Բողոքել է Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունները դիտարկած ԵԽ կոնգրեսի պատվիրակության ղեկավար Նայջել Մերմագենը:
Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը իր հոկտեմբերի 15-ի նիստում քննարկել է Երեւանի ավագանու առաջին ընտրության վերաբերյալ զեկույցը եւ ընդունել բանաձեւ: Զեկույցը ներկայացրել է Նայջել Մերմագենը, որը գլխավորում էր ընտրությունից մի քանի օր առաջ՝ մայիսի 28-ին Երեւան ժամանած պատվիրակությունը:
ԵԽ կայքէջում տեղադրվել են ոչ միայն այդ փաստաթղթերը, այլեւ քննարկման տեսագրությունը: Ըստ այդմ՝ բուն քննարկումը տեւել է շուրջ կես ժամ, որի մեծ մասը խոսել է ինքը՝ Նայջել Մերմագենը, եղել են նաեւ 4 այլ ելույթներ:
Նայջել Մերմագենը ելույթում նշել է. որ դիտարկումն անցնում էր ծանր պայմաններում. «Մեզ վրա ճնշում կար երկու կողմից՝ ե՛ւ կառավարությունից, ե՛ւ ընդդիմությունից»: Խոսել է նաեւ այն մասին, թե ինչպես էր կարեւորվում իրենց առաքելությունը եւ որպես դրա ապացույց՝ հիշատակել է, որ իրենց ասուլիսի մասին գրվել է թերթերի առաջին էջերում. «Դա մեծ նորություն էր»:
Ընդհանուր առմամբ, ԵԽ կոնգրեսի առջեւ էլ Նայջել Մերմագենը կրկնել է. «Ակնհայտ էր, որ այդ ընտրությունները կատարյալ չէին որեւէ առումով»: Սակայն իրական առաջընթաց է համարել այն փաստը, որ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ Երեւանի բնակիչները հնարավորություն ստացան քվեարկել իրենց ավագանու եւ, որպես դրա հետեւանք՝ քաղաքապետի ընտրության օգտին:
Սեպտեմբերի 21-ին Կոնգրեսի բյուրոյին Մերմագենը ներկայացրել էր նաեւ իրենց պատվիրակության զեկույցը, որում դարձյալ ընդգծված է. «Պատվիրակությունը հանգեց եզրակացության, որ ընտրությունների կազմակերպական մակարդակն ընդհանուր առմամբ համապատասխանում էր եվրոպական չափանիշներին: Սակայն պատվիրակությունը հստակեցնում է, որ ժողովրդավարությունը չի կարող պայմանավորվել միայն կազմակերպական պատշաճ մակարդակով, այլ նաեւ ընտրական զարգացած պահվածքով ու ժողովրդավարական մշակույթով: Բացի այդ՝ պատվիրակությունն ափսոսանք է հայտնում այն ապօրինի գործողությունների առնչությամբ, որոնք խաթարեցին քվեարկության բնականոն ընթացքը»:
Մեջբերենք ընդունված բանաձեւից, որն, ըստ էության՝ ավագանու ընտրության վերջնական գնահատականն է: Բանաձեւի 6-րդ կետում Կոնգրեսը ափսոսանքով նշում է. «Հայաստանի լայն հանրությունը, թվում է, նախկինի պես խորապես թերահավատորեն է վերաբերվում ընտրական գործընթացին եւ դրա արդյունքներին, որի արմատները տարբեր գործոններ են՝ այնպիսիք, ինչպիսիք են Հայաստանում գործարար աշխարհի սերտաճումը քաղաքականությանը, կոռուպցիայի բարձր մակարդակը եւ ավտորիտար կառավարման ուժեղացման ընդհանուր միտումը: Սա հանգեցրել է համընդհանուր հիասթափության եւ անտարբերության ընտրության արդյունքների հանդեպ, որոնք դիտարկվում են իբրեւ կանխորոշված»:
Բանաձեւում նաեւ նշվում է. «Ընդհանուր առմամբ, քարոզարշավը առանձնանում էր քաղաքական ուժերի միջեւ մրցակցության բավարար պայմանների բացակայությամբ: Ընթացող ընտրարշավի տեսանելի նշանները քիչ էին կամ բացակայում էին (զեկուցողի բացատրական հուշագրում այս կապակցությամբ մանրամասնած է, որ հազիվ մի քանի պլակատ են տեսել.- Ա. Ի.), դժվարությամբ էին ճանաչելի ծրագրերի եւ թեկնածուների քաղաքականության միջեւ տարբերությունները, եւ բացակայում էին քաղաքի վերաբերյալ որոշակի ծրագրերը»:
ԶԼՄ-ների վերաբերյալ բանաձեւում արձանագրվում է, որ առաջվա պես դժվարություններ կային Հանրային հեռուստատեսությունում եթեր ստանալու կապակցությամբ, դրա սահմանափակ ու «շատ թանկ» եթերաժամանակի պատճառով: Եվ հերթական անգամ մտահոգությամբ արձանագրված է ընդհանրապես հեռուստաընկերություններում բազմակարծության պակասը:
Զեկուցողի բացատրական հուշագրում նշված է, որ դիտորդական իրենց 7 խմբերն այցելել են Երեւանի ավելի քան 120 ընտրական տեղամասեր եւ արձանագրել հետեւյալ ապօրինությունները՝ ընտրակաշառքը, բազմակի քվեարկությունները, լցոնումները, ընտրողներին միկրոավտոբուսներով քվեարկության բերելը, տեղամասերի առջեւ անհայտ անձանց կուտակումները եւ լարվածության առաջացումը: «Որոշ վստահված անձինք եւ դիտորդներ, որոնք ներկա էին ընտրատեղամասերում, չգիտեին, թե որ կուսակցությունը կամ կազմակերպությունն էին իրենք ներկայացնում»,- նշել է զեկուցողը: Հիշատակել է նաեւ լրագրողների նկատմամբ ոտնձգությունները, ընդդիմության դեմ հարուցված խոչընդոտները, ՀԱԿ-ի դիտորդների հանդեպ իրականացված բռնարարքները. «Քվեարկության օրը պատվիրակության անդամներն իրենք ականատես դարձան կուսակցությունների վստահված անձանց եւ դիտորդների նկատմամբ ահաբեկումների (անհայտ անձինք մտել էին ընտրատեղամաս եւ ուժով պարտադրում էին կուսակցության ներկայացուցչին լքել սենյակը): Բացի այդ՝ արձանագրվել են ընտրողներ, որոնք քվեարկում էին մի քանի անգամ կամ բաց հայտարարում էին, թե ում օգտին են քվեարկելու»: Դիտորդները նաեւ զեկույցում արձանագրել են տեղեկությունը, որ ՊՆ-ն հանձնարարել էր զինվորներին արձակուրդ տալ, որպեսզի կարողանան մասնակցել Երեւանում ընտրությանը:
Որպես մատնանշված խնդիրների լուծում՝ ԵԽ կոնգրեսն իր ընդունած բանաձեւով առաջարկում է, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկեն հետեւյալ քայլերը. «Շարունակեն բարեփոխումների գործընթացը, որը կհանգեցնի արդար, թափանցիկ եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների»: Այս կապակցությամբ առաջարկված է արդյունավետ միջոցներ կիրառել ընտրական զեղծարարությունները կանխելու համար. «Օրինակ՝ ընտրողների մատների թանաքոտումը»: Առաջարկվում է նաեւ ռազմավարություն մշակել՝ լրացուցիչ օրենսդրական նախաձեռնություններ, նաեւ տեղեկատվա-քարոզչական արշավներ, որոնք միտված կլինեն արդար ընտրություններին եւ քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարին: Կոնգրեսը նաեւ հայտարարել է իր պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանի իշխանություններին այս երաշխավորություններն իրականացնելու հարցում:
Ի դեպ, բացատրական հուշագրում զեկուցողը նշում է, թե պատվիրակության տպավորությունն է. «Հայաստանում ընտրական իրավիճակն արտացոլում է երկրում քիչ զարգացած ժողովրդավարական մշակույթը»: Սակայն չնայած թերություններին՝ նշում են, թե չեն փորձելու ընդհանրապես դատապարտել այս ընտրությունները. «Դա չի օգնի Հայաստանում այն ուժերին, որոնք ԵԽ կոնգրեսի հետ կողք կողքի պայքարել են տեղական ժողովրդավարությունն ամրապնդելու համար ԵԽ անդամ այս պետությունում, եւ սա հայ ժողովրդի շահերից չի բխում: Սա էր պատճառը, որ ընտրություններից հետո Կոնգրեսի պատվիրակության առաջին գնահատականը՝ 2009-ի հունիսի 1-ին, առանց շեղումների հավասարակշռված էր»:
Հոկտեմբերի 15-ի քննարկման ժամանակ էլ ԵԽ կոնգրեսի ռուս պատվիրակ Վյաչեսլավ Ռոգովն ասել է. «Առաքելությունը բավական ծանրութեթեւ է արել եւ զգույշ վերաբերվել եզրակացություններին, քանի որ սա աճող, երիտասարդ ժողովրդավարություն է, որը դեռ նոր է սովորում քայլել: Եվ ՀՀ մայրաքաղաքի՝ այդպիսի մեծ քաղաքի առաջին ընտրությունները, բնականաբար, չկարողացան խուսափել այն սխալներից ու տրամադրություններից, որոնք առկա են հասարակության մեջ»: Ըստ նրա՝ «Մենք չենք կարող մի ժամում փոխել սերնդի կայացած մենթալիտետը»: Եվ պրն Ռոգովն ասել է. «Եզրակացությունները պիտի լինեն այնպիսին, որ կխթանեն, այլ ոչ թե վերջակետ կդնեն գործընթացին, այլ իրոք՝ ճանապարհ ցույց կտան, թե ուր է պետք շարժվել»:
Փաստորեն, ԵԽ այս կառույցն էլ է առաջնորդվում բավական վիրավորական այն տրամաբանությամբ, թե Հայաստանի ընտրությունները պետք է գնահատվեն այլ սանդղակով: Եվ անկախ այս ընտրությունների որակից՝ նրանք տվել են քաղաքական գնահատական՝ ելնելով «հայ ժողովրդի շահերից»: