Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲԱՐԵՓՈԽՎԻ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 24,2009 00:00

Եվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումները Հայաստանում կներառեն նաեւ ոստիկանության համակարգը. բարեփոխումների ծրագիրը կհաստատվի մինչեւ փետրվար, կիրականացվի 1,5 տարում: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը երեկ վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Խմբի ղեկավար է ընտրվել ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: «Ոստիկանության համակարգում բոլոր ուղղություններով խորքային բարեփոխումներ պետք է իրականացվեն՝ սկսած Հայաստանի օրենսդրության համապատասխանեցումից եվրոպական չափանիշներին, մինչեւ նոր համակարգերի ինստիտուցիոնալ բարեփոխումները, մասնավորապես՝ անձնագրային նոր համակարգի ներդրումը կենսաչափական տվյալների հիման վրա, թրաֆիքինգի, ապօրինի զենք-զինամթերքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խորացումը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Արթուր Օսիկյանի խոսքով՝ մեր հանրապետությունում պետք է ներդրվի նաեւ կրթական նոր համակարգ՝ ոստիկանության կադրերի՝ եվրոպական չափանիշներով ու մեթոդներով պատրաստման ու վերապատրաստման նպատակով: Բարեփոխումների արդյունքում կկատարելագործվի ոստիկանական կառույցը, քայլեր կձեռնարկվեն ոստիկանության եւ հասարակության միջեւ վստահության մթնոլորտի հետագա ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանության գործին հասարակության ներգրավման ուղղությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել