2008-09թթ. նկատվել է որոշակի աշխուժացում՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարում: Եթե հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար մինչեւ վերջին ժամանակներս՝ 2008 թվականը, մեկ քրեական գործի շրջանակներում դատապարտվել էր ընդամենը մեկ անձ, ապա 2008-09թթ. արդեն իսկ 6 քրեական գործով կայացվել են դատավճիռներ, եւս 4 գործով՝ 7 անձի վերաբերյալ դատաքննությունն ընթացքի մեջ է:
Նախաքննության փուլում է գտնվում 5 քրեական գործ, այդ թվում՝ 2006-09թթ. ընթացքում «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու միջոցով խաբեությամբ 555 մլն դրամ՝ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 3 քրեական գործով վարույթը կասեցվել է հանցագործությունը չբացահայտվելու հիմքով:
Դատաքննությունն ավարտված քրեական գործերով հօգուտ պետության բռնագրավվել է 47.869.000 դրամ, իսկ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նաեւ նախաքննության փուլում գտնվող գործերը, վերականգնվել է 74.677.000 դրամի եւ 25.200 եվրոյի վնաս:
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական հսկողության վիճակն ուսումնասիրել եւ ամփոփել է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վարչությունում, որի արդյունքները քննարկվել են նաեւ դատախազության կոլեգիայում:
ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան պատասխանատվություն է սահմանում այնպիսի դեպքերի համար, երբ կատարվում է «հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկում (եթե հայտնի է, որ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը…», այսինքն՝ հիմնական շեշտադրումն ուղղված է քրեորեն պատժելի արարքը կատարող անձի սուբյեկտիվ ընկալման վրա, ըստ որի՝ նա գիտակցել է, որ փոխարկվող կամ փոխանցվող գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում, իսկ նպատակը կայացել է գույքի հանցավոր ծագումը թաքցնելու կամ խեղաթյուրելու մեջ։
Այս հանցագործության վերաբերյալ առաջին դատավճիռը եղել է 2006թ. հուլիսի 31-ին, որով «Վահան Մադաթյան» ՍՊ ընկերության հիմնադիր եւ նախագահ Վահան Մադաթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրի 190 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել տուգանքի 400.000 դրամի չափով, միաժամանակ կիրառվել է «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 07.07.06թ. որոշումը եւ նա ազատվել է պատիժը կրելուց:
Փողերի լվացման համար Վահան Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նրան 2003թ. սեպտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի վառելափայտ եւ շինափայտ վաճառած Վահագնաձոր գյուղի բնակիչ Ջանիկ Արսենյանը մինչ այդ՝ 2003թ. օգոստոսի 20-ից սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում, «Եղեգնուտի» անտառպետությունում 48 տարբեր տեսակի ծառերն ապօրինի հատելու համար Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 04.02.2004թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրի 296 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 1 տարի ժամանակով ուղղիչ աշխատանքների, իսկ Վահան Մադաթյանը ապօրինի կարգով ձեռք բերած հումքից պատրաստած արտադրանքն արտահանել է ԱՄՆ։ Այսինքն, Վահան Մադաթյանին ՀՀ քրօրի 190-րդ հոդվածով մեղադրելու, ապա դատապարտելու համար նախորդող հանցագործության առնչությամբ առկա է եղել դատավճիռ։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2003-2004թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործեր ընդհանրապես չեն հարուցվել, փողերի լվացման համար մեղադրանքներ չեն առաջադրվել այլ հանցակազմերով հարուցված եւ նույն ժամանակահատվածում քննված այլ քրեական գործերով նույնպես։ 2005-2007թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդամենը 8 քրեական գործ, իսկ այլ հանցակազմերով հարուցված եւ նույն ժամանակահատվածում քննված 4 քրեական գործերի շրջանակներում փողերի լվացման համար մեղադրանքներ են առաջադրվել 4 անձանց։ Նշված 12 քրեական գործերից միայն մեկն է ունեցել դատական վախճան՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 21.04.05թ.՝ ՀՀ քրօրի 190-րդ հոդվածի 1-ին կետով հարուցված, վերը հիշատակված եզակի քրեական գործը։
2005-2008թթ. ժամանակահատվածում փողերի լվացման վերաբերյալ քննված քրեական գործերի սակավությունը եւ դատական պրակտիկայի եզակի օրինակը մեծամասամբ պայմանավորված է եղել նրանով, որ համաշխարհային իրավաբանական տեսությունում գիտնականների մի ստվար զանգվածի կարծիքով փողերի լվացման համար անձին քրեական պատասխանատվության կանչելիս անհրաժեշտ է նախորդող հանցագործության համար դատապարտող դատավճռի առկայություն։ Հիշյալ տեսակետի ազդեցության տակ են մասամբ գտնվել նաեւ ՀՀ-ում օրենքը կիրառող պրակտիկ աշխատողներն ու մեկնաբանող տեսաբանները, ինչն օբյեկտիվորեն պայմանավորված է եղել նաեւ որոշակի փորձի պակասությամբ։ ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետ Ա. Գոյունյանի դիտարկմամբ՝ մինչ 2008թ. ընկած ժամանակահատվածում դատական վախճանի չհասած հիշյալ քրեական գործերի հարուցումը, որոնք կամ կարճվել կամ կասեցվել են, հիմնականում պայմանավորված է եղել օրենքի հիշյալ սահմանափակող մեկնաբանությամբ, իսկ մասամբ էլ նրանով, որ քննությամբ չի հաջողվել պարզել խնդրո առարկա հանդիսացած կասկածելի գումարի կամ եկամուտների հանցավոր ծագումը։
«Մենք պարտավոր ենք առաջնորդվել Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (ՖԱԹՖ) 40+9 ստանդարտներով, որի առաջին հանձնարարականի 1.2.1 կետը սահմանում է, որ գույքի, հանցագործությունից ստացված եկամուտ հանդիսանալու հանգամանքի ապացուցման դեպքում, պարտադիր չէ, որ անձը դատապարտված լինի նախորդող հանցագործության համար»,- կարծում է Ա. Գոյունյանը։ Նրա տեղեկացմամբ՝ մեր դատական պրակտիկայում բեկում է մտցվել 2009թ. հունվարին. Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 23.01.2009թ. դատավճռով հիմնավորված համարեց Վոլոդյա Ղուկասյանին 190-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը եւ հանցավոր ճանապարհով ստացված 4.600.000 դրամը բռնագրավեց հօգուտ պետության: Անձը միաժամանակ դատապարտվեց եւ նախորդող, եւ հաջորդող հանցագործության համար։ Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ եւ չի բողոքարկվել։ Վոլոդյա Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ հանդիսանալով առեւտրային կազմակերպության փոխտնօրեն, լեգալացրել է շորթմամբ ստացած 10.000 ԱՄՆ դոլար առեւտրային կաշառքը, այն՝ մեկ այլ ընկերության դրամարկղ որպես փոխառություն մուտքագրելու միջոցով։
Այս դատավճռից հետո եղել է արդեն եւս 5-ը, որոնցից հիշատակման են արժանի միջազգային մասշտաբներով գործած կազմակերպված հանցավոր խմբի օտարերկրյա պետությունների 10 անձանց կողմից ՀՀ տարածքում բանկոմատային կեղծ քարտերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություններ իրականացրած անձանցից 2-ը, այդ թվում՝ փողերի լվացման համար դատապարտելու վերաբերյալ դատավճիռները։
Ակնհայտ է, որ այս հանցատեսակի բացահայտման ուղղությամբ աշխատանքներում վերջին երկու տարում նկատվում է դրական տեղաշարժ: Վարչությունն ըստ էության ստանձնել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված իրավապահ մարմինների՝ ԱԱԾ-ի, ոստիկանության եւ պետական եկամուտների կոմիտեի, ու մյուս կողմից ֆինանսական հետախուզության՝ ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջեւ գործողությունների կոորդինացումն ու համակարգումը։ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից կասկածելի ֆինանսական գործառույթների ի հայտ բերման պարագայում, տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին, ապա գործարքի օրինականությունն ստուգելու եւ իրավական գնահատական տալու համար նախապատրաստվում են նյութեր եւ ՀՀ քրօրի 190-րդ հոդվածի հատկանիշների առկայության պայմաններում լուծվում է քրեական գործի հարուցման հարցը։ Այս ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքները դրական է գնահատվել նաեւ Եվրոպայի խորհրդի Փողերի «լվացման» դեմ պայքարի միջոցառումները գնահատող փորձագետների հատուկ հանձնախմբի՝ ՄԱՆԻՎԱԼ-ի կողմից: