Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրեց սոցիալական-տնտեսական ոլորտում առկա հիմնախնդիրները, մասնավորապես՝ անդրադառնալով այդ ոլորտի իրավախախտումներին:
Պաշտպանը հայտնեց, որ իրենք զբաղվել են երթուղային տաքսիների վարորդների իրավունքների խնդրով: Պատկերն այստեղ տխուր է, քանի որ, ըստ պաշտպան Արմեն Հարությունյանի, վարորդներն աշխատում են 18 ժամ, առանց աշխատավարձի: Ընդհանուր առմամբ, նրանց չի վճարվել 144 մլն դրամ:
Ա.Հարությունյանի տեղեկացմամբ, 70 եւ ավելի ընկերություններում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ վարորդներն աշխատում են արտաժամյա, բացակայում է նրանց նկատմամբ բժշկական վերահսկողությունը, ընկերություններից միայն մեկի՝ 24 վարորդից 4-ն է ունեցել բժշկական փաստաթղթեր:
Երեկ խոսվեց բնապահպանական խնդիրների, քաղաքացիների անվտանգության երաշխիքների բացակայության մասին: Ամենաարտառոցը Կապանի օրինակն էր: Օդի թունավորման հետեւանքով այստեղ սատկում են անասունները եւ «երեխաների մաշկը պլոկվում»: