Տիգրան Ուրիխանյանը տարակուսում է, թե ինչո՞ւ իշխանական դաշտում գործող երկու ուժերը համաձայնության չեն գալիս:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով վերջերս արած այն հայտարարությունը, որ եթե ՄԻԱԿ-ը 10-րդ ընտրատարածքում թեկնածու առաջադրի, ապա ինքը կհամարի, որ դա պայմանավորված է իր դեմ գործելու ցանկությամբ, ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը պարզաբանեց. «Հակառակ դեպքում, ինձ համար որեւէ կերպ հասկանալի չէ, թե ինչպե՞ս քաղաքական դիրքորոշման միեւնույն հարթության մեջ գտնվող, վերջին բոլոր էական քաղաքական իրադարձությունների ժամանակ միեւնույն ճանապարհով ընթացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն կարողանում գալ համաձայնության՝ երկրի համար պատմական շրջանում առաջացնում են, մեղմ ասած, տարաձայնություններ՝ հրապարակային տհաճություններով լի հակամարտության հասնող: Ես չեմ ակնարկում, որ պետք էր քննարկել փոխադարձ շահեր, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված կոմպրոմիսներ, բարտերներ. խոսքն ընդամենը քաղաքական էթիկայի եւ պարզ ըմբռնելի տրամաբանության մասին է, որպեսզի չքայքայվի որոշակի բաներով պայմանավորված մի ընդհանուր թիմ: Զարմանալին այն է, որ իրենք, կարծես, տարբեր քաղաքական գաղափարախոսություններ կրող ու տարբեր ժամանակներում տարբեր կուսակցություններից տեղափոխված երիտասարդների են տեսնում պետական կառավարման համակարգում՝ սկսած նշանակովի պաշտոններից, վերջացրած ընտրովիներով: Պետք է պարտադիր քաղաքական դավանանք փոխե՞լ, որպեսզի ուշադրության արժանանալ: Ի՞նչ է, իրենք չե՞ն հանդուրժում այլ քաղաքական գաղափարախոսություն»: Ուրիխանյանը պնդում է, որ ՀԱԿ-ն իր կողմից կատարել է քայլ՝ ուղղված բանակցությունների գնալու պատրաստակամությունը ցուցադրելուն, սակայն ՄԻԱԿ-ից արձագանք չեն ստացել:
ՄԻԱԿ առաջնորդ Լեւոն Մարտիրոսյանն ի պատասխան «Առավոտի» խնդրանքի՝ արձագանքել իրենց ուղղված ինչպես նախկին, այնպես էլ ներկա մեղադրանքներին, ասաց, որ առայժմ ձեռնպահ կմնան որեւէ մեկնաբանությունից, քանի որ կուսակցությունում դեռ որոշում չկա թիվ 10 ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մասին:
Ի դեպ, նախորդ օրը Հայաստանի առաջադիմական կուսակցությունը դիմել է քաղաքապետարան՝ իրազեկելով, որ ամսի 26-ին Ազնավուրի հրապարակում նախատեսում են անցկացնել կուսակցության Կենտրոն համայնքի ակտիվիստների հավաք: Հենց այդ միջոցառման ժամանակ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կհայտարարի Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու կամ չառաջադրելու մասին: Թեեւ միջոցառմանն ընդամենը 1-2 օր է մնացել, բայց նա դեռեւս չի ցանկանում թեմայի շուրջ մեկնաբանություններ անել: Իսկ եթե քաղաքապետարանը մերժի՝ «Առավոտի» դիտարկմանը մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա կնշանակի, որ հերթական անգամ արհեստականորեն խոչընդոտում են մեր գործողություններին, այնպես, ինչպես որ բացարձակ հեռուստատեսային բլոկադայի են ենթարկված մեր եւ, մասնավորապես, իմ գործողությունները՝ լինեն դրանք կարեւոր նշանակության, թե ոչ այնքան, ձեռնտու այս կամ այն քաղաքական ընթացքին, պետական ռազմավարական շահերին, թե ոչ: Ենթադրում եմ, որ սա պայմանավորված է ինչ-որ ազդեցություն ունեցող մարդկանց անձնական նկատառումներով կամ էլ ինձ համար անըմբռնելի, անբնական երեւույթներով»: Ո՞ւմ է ակնարկում՝ հարցի պատասխանն էլ եղավ. «Բացարձակապես որեւէ մեկին չեմ ակնարկում, բայց, բնականաբար, ասածիս մեջ ընկնում են այն մարդիկ, ովքեր ազդեցություն ունեն հեռուստաեթերների վրա: Ենթադրում եմ, որ այդպիսիք կան»: