Նախաբան
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը, մեկնելով Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին ներկա մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությունից եւ նպատակ ունենալով՝
– վերահաստատել եւ ամրապնդել երկրի ազգային- պետական ուղեգիծը,
– նոր որակ հաղորդել ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կառուցման գործին՝ ապահովելով երկրի թռիչքաձեւ զարգացումը,
– համախմբել հասարակությանը պետական եւ համազգային խնդիրների եւ դրանց իրականացման գաղափարների եւ ծրագրերի շուրջ,
– ծավալել հասարակության պահանջներից եւ ՀՅԴ գաղափարաքաղաքական ծրագրերից ու նպատակներից բխող հրապարակային գործունեություն եւ նախապատրաստվելով առաջիկա համապետական ընտրություններին՝
ներկայացնում է ներկա փուլում կուսակցության քաղաքական օրակարգի գլխավոր ուղենիշներն ու առաջնահերթությունները երեք հիմնական մակարդակներում՝ ազգային հիմնախնդիրներ, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ եւ հասարակական-քաղաքական հիմնախնդիրներ։
Ազգային հիմնախնդիրներ
Ազգային հիմնախնդիրները, ունենալով համահա յկական տարողություն եւ նշանակություն, ձեւավորում են Հայաստանի եւ հայության միասնական օրակարգը։ Այդ հիմնախնդիրների լուծման բնույթով է պայմանավորված մեր ինքնության պահպանումը, անկախ պետականության ամրապնդումը եւ սերունդների ապագան։
Հայության համար պատասխանատու եւ շրջադարձային ներկա պատմական փուլում առանձնահատուկ կարեւորություն ունեն հետեւյալ համազգային նշանակության խնդիրները եւ դրանց լուծման ռազմավարական սկզբունքները:
Ա. Արցախյան հիմնախնդիր
Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորելու հայեցակարգը պետք է հենվի հետեւյալ սկզբունքների վրա:
1. Հայկական կողմերի (Հայաստան – Արցախ) փոխզիջումը չի կարող նահանջ արձանագրել Արցախի ժողովրդի՝ 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտած կամքից եւ պետք է լինի համարժեք եւ համաչափ, Ադրբեջանի միաժամանակյա զիջումներին։
2. Արցախը՝ լինելով հակամարտության հիմնական եւ ինքնուրույն կողմ, պետք է ճանաչվի եւ հանդիսանա որպես իրավահավասար բանակցային կողմ, իսկ Հայաստանը պետք է ճանաչվի եւ հանդիսանա ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավորը։
Անհրաժեշտ է Հայաստանի եւ Արցախի միջեւ կնքել համաձայնագիր՝ ռազմավարական դաշինք ձեւավորելու մասին եւ խնդիր հարուցել Ադրբեջանի հետ ուժի կիրառումը բացառող եռակողմ պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։
3. Արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրել եւ հետապնդել ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը եւ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել Արցախի կարգավիճակի եւ անվտանգության խնդիրների լուծման առաջնայնությունը ապահովելու նպատակադրումով։
Բ. Հայ-թուրքական հարաբերություններ
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար նախադրյալներ կարող են ստեղծվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հատուցման պատրաստակամություն դրսեւորելու, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական միասնական հակահայկական քաղաքականությունը դադարեցնելու դեպքում։ Պատմական այս շրջափուլում առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելը չափազանց լուրջ եւ պատասխանատու քայլ էր եւ Հայաստանի կողմից միակ զիջումը պետք է հանդիսանա։
Հետագա կարգավորումը պետք է իրականացվի ազգային անվտանգության ռազմավարությունը չխափանելու, մեր ժողովրդի լինելիությունն ու նրա նպատակների իրականացման հեռանկարը չվտանգելու պատասխանատվությամբ։
Առ այդ՝
1. առանց նախապայմանների ցամաքային շրջափակման վերացումը եւ միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքներով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է ընդունվի որպես հարաբերությունները կարգավորելու բնական մեկնակետ։ Հակառակ պարագայում ՀՀ արտաքին գերատեսչությունից պահանջել պաշտոնապես արձանագրել երկու կողմերի միջեւ առկա հիմնախնդիրների լուծումը կանխորոշելու նպատակով Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրականացնելու եւ հարեւան երկու երկրների միջեւ հակամարտությունը խորացնելու փաստը։
2. ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է անհրաժեշտ դիմակայություն ապահովի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերին եւ առաջնորդվի հետեւյալ սկզբունքներով.
– Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները գնահատել որպես անօրինական եւ մեր ազգային արժանապատվությունը վիրավորող,
– բացառել հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առկա գործընթացների փոխկապակցումը՝ ինչը կհանգեցնի Հայ Դատի ամբողջական փաթեթի անթույլատրելի տրոհման,
– չկնքել որեւէ պայմանագիր, որով կարող է ուժը կորսված ճանաչվել կամ վերացվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի միջազգային իրավական նշանակությունը,
– մինչեւ բովանդակ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների վերականգնումը՝ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մասը պետք է կազմեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցերը,
– բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որեւէ գործողություն՝ այդպիսով ի չիք դարձնելով ուրացման թուրքական քաղաքականության փորձերը։
Գ. Ջավախք
Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրությունն ու հետագա զարգացումը մեծապես պայմանավորված են Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների` որպես այդ երկրի լիարժեք քաղաքացիների անվտանգության, քաղաքական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարգմամբ եւ ապահովմամբ։
Միեւնույն ժամանակ, լիովին արդարացված եւ օրինական է հայաբնակ Ջավախքի ձգտումը լիարժեքորեն իրացնել Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով եւ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքները՝ ընդհուպ մինչեւ ինքնավարության ձեռքբերումը։
Զուգահեռաբար, անհրաժեշտ է ընդլայնել ջավախահայության սոցիալ-տնտեսական, կրթական եւ մշակութային զարգացման ծրագրերը եւ ամրապնդել կապը Հայաստանի հետ։
Դ. Սփյուռք
Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը կազմում են բովանդակ հայության մեկ միասնական օրգանիզմը։ Այդ օրգանիզմի ներքին կարողականությունը բացահայտելու եւ դեպի համազգային նպատակներն ու իղձերն ուղղորդելու համար անհրաժեշտ է ինքնակազմակերպման եւ համակարգման նոր մակարդակ ապահովել եւ ունենալ ընդհանրական կամքի արտահայտման հստակ ձեւաչափ։
Հայության կազմակերպված միասնականությունն է այն ուժը, որով ընդունակ ենք դիմագրավել աշխարհի ուժային կենտրոնների եւ հարեւանների ճնշումներին, պահպանելու ազգային դիմագիծը եւ վերականգնելու ոտնահարված մեր իրավունքները։
Անհրաժեշտ է խրախուսել եւ բարենպաստ պայմաններ ստեղծել երկքաղաքացիության լիարժեք կիրառման, հայրենադարձության եւ Արցախի վերաբնակեցման ծրագրերի իրականացման համար։
Ե. Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման ընդհանուր չափորոշիչներն ու պահանջները
Պատերազմի վերսկսման սպառնալիքի եւ շրջափակման իրավիճակում գտնվող Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետությունը կախված է համազգային ձեռքբերումները, նպատակներն ու շահերը չզիջելու եւ չվտանգելու, երկրի անվտանգության ու զարգացման համար պայմաններ ապահովելու կարողությունից։
Առաջնահերթ է հայության անվտանգության եւ լինելիության, ՀՀ պետական անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման խնդիրների գերակայության վրա խարսխված արտաքին քաղաքականության դոկտրինի մշակումը եւ գործադրումը, միջազգային ասպարեզում հայության համազգային ներուժին համապատասխան երկրի հեղինակության եւ ազդեցության ապահովումը։
Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ
Ազգային հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ներազգային համերաշխության եւ միասնության հիմքը սոցիալական արդարությունն ու ազատությունն են։
Գլխավոր նպատակն է՝ սոցիալ-տնտեսական համակարգը հիմնելով ժողովրդավարական եւ իրավական պետության հիմնարար սկզբունքների վրա, վերականգնելով պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը՝ բարիքների ստեղծման ազատության եւ դրանց բաշխման արդարության ապահովման գործում, կառուցել սոցիալական պետություն։ Ըստ այդմ հավասար հնարավորությունների հասարակության եւ սոցիալական պետության կերտման գործում կուսակցության հիմնական թիրախներն ու առաջնահերթությունները լինելու են՝
1. Միջազգային փաստաթղթերին համապատասխան պետության սոցիալական պարտավորությունների ստանձնումը եւ գործադրումը։ Մասնավորապես՝
– չքավորության վերացում եւ կենսապահովման նվազագույն բյուջեին համապատասխան աղքատության շեմի ամրագրման հիման վրա սոցիալական քաղաքականության իրականացում,
– սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորում,
– երեխաների ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված խրախուսման ամբողջական համակարգի ներդրում, բազմազավակ ընտանիքների պետական աջակցության, ժողովրդագրական երիտասարդացում ապահովող եւ ներգաղթը խրախուսող ազգային ծրագրի մշակում եւ գործադրում,
– առողջապահական համակարգի արմատական բարեփոխում՝ բժշկական ծառայությունների հավասար եւ համընդհանուր հասանելիության ապահովում,
– ազգային եւ համամարդկային արժեքների վրա հենված, միջազգային չափանիշներին բավարարող կրթության երաշխավորում եւ մատչելության ապահովում,
– պետության կողմից նախադպրոցական եւ հանրակրթական հաստատություններում արդյունավետ եւ անվճար կրթության երաշխավորում,
– աշխատանքային ու ինքնադրսեւորման հնարավորությունների ապահովմանն ուղղված կրթություն- գիտություն- արտադրություն շղթայի իրագործում,
– հոգեւոր եւ մշակութային անվտանգության գործուն համակարգի ձեւավորում,
– մշակութային եւ մարզական կրթական հաստատություններում անվճար կրթության ապահովում նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների համար,
– աշխատանքի իրավունքի ամբողջական իրացում եւ նույնանման աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն,
– աշխատանքի ժամային նվազագույն դրույքաչափի համապատասխանեցում երկրում միջին աշխատավարձի ժամային դրույքաչափի առնվազն կեսին,
– ԵՄ երկրների միջին ցուցանիշներին համապատասխան զբաղվածության ապահովում` համապատասխան մակարդակ եւ որակավորում ունեցող աշխատաշուկայի ձեւավորում։
2. Հաստատել տնտեսական անվտանգության, հայրենական արտադրության ընդլայնման, արտահանման խրախուսման եւ ազատ մրցակցային հարաբերությունների վրա խարսխված տնտեսական կարգ։ Ըստ այդմ, պետության՝ որպես մրցակցային տնտեսական կարգի հաստատման գլխավոր դերակատարի, առաջնահերթ խնդիրներն են՝
– տնտեսական մենաշնորհների վերացում եւ հակամենաշնորհային գործուն քաղաքականության իրականացում՝ ուղղված տնտեսական իշխանությամբ օժտված խմբավորումների կազմացրմանը,
– արտահանման խրախուսման ռազմավարության մշակում եւ պարենային ինքնաբավության առավելագույն մակարդակի ապահովում,
– կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ արտադրական ժողովրդավարության համակարգի ձեւավորում,
– սեփականության իրավունքի պաշտպանության ամուր համակարգի ձեւավորում,
– երկրի բնական ռեսուրսների անխնա շահագործումը բացառող, հասարակության եւ ապագա սերունդների բնականոն կենսապայմանները երաշխավորող բնապահպանական քաղաքականության իրագործում:
Հասարակական-քաղաքական հիմնախնդիրներ
Ժողովրդավարության կառուցման գործընթացը տեղապտույտից դուրս բերելու, պետության եւ իշխանության նույնացումը բացառելու համար առաջնահերթ խնդիր է երկրում պլուտոկրատիայի հիմքերի վերացումը եւ ժողովրդավարական կայունության հաստատման նպատակով անհրաժեշտ համակարգային, սահմանադրական, օրենսդրական բարեփոխումների եւ համապատասխան ժողովրդավարական հաստատությունների ու մեխանիզմների արդյունավետ գործունեության ապահովումը։ Այս աշխատանքների գլխավոր ուղղություններն ու խնդիրներն են:
Ա. Համակարգային եւ
սահմանադրա-օրենսդրական բարեփոխումներ
1. Վերահսկման, հակակշռման եւ զսպման ժամանակակից եւ թափանցիկ մեխանիզմներով օժտված խորհրդարանական կառավարման համակարգի ամրագրում:
2. ԱԺ պատգամավորների թվի կրճատում, անձեռնմխելիության սահմանափակում:
3. Պատգամավորների կաշկանդում հրամայական մանդատով եւ դրանից բխող նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգի սահմանում:
4. Հասարակության վստահությունը վերականգնելու նպատակով դատական համակարգի լիարժեք անկախացում եւ արմատական վերափոխում։ Մասնավորապես, դատավորների առաջադրման, նշանակման եւ ազատման, արդարադատության խորհրդի ձեւավորման, լիազորությունների եւ գործունեության միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող կարգերի սահմանում:
5. Քաղաքական եւ տնտեսական գործառույթների զուգակցումը բացառող, անձի չվարկաբեկվածության, անհրաժեշտ ունակության ու փորձառության հատկանիշների գերակայությունը երաշխավորող եւ հանրային ծառայողների բնականոն առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականության իրականացում։
Բ. Ժողովրդավարացման
համար բարենպաստ
միջավայրի ձեւավորում
1. Եվրաինտեգրման հետ կապված ժողովրդավարացման գործընթացների խորացում եւ դրանց անշրջելիությունն ապահովող երաշխիքների ամրապնդում:
2. Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական լայն ճակատ ձեւավորելու նպատակով հիմնել ինքնուրույն եւ թափանցիկ գործող հակակոռուպցիոն գործակալություն:
3. Հասարակական վերահսկողություն եւ միջամտություն ապահովելու արդյունավետ գործիքներով օժտված քաղաքացիական հասարակության կայացում:
4. Խոսքի ազատության եւ բազմակարծության լիարժեք երաշխիքների ապահովում։ Մասնավորապես՝ ՀՌԱՀ եւ Հանրային հեռուստատեսության խորհուրդների ձեւավորման ժամանակ քաղաքական հավասարակշռությունն ու գործունեության թափանցիկությունը ապահովող կարգի սահմանում:
5. Հասարակական կարգուկանոնի հաստատում, անպատժելիության եւ հոռի բարքերի բացառում:
6. Ազգային հիմնախնդիրների լուծմանը հետամուտ որակապես նոր տնտեսական, քաղաքական, հոգեւոր մշակութային էլիտայի ձեւավորում։
Գ. Ընդդիմության գործուն դերակատարությունն ապահովող իշխանություն- ընդդիմություն միասնական քաղաքական
համակարգի ձեւավորում
Մասնավորապես՝
1. Ընդդիմության իրավունքների եւ հակակշռման հնարավորությունների օրենսդրական ամրագրում:
2. Հակակոռուպցիոն գործակալության ձեւավորում եւ նրա ղեկավարման վերապահումը ընդդիմությանը:
3. Վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմության քվոտայի ամրագրում:
4. Հակամենաշնորհային քաղաքականությունն իրականացնող մարմնի ղեկավարի պաշտոնի վերապահումը ընդդիմությանը:
5. Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնի վերապահում ընդդիմությանը։
Դ. Ընտրական նոր
համակարգի ձեւավորում
1. 100% համամասնական ընտրակարգի սահմանում:
2. Ընտրական հանձնաժողովների անաչառությունն ապահովող եւ պատասխանատվությունը հստակ հասցեավորող անկախ եւ ինքնուրույն գործող ընտրական նոր կառույցի հիմնում։ Մասնավորապես՝ ԿԸՀ նախագահի նշանակումն ու ազատումը վերապահել ԱԺ-ին:
3. Ընտրություններին մասնակցությունը սահմանել որպես քաղաքացու պարտավորություն:
4. Ամրագրել քվեաթերթիկների կեղծումը, ապօրինի շրջանառությունը, կրկնական քվեարկությունը կանխող եւ քվեարկության մատյանների հասանելիությունն ապահովող գործուն մեխանիզմներ:
5. Համապատասխան մարմինների գործառույթների մեջ ընտրակաշառքի կանխարգելմանը եւ բացահայտմանն ուղղված հատուկ լիազորությունների եւ պատասխանատվության ամրագրում։