա, բայց երբ խոսք է գնում կոնկրետ գիտելիքներ ունեցող ինչ-որ անձի մասին, ապա շատ դժվար է գտնել այդպիսի անձանց, մանավանդ տեխնիկական ոլորտում, ինչը նշանակում է, որ դեռ բուհերն ու գործարար հատվածը անելիքներ ունեն»:
«Պերնո Ռիկար Արմենիայի» ներկայացուցիչ Արա Խզմալյանն էլ ասաց, որ իրենք փնտրում են պրակտիկանտ՝ շուկայավարման ոլորտում, եւ խոսելով առաջադրված հարցադրման մասին, ասաց. «Մեզ մոտ բուհական կրթության մակարդակը որակական տեսանկյունից այսօր շատ ցածր է: Ամենամեծ պատճառն այն է, որ ուսանողների մեծ մասը մոտիվացված չէ գիտելիք ստանալու, այլ լավագույն դեպքում ուզում է գնահատականներ ստանալ, դիպլոմ՝ ինչ-որ թվեր ունենալու համար, որը չի հետաքրքրում գործարար սեկտորին»: Ավտոբուսներում տեղադրված մոնիտորների միջոցով գովազդ ապահովող «New project» ՍՊԸ-ի կադրերի բաժնի վարիչ, Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Հասմիկ Կարագյոզյանն էլ նշեց, որ իրենք փնտրում են հաղորդակցային ձիրքով օժտված անձանց ու հավելեց. «Կարեւորը լավ մասնագետ լինելն է, էական չէ, թե նա ինչ բուհ է ավարտել եւ ինչ գնահատականներ ստացել»:
«Հերց» ավտոմեքենաների վարձույթի, «Էլիտար» տուրիստական գործակալությունների մենեջեր, Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Արծրուն Սուքիասյանն էլ բուհ-գործարար հատված համագործակցության «մասով» ասաց. «Բուհերը պիտի համապատասխանեն գործարար աշխարհի փոփոխություններին: Ոչ թե պիտի գիտելիքների մակարդակը ճշտեն, այլ այն առավելագույնս հարմարեցնեն տվյալ ժամանակահատվածում գործարար աշխարհի պահանջներին»: Ֆրանսիական համալսարանի առեւտուր եւ մարկետինգ բաժնի մագիստրատուրայի 6-րդ կուրսի ուսանողուհի Աննա Գեւորգյանն էլ «Օրանժ Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչների մոտ հարցազրույց անցնելուց հետո «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Եթե ինքս փորձեի աշխատանք գտնել, գուցե այսքան տեղեր չկարողանայի այցելել: Բայց ֆորումի միջոցով ճանաչեցինք տարբեր կազմակերպությունների»: