Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը սպառնում է, ոստիկանապետը՝ զգուշացնում

Հոկտեմբեր 24,2009 00:00

Վանաձորում այս տարվա անցած 9 ամիսներին արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված 31 հանցագործություն: Դրանց մի մասը ծանր հանցագործություններ են՝ գողություններ, դանակահարություններ, վիճակը խիստ անհանգստացնող է, ինչը, ըստ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, անհետեւողական աշխատանքի, դպրոցներում կարգապահական խնդիրներին պատշաճ ուշադրություն չդարձնելու, ոստիկանության համապատասխան բաժնի հետ չհամագործակցելու արդյունք է: Լոռու մարզպետարանից տեղեկացանք, որ այս հարցի առթիվ քննարկման ժամանակ մարզպետը մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի ներկայությամբ հայտարարել է. «Որոշ տնօրենների համար իրենց ղեկավարած դպրոցներն ասես հայրենական կալվածքներ լինեն. տեղեկություններ են հասնում ինձ, որ աշխատանքի են ընդունել իրենց երեխաներին, թոռներին, խնամիներին եւ հարազատներով են աշխատում: Ասես նրանցից բացի էլ ուրիշ արժանավոր մարդիկ չկան: Կյանքը ցույց է տվել, որ նման պայմաններում տուժում են կարգուկանոնը, ուսումնական գործընթացը: Ուսումնասիրություններ են կատարվելու եւ իրենց համար հարազատների բարենպաստ միջավայր ապահոված տնօրենները պատժվելու են»:

Համաձայնելով մարզպետի հետ, մարզի ոստիկանապետը հայտարարել է, որ իրենք մշտապես ուշադրության կենտրոնում են պահելու դպրոցական համակարգը, հաճախակի են դառնալու ոստիկանների այցելությունները, բացատրական աշխատանքները, դաստիարակչական, իրավական բնույթի դասախոսությունները՝ հանրակրթական դպրոցներում, քոլեջներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել