Լրահոս
Օրվա լրահոսը

Որ ժամանակին դիմեն՝ կփրկվեն

Հոկտեմբեր 24,2009 00:00

Մեր երկրում քաղցկեղով հիվանդները բժշկի են դիմում ծայրահեղ վիճակում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի արգանդի պարանոցի քաղցկեղ է ախտորոշվում աշխարհի 500 000 կանանց մոտ, որոնցից 5000-ն ամեն տարի մահանում է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գինեկոլոգիայի բաժնի վարիչ Մարինե Ոսկանյանը ներկայացրեց արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հնարավոր մեթոդները: Նրա խոսքերով, արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման ամենաէֆեկտիվ մեթոդը պապքսուկն է կամ արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը. «Դա անցավ մեթոդ է, որի շնորհիվ արգանդի պարանոցից ու խողովակից վերցվում են բջիջներ, դրանից ոչ մի տհաճ զգացողություն կամ հետեւանքներ չեն լինում, բայց հենց այդ պապքսուկի շնորհիվ է, որ կարող ենք հայտնաբերել քաղցկեղը դեռ վաղ փուլերում. քաղցկեղին միշտ նախորդում են նախաքաղցկեղային մի շարք հիվանդություններ»:

Ըստ տիկին Ոսկանյանի, եթե ցանկացած կին իր կյանքում գոնե մեկ անգամ հանձնի պապքսուկ՝ արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդների թիվը կնվազի մոտ 45%-ով: Քաղցկեղի այս տեսակը չունի հստակ ախտանիշ, ինչի հետեւանքով կանանց մեծ մասը առողջության կենտրոն է դիմում արդեն վատ վիճակում: Վերջին 8 տարվա տվյալներով, «Հայ-ամերկյան առողջության կենտրոնում» արձանագրվել է պապքսուկ հանձնող կանանց աճ: «2001-ից սկսած, մեր կենտրոնում պապքսուկ հանձնել են 10 364 կին, մեր տվյալներով Հայաստանում 2001-ից արգանդի պարանոցի քաղցկեղի նվազման միտում կա»,- ասաց Մ. Ոսկանյանը: Նրա խոսքերով, քաղցկեղի այս տեսակին նպաստում են վաղ սեռական հարաբերությունները, վաղ առաջին ծննդաբերությունը, բազմաթիվ սեռական զուգընկերները, ուշ դաշտանադադարը, հաճախակի արհեստական վիժումները եւ սեռական ճանապարհով անցնող վարակիչ հիվանդությունների հաճախակիությունը: Առողջության կենտրոնում հայտնաբերվել է արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդ 41 կին: «Կան նաեւ դրական արդյունքներ, մեր հետազոտած կանանցից 15 065-ի մոտ հայտնաբերել ենք նախաքաղցկեղային փուլը, այսինքն՝ հնարավորություն ունենք բուժելու եւ կանխելու քաղցկեղի առաջացումը»,- նշեց Մ. Ոսկանյանը՝ նկատելով, որ նախաքաղցկեղային փոփոխությունները հանդիպում են հիմնականում 27-38 տարեկան կանանց, իսկ քաղցկեղի դեպքերը՝ ավելի շատ 40-ն անց կանանց մոտ:

Նույն կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանի խոսքերով էլ, ոչ պակաս տարածում ունի նաեւ կրծքագեղձի քաղցկեղը. յուրաքանչյուր տարի աշխարհում հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 1 մլն նոր դեպք: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ առաջիկայում կգրանցվի կրծքագեղձի եւս 1 մլն 200 դեպք: Ա. Հակոբյանի տվյալներով՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը 2-3 անգամ շատ են հատկապես 55 տարեկանից հետո. «Տարիքի հետ զուգընթաց, կրծքագեղձի քաղցկեղ ավելի հաճախ է հանդիպում: Մեր կենտրոնի տվյալներով՝ մինչեւ 30 տարեկան կանանց կրծքագեղձի քաղցկեղի մոտ 50 դեպք ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել