Երեկ իր ասուլիսում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել է, թե առաջիկա երկու շաբաթների ընթացքում վերջապես հրապարակվելու է վաղուց խոստացված հատուկ զեկույցը, որը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին: Հիշեցնենք, որ այդ զեկույցի առանցքը լինելու են «Մարտի 1»-ի դեպքերին առնչվող քրեական գործերով դատավարությունները, որոնք ժամանակին դիտարկվել էին նաեւ օմբուդսմենի գրասենյակի փորձագետների կողմից: Ա. Հարությունյանը նաեւ ասել է, թե այդ զեկույցն, ըստ ամենայնի, կհրապարակվի նախքան ԵԱՀԿ-ի կողմից նույն թեմային առնչվող զեկույցի հրապարակումը: Պաշտպանը նաեւ նշել է, որ բացարձակապես բավարարված չէ Հայաստանում արդար դատաքննության իրավունքի պաշտպանության վիճակով, ու Պաշտպանի գրասենյակի հետ չհամագործակցող մարմինների ցանկում առաջինը մատնանշել է դատախազությանը:
Ա. Հարությունյանն անդրադարձել է նաեւ «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությանը հետեւելու համար դատարանի շենքի մոտ հավաքված, ինչպես նաեւ ՀՀ կառավարության շենքի մոտ իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառման ու ակցիաները խոչընդոտելու փաստին: Նա ասել է, թե դրանց առնչությամբ ինքն արդեն նամակներ է պատրաստել համապատասխան ատյաններին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով: