Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկների բուժզննումը՝ ուշադրության կենտրոնում

Հոկտեմբեր 24,2009 00:00

ՀՀ գլխավոր դատախազության հոկտեմբերի 21-ի կոլեգիայի նիստում քննարկվել են 2009 թվականի գարնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում արձանագրված օրինախախտումների առթիվ ձեռնարկված դատախազական գործունեության արդյունքները: Դատախազության կոլեգիան զորակոչի խնդրին անդրադառնում է տարին երկու անգամ՝ ամփոփելով գարնանային եւ աշնանային զորակոչերի ընթացքում արձանագրված խախտումները եւ դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները: Ինչպես կոլեգիայի նիստում նշեց ՀՀ զինվորական դատախազ Ա. Խաչատուրյանը, 2008 թվականի աշնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում դատախազության ուսումնասիրությունների արդյունքներով ի հայտ եկած բացթողումներն ու հիմնախնդիրները դատախազության կոլեգիայում բարձրաձայնելուց հետո քննարկման առարկա են դարձել նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում՝ հիմք հանդիսանալով ոլորտը կարգավորող մի շարք ակտերի, այդ թվում ՀՀ օրենքներում կառավարության որոշումների փոփոխություններ կատարելու համար: Քննարկման արդյունքներով ՀՀ նախագահի կողմից տրվել է համապատասխան կարգադրություն: Արդյունքում՝ էապես նվազել են ինչպես խախտումների տեսակները, այնպես էլ դրանց թիվը: Այդուհանդերձ, դեռեւս չի հաջողվել լիովին հաղթահարել թերացումները եւ 2009թ. գարնանային զորակոչի ամփոփումը ցույց է տալիս, որ աշխատանքներում դեռեւս առկա են որոշ բացթողումներ, խախտումներ, որոնց գերակշիռ մասը կապված է բժշկական հանձնաժողովների աշխատանքների հետ: Զինվորական դատախազության կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ տարածքային զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները երբեմն, որպես պրակտիկ առողջ զինակոչիկների, հավաքակայան են ներկայացրել այնպիսի անձանց, որոնք միայն արտաքին զննման արդյունքներով վերադարձվել են: Օրինակ՝ զորակոչիկ Ք. Ցագանյանը պիտանի է ճանաչվել շարային ծառայության եւ ներկայացվել հավաքակայան, որտեղից վերադարձվել է՝ բուժհետազոտում անցնելու համար: Հետազոտման արդյունքում զորակոչիկի մոտ ախտորոշվել է «ողնաշարի կրծքագոտկային հատվածի Տ-աձեւ սկոլիոզ՝ 3-րդ աստիճանի (ծռման անկյունը 30 եւ 50 աստիճան), աջակողմյան կողային կուզով, ֆունկցիայի չափավոր խանգարմամբ»: Կամ զորակոչիկ Կ. Կարապետյանը ներկայացվել է հավաքակայան եւ միայն արտաքին զննումը բավարար է եղել արձանագրելու, որ վերջինս ունի միզասեռական համակարգի հիվանդություն: Նշված երկու զորակոչիկներն էլ ՀԿԲՀ-ի որոշմամբ ճանաչվել են ծառայությանը ոչ պիտանի: Զորակոչիկների արտաքին զննությունը թերի կատարելու հետ մեկտեղ, որոշ դեպքերում զինկոմիսարիատների բժիշկները պատշաճ չեն ուսումնասիրում բժշկական փաստաթղթերը, ինչի հետեւանքով հավաքակայան են ներկայացվում առողջական վիճակը պատշաճ չհետազոտված զորակոչիկներ: Օրինակ՝ Արաբկիրի տարածքային զորակոչային բժշկական հանձնաժողովը ուշադրություն չի դարձրել զորակոչիկ Ա. Մալխասյանի կողմից ներկայացված գանգատներին եւ դրանց վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերին: Ծնողի բողոքներից հետո միայն զորակոչիկը հետազոտման է ուղարկվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ հետազոտությունները լիարժեք եւ օբյեկտիվ չեն կատարվել, ինչի արդյունքում Ա. Մալխասյանը 26.06.09թ. զորակոչվել է զինվորական ծառայության, իսկ 04.07.09թ. նրա առողջական վիճակը զորամասում կտրուկ վատացել է եւ հաջորդ օրը նա հոսպիտալում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Ուսումնասիրությունների համաձայն՝ 2009թ. գարնանային զորակոչի ընթացքում զորակոչված 26 նորակոչիկներ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում առողջական վիճակի կապակցությամբ վաղաժամկետ զորացրվել են ՀՀ զինված ուժերից: Դրանցից 9-ի վերաբերյալ ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի փորձագետները հանգել են այն եզրակացության, որ նրանք սխալ են զորակոչվել: Օրինակ՝ զորակոչիկ Կ. Պողոսյանը զորակոչվելուց ընդամենը 6 օր անց հոսպիտալացվել է եւ 2,5 ամսից ավելի գտնվել հոսպիտալում: Արդյունքում՝ «ֆիզիկական թերզարգացում» ախտորոշմամբ վաղաժամկետ զորացրվել է պահեստազոր: Հոսպիտալում նորակոչիկի մոտ ախտորոշվել է եւս 3 հիվանդություն: Հատկանշական է, որ զորակոչից առաջ Կ. Պողոսյանը 170 սմ հասակի պարագայում ունեցել է ընդամենը 46 կգ քաշ եւ ակնհայտ է, որ նման վիճակում բժշկական հանձնաժողովը պետք է գոնե տարկետում տրամադրեր զորակոչիկին: Նշված 9 անձանց անձնական գործերն ուղարկվել են ՀՀ ՊՆ քննչական վարչություն՝ նյութեր նախապատրաստելու եւ ընթացք տալու համար: Դատախազության կոլեգիան արձանագրված խախտումների վրա հրավիրեց նիստին մասնակցող զինկոմիսարիատի եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչների ուշադրությունը՝ արձանագրելով, որ պարտադիր զինվորական ծառայությանը ոչ պիտանի անգամ 1 զորակոչիկի զորակոչումը բացասական է անդրադառնում ոչ միայն տվյալ զորակոչիկի, այլ նաեւ ընդհանրապես բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարեց յուրաքանչյուր նման դեպք դարձնել հատուկ քննության առարկա՝ ապահովելով հնարավորինս սեղմ ժամկետներում քննության բազմակողմանիությունն ու լրիվությունը եւ մեղավոր անձանց յուրաքանչյուրի գործողություններին տալ քրեաիրավական գնահատական՝ կարեւորելով այսօրինակ դեպքերով խիստ պատժողական քաղաքականությունը: Վերջին տարիների ընթացքում զինվորական դատախազությունը ՀՀ զինվորական կոմիսարի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ մինչեւ 1 տարի ժամկետով բուժման համար զորակոչից տարկետում ստացած զորակոչիկները, որպես կանոն, ռեալ բուժում չեն ստանում եւ տարկետման ժամկետը լրանալուց հետո նոր տարկետումներ են ստացել տարբեր ժամկետներով: Իրավիճակը շտկելու նպատակով ՀՀ զինկոմին 24.11.08թ. ուղարկված հաղորդման մեջ առաջարկվել էր մշակել եւ ներդնել գործուն մեխանիզմներ՝ բուժման գործընթացը վերահսկելու համար: Առաջարկը քննարկվել էր ՀՀ առողջապահության նախարարության հետ եւ պլանավորվել վերահսկումն իրականացնել մարզպետարանների առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների ուժերով: Առաջին արդյունքները դրական են: Այսպես՝ 2007թ. ընթացքում մինչեւ 1 տարի ժամկետով բուժման համար տարկետում ստացած 945 զորակոչիկներից 2008թ. գարնանային զորակոչի ժամանակ ծառայության են զորակոչվել 181-ը, ինչը կազմում է 19.1%: Իսկ 2008թ. ընթացքում տարկետում ստացած 1046 զորակոչիկներից 2009թ. գարնանային զորակոչի ժամանակ բանակ են ուղարկվել 287-ը, ինչը կազմում է 27.4%-ը: Այսինքն՝ նկատվել է 8,3 տոկոսի աճ: Գործող համակարգի արդյունավետությունը կարելի կլինի լիարժեք գնահատել՝ աշնան զորակոչի ընթացքում նախկինում տարկետում ստացածների զորակոչման ցուցանիշներից ելնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել