Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ

Հոկտեմբեր 24,2009 00:00

Շտապ բուժօգնության բարեփոխումները ֆինանսական ճգնաժամի պատճառով «հօդս են ցնդել»

Տարիներ ի վեր Հայաստանի առողջապահության ոլորտում մատնանշվող բարեփոխումները շտապ բուժօգնություն ծառայության «կողքով են անցել»: Թեեւ նախորդ տարեվերջից ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում էր, թե արդեն այս տարվա կեսերին այս ծառայությունում արմատական բարեփոխումներ են սպասվում, սակայն տարին արդեն վերջանում է, իսկ արդյունքը դեռեւս տեսանելի չէ: Սա այն դեպքում, երբ ՀՀ կառավարության՝ խնայողությունների անցնելու եւ որոշ ծախսեր չորրորդ եռամսյակ տեղափոխելու որոշումից հետո առողջապահության եւ սոցիալական ոլորտների պատասխանատուներն ամեն հարմար առիթի հայտարարում էին, թե ճգնաժամի պայմաններում բնակչության համար կարեւոր նշանակության ծրագրերի հետաձգում չի նախատեսվում:

Հանրապետության մարզերում այսօր շահագործվող շտապօգնության մեքենաների պարկը, համապատասխան ֆինանսավորման բացակայության հետեւանքով, տարիներ շարունակ չի թարմացվել: Այս ծառայություններում անգամ շահագործվում են «Ռաֆ» մակնիշի մեքենաներ, որոնք հիվանդին անվնաս տեղ հասցնելու հավանականությունը նվազագույնի են հասցնում: Իսկ բարձրլեռնային համայնքների ազգաբնակչությանը շտապ բուժօգնությունը, որպես կանոն, հասանելի չէ: Մարզերի՝ ծանր վիճակում գտնվող հիվանդներին մայրաքաղաքի բուժհիմնարկներ տեղափոխում են կամ վերոնշյալ հնամաշ եւ համապատասխան բուժսարքավորումներ չունեցող մեքենաներով, կամ էլ, եթե հիվանդատերը վճարունակ է, մասնավոր բուժհիմնարկների անհետաձգելի բուժօգնության վճարովի մեքենաներով: Իսկ նման ծառայություն առաջին հերթին մատուցում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնը: Երբ սովորական քաղաքացի ներկայանալով՝ այս հիմնարկից փորձեցինք ճշտել, թե շտապ բուժօգնության դիմաց ինչքան են պահանջում, մեզ տեղեկացրին, որ մայրաքաղաքում կատարվող կանչի դեպքում վճարի չափը 10 հազար դրամ է: Իսկ մարզերի համար հատուկ գնացուցակ է սահմանված. որքան բնակավայրը հեռավոր է, այնքան վճարի չափը բարձրանում է: Օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաք մեկնելու եւ հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու համար հիվանդատերը պետք է պատրաստ լինի «Էրեբունու» շտապօգնությանը վճարել 140 հազար դրամ: Պարզ է, որ այս «էլիտար» ծառայությունը ոչ բոլոր մարզաբնակներին է հասանելի: Քիչ թե շատ բարվոք վիճակում գտնվող Երեւանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ն նույնպես ազգաբնակչության արդարացի դժգոհությունն է հարուցում, քանի որ շատ հաճախ «շտապ» բառին համահունչ չի գործում:

Այս առնչությամբ, առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը մեզ հետ զրույցում նախ խորհուրդ տվեց հարցին չանդրադառնալ՝ նշելով, որ թեման արդիական չէ: Այդուհանդերձ, Վ. Պողոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության այս տարվա միջոցառումների ծրագրով շտապօգնության ծառայության արդիականացումը գերակա խնդիրներից է: Հետեւաբար ճգնաժամի պատճառով հետաձգված բարեփոխումների լայնածավալ ծրագիրը, այնուամենայնիվ, ի կատար կածվի, սակայն հայտնի չէ, թե երբ: Առողջապահության նախարարությանն այս ընթացքում հաջողվել է միայն ուսումնասիրել առկա վիճակը եւ ծրագրի նախագիծ մշակել, որը քննարկման փուլում է: «Ծանր ու դժվար ծրագիր է սա, որոշակի խնդիրներով պայմանավորված՝ քննարկումները ձգձգվեցին, խնդիրներ առաջացան: Դրան զուգահեռ, Հայաստանում շտապօգնության ծառայությունը կանգ չի առել, իր գործունեությունը շարունակում է: Մենք փնտրում ենք ճիշտ ճանապարհը, որպեսզի ծրագիրը լավագույն արդյունք ապահովի»,- նշեց նա:

Առողջապահության նախարարի գլխավորությամբ ստեղծված է համապատասխան հանձնաժողով, որը պարբերաբար քննարկում է ծառայությունում առկա խնդիրները: Նախատեսվում է հրավիրել նաեւ միջազգային փորձագետ՝ ծրագրի փորձաքննություն անցկացնելու համար: Նախնական գնահատականով, ըստ ծրագրի, շուրջ 150 շտապօգնության տարբեր մեքենաներ պետք է ձեռք բերվեն: Պաշտոնյան վստահեցրեց, որ դրանք ապահովված կլինեն նորագույն բուժսարքավորումներով եւ կապի արդիական համակարգով: Ծառայության աշխատակիցները հատուկ դասընթացներ կանցնեն, կբարձրացվեն աշխատավարձերը: Ըստ Վ. Պողոսյանի՝ ծրագիրը կյանքի կոչելու համար, բացի պետբյուջեից, միջոցներ են ակնկալվում նաեւ միջազգային դոնոր կազմակերպություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել